‘Խմբագրական. Հանգուցալուծմանը սպասելիս’

2503

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հաջորդած հանրային քննարկումները բուն թեման ինչ-որ տեղ մասնատեցին, առանձին ենթաթեմաների բաժանեցին եւ տարբեր ուղղություններով զարգացան: Դա բնական է եւ հիմնականում՝ ողջունելի. պետք է արձանագրենք, որ վաղուց մեզանում այս աստիճան ակտիվ չէր քննարկվել որեւէ քաղաքական իրավիճակ՝ ընտրական փուլերից դուրս: Նույնիսկ՝ եթե հաշվի առնենք, որ քննարկումների եւ արձագանքների զգալի մասը ցանկալի որակ չեն ապահովում, միեւնույն է, փաստը գովելի է: Ճիշտ կլիներ, սակայն, չկորցնելու համար զարգացումների հիմնական առանցքը՝ եւս մեկ անգամ ամփոփել այն քաղաքական իրավիճակը, որում հայտնվեցինք ամսի 10-ից հետո:

Պայքար հանուն ինչի՞

ա. Նախ՝ արժե մեկ անգամ եւս արձանագրել, թե ի՞նչ հիմնական հարց է այսօր դրված, ինչի՞ շուրջ է այսօր ընթանում պայքարը, ո՞րն է կարեւորը, ու ո՞րն է երկրորդականը:

Այսօրվա քաղաքական պայքարը իշխանություն-ընդդիմություն սովորական պայքար չէ: Թեեւ Հայաստանում այն երբեւէ չի էլ եղել «սովորական», քանի որ սովորականը ենթադրում է, որ քաղաքական մրցակցության սահմանադրական կանոններն իրապես գործում են, սակայն այսօրվա մասին կարող ենք ասել, որ իրավիճակը «սովորական» չէ՝ առավել, քան երբեւէ: Խնդիրն այն է, որ այսօր, թերեւս, վճռական սրությամբ դրված է մեր երկրում մեկ ուժի, մեկ նեղ խմբի, ի վերջո՝ մեկ անձի քաղաքական մենաշնորհի վերջնական հաստատման հարցը: Իրականացման դեպքում սա ոչ թե սովորական, այլ որակապես նոր իրավիճակ է լինելու մեր երկրի համար: Անշուշտ, քաղաքական մենաշնորհի հաստատման միտումը վաղուց է ձեւավորվել մեզանում, բայց խոսքը, տվյալ դեպքում, ոչ թե միտման, այսինքն՝ իքս կետի ուղղությամբ շարժման, այլ վերջնական հաստատման, այսինքն՝ իքս կետին հասնելու մասին է: Ցայսօր Հայաստանի իշխանական համակարգը, որքան էլ բռնապետական է եղել, այնուամենայնիվ, պարունակել է բազմակենտրոնության որոշակի տարրեր՝ իշխող կոալիցիա, քիչ թե շատ ազդեցիկ ընդդիմություն, մամուլի ազատության որոշակի նվազագույն աստիճան եւ այլն, որի հիմքում նաեւ տնտեսական ինչ-որ չափի բազմակենտրոնություն է եղել: Պատկերավոր ասած՝ թեեւ, ասենք, Գերմանիա չենք եղել, բայց ալիեւյան Ադրբեջան էլ չենք եղել: Քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի վերջնական հաստատմամբ հենց ադրբեջանական մոդելին կմոտենանք, որտեղ չկան քաղաքական եւ տնտեսական բազմակենտրոնության նույնիսկ ձեւական տարրեր: Այս իրավիճակը շատ է վերլուծվել, դրա համար այստեղ չեմ ուզում կրկնել բազմից հնչեցված թեզերն ու փաստարկները. նպատակս է միայն եւս մեկ անգամ արձանագրել, թե ինչի՛ շուրջ է այսօր պայքարը, եւ ո՞րն է դրա գինը: Սա քաղաքական իրավիճակի նյարդն է, բաբախող կետը, հիմնահարցը, որի համեմատ՝ երկրորդական է մնացած ամեն բան: Եվ, ի դեպ, այս վերլուծությունը երբեք չի հերքվել ո՛չ իշխանության, ո՛չ էլ, այսպես կոչված կամ էլ իրապես անկախ շրջանակների կողմից:

Կոշչեյի կյանքն ու մահը

բ. Քաղաքական մենաշնորհի հաստատման՝ Սերժ Սարգսյանի ռազմավարության առանցքային՝ իրավա-քաղաքական տարրն է այս պահին սահմանադրական փոփոխությունների ծրագիրը: Ամփոփելով այս թեմայի շուրջ եղած բազմաթիվ վերլուծությունները՝ կարող ենք, թերեւս, ընդհանրացնել, որ Հայաստանի պես երկրներում, ուր ռեսուրսների գերկենտոնացում կա շատ նեղ հասարակական խավի ձեռքերում, անցումը խորհրդարանական համակարգի՝ գրեթե օրինաչափորեն հանգեցնելու է միակուսակցական՝ սովետական տիպի համակարգի ձեւավորմանը, ինչը հետընթաց է նույնիսկ մեր այսօրվա իրավիճակի համեմատ: Սահմանադրական փոփոխությունների նպատակի հայտարարման փուլում՝ այս տարվա գարնանը, իշխող ուժն իր խոսնակի բերանով չէր էլ թաքցնում, թե իրենց նպատակը մեկ կուսակցության իշխանության հաստատումն է տասնամյակների կտրվածքով: Նույնը գրեթե չէր թաքցնում նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը: Սա ոչ այլ ինչ է, քան ուզուրպացիայի բացահայտ հայտ: Սահմանադրական փոփոխությունների հարցն այսօր Սերժ Սարգսյանի ամեն ինչն է, Կոշչեյ Բեսսմերտնու (ռուս հեքիաթների հերոս, բառացի՝ Կոշչեյ Անմահ) կյանքի գաղտնիքն է, աքիլեսյան գարշապարը, կյանքն ու մահը: Սրա դիմաց նա պատրաստ է զիջել ամեն ինչ, ներել ամեն ինչ:

Սահմանադրական փոփոխությունների հարցն այսօր հայտնվել է քաղաքական օրակարգի կենտրոնում՝ գրեթե նույնացվելով Սերժի իշխանության հարցին, ոչ միայն 2018-ից հետո, այլեւ՝ այս պահին: Հետեւաբար՝ սահմանադրականի նկատմամբ քաղաքական դիրքորոշման հարցը նաեւ լրջագույն քաղաքական չափորոշիչի է վերածվել: Որեւէ լուրջ քաղաքական ուժ այսօր չի կարող խուսափել այդ հարցի պատասխանից: Ընդ որում՝ խոսքը ոչ թե իմիջիայլոց ասված, կամ էլ իբր ոչ կարեւոր, երկրորդական հարցին անդրադառնալու ձեւի, այլ շեշտված, կենտրոնական տեղ գրավող գնահատականի մասին է: Ա՛յն քաղաքական խոսքը, դիրքորոշումը, որը չունի այդ շեշտվածությունը, առնվազն անլուրջ է եւ իրական զարգացումներից դուրս: Ընդ որում՝ երբ ասում ենք՝ դիրքորոշում, պարզ է, որ խնդիրը ոչ միայն խոսքն է, այլեւ կոնկրետ քաղաքական քայլերը: Իքս քաղաքական ուժը կամ գործիչը կարող է այսօր ամենասուր կերպով քննադատել Սերժ Սարգսյանին, թեկուզ՝ հայհոյել նրան, բայց եթե միաժամանակ ամբողջ սրությամբ չի դնում սահմանադրական փոփոխությունների խնդիրը, ապա դա կամ անլրջություն է, կամ գիտակցված կեղծիք:

Վճռական փուլն ու ուժերի դասավորությունը

գ. Ո՞րն է այս իրավիճակում միավորված ընդդիմության ծրագիրը, ու հատկապես որո՞նք են վերջին հանրահավաքի հիմնական ուղերձները: Թեմային մասամբ անդրադարձել եմ այստեղ, բայց որոշ դրույթներ արժե կրկնել: Հիմնական ուղերձը իշխանափոխության պահանջն է՝ իր մեղմ եւ կոշտ տարբերակներով: Մեղմ տարբերակը ենթադրում է իշխանության խաղաղ փոխանցում՝ սահմանադրական փոփոխություններից հրաժարում եւ արտահերթ ընտրությունների կազմակերպում: Սա կարող ենք համարել յուրահատուկ վերջնագիր, որի չկատարման դեպքում ընդդիմությունն անցնում է իշխանության նկատմամբ ավելի հզոր հրապարակային ճնշման՝ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով: Այս ուղերձը հնչեցվեց ե՛ւ հանրահավաքում, ե՛ւ դրան անմիջապես նախորդող կարեւոր քաղաքական հայտարարություններում՝ որպես հանրահավաքին մասնակից բոլո՛ր քաղաքական ուժերի ասելիք:

դ. Այսպիսով՝ քաղաքական իրավիճակը մտնում է վճռական փուլ: Մի կողմից, ինչպես տեսանք՝ իր առջեւ վճռական նպատակ է դրել Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական փոփոխություների ծրագրով, մյուս կողմից՝ վճռական նպատակներ է ձեւակերպել ընդդիմությունը՝ սահմանադրականի տապալում, արտահերթի պահանջ, իշխանափոխությունը՝ որպես օրակարգի հարց: Հասնելով այս կետին՝ երկու կողմերը մանեւրի, նահանջի շատ քիչ տեղ են թողել իրենց, ինչը, մեծ հավանականությամբ,  վկայում է իրավիճակի վերջնական հանգուցալուծման մոտ լինելու մասին:

ե. Քանի որ խոսեցինք վճռական, հանգուցալուծային փուլի մասին, ապա պետք է գոնե համառոտակի պատկերացնենք նաեւ ուժերի դասավորությունը «ճակատամարտից» առաջ: Փորձենք այդ պատկերը ներկայացնել, նախ, ստատիկ՝ այս պահին եղած, ապա դինամիկ՝ հնարավոր զարգացումների կտրվածքով:

Ստատիկ պատկերը հետեւյալն է: Քաղաքական առումով Սերժ Սարգսյանը մեկուսացման մեջ է, քանի որ նրան պաշտոնապես չի աջակցում որեւէ խորհրդարանական քաղաքական ուժ՝ բացի ՀՀԿ-ից, եւ սա, անշուշտ, լուրջ խնդիր է նրա համար: ԱԺ-ում Սերժի ունեցած մեծամասնությունը խնդրահարույց է եւ քանակով՝ ավելի փոքր, քան երբեւէ որեւէ ՀՀ նախագահ ունեցել է 1995-ից ի վեր: Իհարկե, բացի քաղաքական ուժերից, Սերժ Սարգսյանն ունի նաեւ ուժային կառույցների վերահսկողությունը, բայց դինամիկ պատկերում ուժայինների հարցը վերջնականապես պարզ չի կարելի համարել:

Ընդդիմությունն այսօր միավորում է խորհրդարանում ներկայացված 6 ուժերից երեքին, որոնք, միասին վերցված՝ պատկառելի ներկայություն ունեն ԱԺ-ում, ընդ որում՝ մնացած 3 խմբակցություններից էլ երկուսը՝ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, համենայն դեպս՝ ֆորմալ, չեն շտապում Սերժին բացահայտորեն աջակցել: Ընդդիմությունը վերջապես ձեռնարկեց նաեւ հրապարակային զանգվածային գործընթացներ, ընդ որում՝ հասկացնելով, որ եթե իր առաջ քաշած պահանջներն արագ չկատարվեն, ապա նա պատրաստվում է միայն խորացնել այդ գործընթացները՝ թե՛ քանակական, թե՛ որակական առումներով: Այդ իմաստով, ամսի 10-ի հանրահավաքն ինչ-որ տեղ ուժի նախնական ցուցադրում էր, բայց դեռ ոչ ամբողջ ուժը: Այսպիսով՝ ստատիկ իմաստով յուրահատուկ հավասարակշռություն է առաջացել իշխանության եւ ընդդիմության միջեւ: Բայց դա չենք կարող համարել կայուն հավասարակշռություն, քանի որ, ինչպես վերը նշեցինք, «կինոն» մտնել է վճռական փուլ, եւ կողմերը, մանեւրի նվազագույն տեղ ունենալով, չեն կարող շատ ձգել հանգուցալուծային, էնդշպիլային իրավիճակում ենթադրվող քայլերը՝ առանց շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ կորցնելու վտանգի:

Այստեղից էլ ուժային դասավորվածության ավելի հետաքրքիր՝ դինամիկ կողմը: Այստեղ շատ բան կախված է ընդդիմությունից: Եթե Սերժ Սարգսյանը դեռ իր համար տեսնում է խաղի շարունակության հնարավորություն եւ անտեսելով ընդդիմության պահանջները՝ չի գնում զիջումների վերը նշված սահմաններով, ապա ընդդիմությանը մնում է ծավալել հրապարակային զանգվածային ճնշումը՝ նույնպես վերը նշված սահմաններով:

Եվ այստեղ արդեն հիմնական հարցը մնում է այն, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի հարցի լուծման ուժային, նկատի ունենք՝ բիրտ ուժային տարբերակ: Կարծում եմ, որ այս հարցին ոչ ոք չի կարող երաշխավորված պատասխան տալ, բայց, թերեւս, ավելի ճիշտ են նրանք, որոնք համարում են, որ այսօրվա կոնկրետ իրավիճակում Սարգսյանի ուժային լուծման հնարավորությունները համեմատաբար նվազ են: Պատճառները մասամբ նկարագրեցինք վերը՝ հենց ուժային դասավորության ստատիկ պատկերն արդեն բավական է այս թեզը հավանական դարձնելու համար: Դինամիկ պատկերում հարցը կլուծվի՝ կախված ընդդիմության կողմից զանգվածային պայքարի ծավալման հաջողությունից: Ուժային գործողություններ իրականացնելու համար Սերժին անհրաժեշտ է ներիշխանական համաձայնության եւ ինքնավստահության բարձր աստիճան: Իսկ այդ գործոնն այսօր արդեն ակնհայտորեն այն չէ, ինչ եղել է, եւ կարող է է՛լ ավելի խնդրահարույց դառնալ ընդդիմության հետագա գործողությունների ծավալամանը զուգահեռ, իհարկե, եթե այդ գործողություններում պահպանվի այսօրվա միասնականությունը եւ գործողությունների ճիշտ ռիթմը:

Սերժի պատասխանը

զ. Վերջապես, հետաքրքիր է նկատել, որ իշխանության կողմից առ այսօր որեւէ, այսպես ասած՝ պաշտոնական պատասխան չի եղել ամսի 10-ին հնչեցված՝ ընդդիմության ուղերձներին: Իհարկե, անուղղակի պատասխաններ եղել են՝ հիմնականում տարբեր մանր քաղաքական խմբակների շուրթերով, բայց դա զուտ տեխնոլոգիական-քարոզչական հնարների ոլորտից է, ընթեռնելի եւ թափանցիկ՝ քաղաքական փոքրիշատե փորձ ունեցող ցանկացած մեկի համար, բայց քաղաքական եւ բովանդակային տեսակետից՝ զրոյական արժեք ունեցող եւ մանրամասն արձագանքի եւ վերլուծման անարժան: Եղել են նաեւ մի քանի «ձիժուրնի» արձագանքներ բուն իշխանամետ ճամբարից, բայց որեւէ լուրջ արձագանք այս պահին կարծես չկա: Սա կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանն առայժմ մտածում է պատասխան քայլերի մասին, եւ, համենայն դեպս, հասկանալով ուժի այսօրվա դասավորությունը եւ ուժային տարբերակի կիրառման խնդրահարույց լինելը, չի շտապում ճակատային գրոհի դիմել: Ամեն դեպքում՝ շատ բան պարզ կդառնա սահմանադրական փոփոխությունների սկիզբ տալ-չտալու խնդրից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի նոր սակագինը’
Հաջորդ հոդվածը‘Սերբիա-Ալբանիա հանդիպումն այդպես էլ չի ավարտվել. Բախումներ մարզադաշտում (լուսանկարներ, տեսանյութ)’