‘Խմբագրական. Հանրապետականների ճահճում գաղջահոտն ուժգնանում է ‘

2574

Մինչ Սերժիկ Սարգսյանը շրջագայում է Հարավային Ամերիկայում` աշխարհին ու հատկապես հայաստանցիներին անհայտ պատճառներով, այս նույն Հայաստանում` Հանրապետական կուսակցության շարքերում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչում:

Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության ոչ անհայտ անդամ Հովիկ Աբրահամյանի սկանդալային բացահայտումն այն մասին, որ հուլիսի 3-ին պետք է հանդիպեին Սերժիկ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, բայց այդ հանդիպումը չեղյալ է հայտարարվել (անգամ մանկամիտներին է հասկանալի, որ Ռուսաստանի նախագահին «շեֆերի շեֆ» ընկալող Սերժիկ Սարգսյանը նույնիսկ մղձավանջային երազում չէր համարձակվի հրաժարվել հանդիպումից, ինչը նշանակում է` Պուտինն է մեր ոչընտիրի քթի առաջ շրխկացրել դուռը), եւ մեկ էլ հաջորդ օրն այս նույն կուսակցության ո՛չ պակաս ոչ անհայտ անդամ, ավելին` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն շտապեց հերքել իր կուսակցի այս հայտարարությունը: «Հանդիպման օրը հստակ չի եղել նշանակված: Կարծում եմ` ամռան ընթացքում այդ հանդիպումն անպայման տեղի կունենա»,- ասել է նա` հավանաբար հուսալով, որ Հայաստանում դեռ հատուկենտ միամիտներ մնացել են, որոնք հավատում են հանրապետականների «հրատապ» հերքումներին:

Պարզից էլ պարզ է, որ Բաղդասարյանը փորձում է այս հերքմամբ Սերժիկ Սարգսյանին փրկել հերթական խայտառակությունից: Ինքն էլ է հասկանում, որ անհաջող փորձ է, բայց ի՞նչ կարող է անել. կասկածից վեր է, որ իր կուսակցության ղեկավար Սարգսյանն է հանձնարարել Հովիկ Աբրահամյանի բացբերանության հետեւանքները «սրբագրել», դե` ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ փորձել է սրբորեն կատարել կուսակցապետի հրահանգը: Իսկ թե ինչու է բացբերանություն արել Հովիկ Աբրահամյանը, ով կցանկանա` թող անմեղ վրիպում համարի, ով էլ ուզում է` թող մտածի, որ աղքատ Հայաստանում «միամիտ-միամիտ» ահռելի հարստություն կուտակած ՀՀ վարչապետը շատ էլ լավ հասկացել է, թե ինչ է ասում, ինչն էլ հուշում է, որ տարոնանժդեհահանրապետաուեսիմէլիինչական տարածքում Սերժիկ Սարգսյանի սիրած գաղջ մթնոլորտն է իշխում, եւ այստեղ «թռիչքային» տրամադրություններ են հասունանում:

«Միամիտ» Հովիկ Աբրահամյանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուշացման մասին էլ է շատ անկեղծ խոստովանություն արել: «Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որեւէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք»,- ասել է ի պաշտոնե Հայաստանի երրորդ դեմքը: Վահրամ Բաղդասարյանը սա էլ է փորձել հերքել եւ կրկին` անհաջող: «Այո, մենք ունեինք տեխնիկական հարցեր, եւ այդ խնդիրը մեր ժամկետներում չեն տեղավորվել: Հիմա դրանք վերացվել են, եւ նախնական պայմանագիրն արդեն իսկ պատրաստված է, որն ուղարկվել է Եվրասիական միության անդամ երեք երկրներին, որոնք իրենց կարծիքները հայտնելուց հետո այդ գործընթացը կշարունակվի: Բայց ես, որպես ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար, կարող եմ հայտարարել, որ որեւէ նախապայմաններ մենք չենք ընդունելու, հավասարը հավասարի ձեւով մենք անդամակցելու ենք ԵՏՄ-ին, եւ խանգարող հանգամանքներ չկան»: Դժվար է այս գրեթե գալուստսահակյանական բառակույտից որոշակի բան հասկանալ, բայց մի բան, այնուամենայնիվ, պարզորոշ է` Վահրամ Բաղդասարյանն ուզում է ասել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուշացման պատճառներն ամենեւին էլ անհայտ չեն, եւ թող սրանից հետո Հովիկ Աբրահամյանը խոսելուց առաջ մի քիչ մտածի` հետո խոսի:

Կարծես` ամեն ինչ ասված է: Մնաց` հասարակությունը հավատա, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին հայտնի են ուշացման պատճառները, իսկ ահա Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին` անհայտ են:

Եթե սրան էլ գումարենք, որ այս նույն օրերին ԱՄՆ դեսպանը շատ հոդաբաշխ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ տխրահռչակ կուտակայինի «քավորը» հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, եւ որ իրավական պետություն ԱՄՆ-ն պարզապես երջանիկ է, որ օֆշորի Տիկոն է Հայաստանը ներկայացնելու իրենց օրինապաշտ երկրում, ապա այսքանից հետո արժե՞ տարակուսել ու հարց տալ, թե այս գաղջ իրավիճակում Սերժիկ Սարգսյանը մեկնել է Հարավային Ամերիկա, որ ի՞նչ անի:

Բա ու՞ր գնար:   

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Անկարան Հայաստանի հետ սահմանի բացումը կրկին պայմանավորում է ղարաբաղյան խնդրով’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն գոյություն չունի’