‘Խմբագրական. Հանրապետական կուսակցության ապագա ջարդը’

2880

Հանրապետական կուսակցության դերը Հայաստանի կյանքում կտրուկ նվազելու է, եթե չասենք՝ նույնիսկ վերանալու է, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի անցկացնել սահմանադրական փոփոխությունների իր ծրագիրը: Այս պնդումն, անշուշտ, տարօրինակ և հակասական է թվալու շատերին, բայց եթե մի փոքր ավելի խորքով փորձենք հասկանալ երևույթները, ապա հակասությունը լուծելի է:

Բազմիցս խոսվել է այն մասին, որ Սերժ Սարգսյանը միակուսակցական համակարգի վերջնական հաստատման հայտ է ներկայացրել, և որ միակուսակցական համակարգի ստեղծումը նրա քաղաքական ռազմավարության էությունն է, իսկ սահմանադրական փոփոխություններն՝ ընդամենը այդ ծրագրի արտաքին քողը: Կարիք չկա հիշեցնելու նաև այն մասին, թե ինչպես ՀՀԿ խոսնակ Շարմազանովը, մեկնաբանելով Սարգսյանի խոսքերը, հայտարարեց, թե այսուհետ դեպի իշխանություն տանող բոլոր ճանապարհները անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով, ուր գտնվում է ՀՀԿ գրասենյակը: Ավելորդ է հիշեցնել նաև, որ այս տարվա գարնանը վերջնականապես դադարեց գոյություն ունենալ կառավարման կոալիցիոն մոդելը, որը մոտ մեկ տասնամյակ գերիշխող էր Հայաստանում, բայց որն արդեն տևական ժամանակ էր, ինչ վերածվել էր ձևականության, իսկ այժմ վերացավ նաև փաստացի: Վերջին հանգամանքը հավելյալ շեշտում է այն փաստը, որ մեր երկրի քաղաքական կյանքի հետագա զարգացման միտումներից մեկն է միակուսակցական համակարգի վերջնական հաստատումը, որն, անշուշտ մարտահրավեր է մեր հասարակության և երկրի ապագայի համար՝ մարտահրավեր, որին պետք է դիմակայել: Այս ամենն այսպես է, բայց ի՞նչ է միակուսակցական համակարգը:

Ոչ թե իշխող ուժ, այլ ուժ, որի անունից իշխում են. ՍՄԿԿ դառը փորձը

Բոլորս էլ դրա փորձն ունենք՝ որպես ԽՍՀՄ նախկին քաղաքացիներ: ԽՍՀՄ-ն, իհարկե, միակ երկիրը չէր այդպիսի համակարգով, բայց նրա փորձը մեզ առավել մոտիկ ու հասկանալի է (թեև շատ անգամ այն, ինչ թվում է չափից ավելի ծանոթ, իրականում առավել անծանոթն է), մյուս կողմից էլ՝ «սովետում» միակուսակցական համակարգը, կարելի է ասել, հասավ իր կատարյալ, դասական մարմնավորման: Ուրեմն՝ տեսնենք, թե ի՞նչ է ասում սովետական փորձն այդ առումով, որպեսզի այդ փորձի վերլուծմամբ, ապա և՝ մի քանի տեսական դրույթների համադրմամբ, կարողանանք կանխատեսել մեր հնարավոր ապագան Սերժի ռազմավարական ծրագրի իրականացման դեպքում:

ՍՍՀՄ-ում, ինչպես և բազում այլ միակուսակցական համակարգերում, իշխող կուսակցությունը սոսկ անվամբ էր իշխող: Իհարկե, երկրում որևէ կարևոր պաշտոն զբաղեցնելու համար պետք էր լինել ՍՄԿԿ անդամ և այլն, բայց իշխանություն ունենալ՝ չի նշանակում միայն պաշտոններ ունենալ: Իշխանություն ունենալը նշանակում է որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալ, մասնակից լինել որոշումների քննարկմանը: Իսկ ՍՄԿԿ-ն, որպես կուսակցություն, նման հնարավորությունից զուրկ էր: Կուսակցական համագումարները, որոնք, ձևական տեսակետից՝ կուսակցության գերագույն օրգաններն էին, որոշակի պահից՝ զուտ ձևական միջացառումներ էին՝ կոչված ավտոմատ կերպով հաստատելու նախապես ընդունված որոշումները: Նույնքան ձևական դեր, մեծ հաշվով, ունեին և կուսակցական մյուս օրգանները՝ ԿԿ-ն և այլն: Իհարկե, դրանք կարող էին որոշ դեպքերում այս կամ այն հարցի շուրջ որոշում կայացնել, բայց մեծ հաշվով՝ դրանք տեխնիկական, վարչարարական, բայց ոչ քաղաքական, ռազմավարական հարցեր էին: Ժամանակ առ ժամանակ որոշումների ընդունման վրա ազդեցություն կարող էր ունենալ միայն Պոլիտբյուրոն՝ կուսակցության նեղ վերնախավը, բայց դա էլ՝ ոչ բոլոր փուլերում, և ոչ լիարժեք: ԽՍՀՄ քաղաքական, ինչպես նաև ՍՄԿԿ ներկուսակցական համակարգը ձգտում էր ու մեծամասմաբ՝ հասնում էր փաստացի միապետության, երբ որոշումներն ընդունում էր մեկ անձ, իսկ միապետությունն, իհարկե, նույնը չէ, ինչ միակուսակցությունը: Ընդ որում՝ որոշում ընդունող միակ անձը ԽՍՀՄ-ում, ձևական տեսակետից, ո՛չ պետության, ո՛չ էլ կուսակցության ղեկավարը չէր (գլխավոր կամ առաջին քարտուղարը, իրավական տեսակետից, երբեք չի եղել կուսակցության ղեկավար. ձևական տեսակետից՝ ՍՄԿԿ ղեկավարումը կոլեգիալ էր համարվում): Այսինքն՝ սովետական համակարգը եզակի էր այն իմաստով, որ այստեղ առկա էր երկակի ուզուրպացիա՝ համապետական իշխանության ուզուրպացիա՝ մեկ կուսակցության կողմից, և ներկուսակցական իշխանության ուզուրպացիա՝ մեկ անձի կողմից:

ՍՄԿԿ-ն, այսպիսով, նույնքան ձևական կառույց էր, որքան, ասենք, ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը կամ Արհմիությունները և այլն: Այդ բոլորին անդամակցելը հստակ արտոնություններ և առավելություններ էր տալիս, բայց իրական իշխանություն այդ կառույցները չունեին՝ ոչ մի էական քաղաքական հարց չէին որոշում, և դրանց իրավական ու փաստացի կարգավիճակներն իրարից տարբերվում էին 180 աստիճանով: ՍՄԿԿ ներսում վաղուց ի վեր բացառված էր որևէ ներքին բանավեճ, քննարկում, հայացքների տարբերություն և այլն: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը, որպես կենդանի հասարակական կառույց, փաստացի դադարել էր գոյություն ունենալուց և կատարում էր դեկորատիվ դեր: Ոչ թե կուսակցությունն էր իշխում անվանապես միակուսակցական համակարգում, այլ կուսակցության անունի՛ց էին իշխում, լավագույն դեպքում՝ մի փոքր խումբ անձինք, իսկ մեծամասամբ՝ մեկ անձ: ԽՍՀՄ-ում բռնապետության հաստատումը սկսվում և ավարտվում է հենց բոլշևիկյան կուսակցության փաստացի ջախջախումից՝ գործընթաց, որի ավարտը կարելի է համարել 1937-39 թթ., երբ կուսակցության վերնախավի ճնշող մեծամասնությունը ոչնչացվեց նաև ֆիզիկապես, և առաջին դերեր ստանձնեցին լրիվ նոր մարդիկ:

Կուսակցությունը չի կարող մեկը լինել

Հետևաբար՝ միակուսակցական համակարգը դեռ չի նշանակում ձևականորեն իշխող կուսակցության փաստացի իշխանություն, ավելին, նշանակում է հենց այդ միակ կուսակցության փաստացի վերացում: Այդպես է եղել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև միակուսակցական համակարգերի մեծ մասում: Դա, թերևս, պատահական չէ, որովհետև միակուսակցականությունն, ըստ էության, հակասություն է սահմանման մեջ: Կուսակցությունն այնպիսի հասարակական հաստատություն է, որը չի կարող մեկը լինել: Ստուգաբանորեն՝ կուսակցություն՝ նշանակում է կողմ, մաս, հատված (հայերեն՝ կոյս (կույս) արմատն է, որը չպետք է շփոթել համանուն կույս՝ աղջիկ արմատի հետ, և որից ունենք նաև՝ կուսակալ, անտարակույս և այլ բառեր, և լատիներեն՝ part արմատն է՝ նույն նշանակությամբ, որից էլ՝ partia): Իր քաղաքական իմաստով էլ կուսակցությունը հենց կողմ է, մաս՝ հասարակության մի՛ հատվածի շահերի ներկայացուցիչ: Կողմը չի կարող մեկը լինել, այլապես՝ դա այլևս չի լինի կողմ: Կուսակցությունը ենթադրում է մրցակացային քաղաքական համակարգ, որտեղ հասարակության տարբեր հատվածները ներկայացնում են ամեն մեկն ի՛ր կողմը: Հետևաբար, երբ հայտարարվում է կամ փաստացի ստեղծվում է միակուսակցական համակարգ, ապա միակ տրամաբանական ելքը կա՛մ մեկ կուսակցության տրոհումն է առնվազն երկուսի, կա՛մ էլ կուսակցության փաստացի վերացումը:

Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի մասին վատ երազներ

Այսպիսով, որքան էլ հակասական է թվում, հենց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՀՀԿ դերի բարձրացման մասին, Շարմազանովն էլ Սերժի խոսքը շաքարով կտրեց, Սերժն էլ մի հատ էլ ավելացրեց ՀՀԿ համագումարում, հենց այդ պահից էլ ՀՀԿ ճակատագիրը վերջնականապես որոշվեց: Իսկ ինչպիսի՞ն է լինելու այդ ճակատագիրը:

Նախ՝ արձանագրենք, որ ՀՀԿ-ն որոշ իմաստով տարբերվում է հետսովետական տարածքում գոյացած և իշխանությունը մենաշնորհած այլ իշխող ուժերից, որպիսիք են, ասենք, «Ենի Ադրբեջանը», «Եդինայա Ռոսիան» և այլն: Սովորաբար՝ այդ տիպի քաղաքական կառույցները չեն ունենում քաղաքական որևէ նախապատմություն, այլ ձևավորվում են վերևից եկած հրահանգով՝ ընդգրկելով պետական պաշտոնեական վերնախավը: Այսինքն՝ հենց սկզբից դրանք լինում են ապաքաղաքականացված, բյուրոկրատական կառույցներ՝ փոքրիկ «սմկկ»-ներ (ՍՄԿԿ-ի ստալինյան-բրեժնևյան կաղապարով), որոնց դերը որոշումներ ընդունելու գործընթացում ձևական է և դեկորատիվ: Դրանք ոչ թե բուն իմաստով կուսակցություններ կամ թեկուզ քաղաքական ակումբներ են, այլ պարզապես միահեծան բռնապետության համար դեմոկրատական քող, դեկոր ապահովելու միջոց են, ինչպես նաև՝ բյուրոկրատիան կազմակերպելու, նրան որոշակի արտոնություններ շնորհելու գործիք: Դրանց իշխող անվանելը զուտ պայմանականություն է, ձևականություն, որովհետև իրական իշխանություն այդ մարդիկ չունեն՝ նրանք սոսկ կատարողներ են, այլ ոչ թե որոշողներ:

Հանրապետականը, թեև տարիների ընթացքում ձգտել է այս «իդեալին», բայց տարբերվում է, նախևառաջ, իր պատմությամբ: Այն ստեղծված չէ վերևից, այլ ստեղծվել է որպես իրական քաղաքական նպատակներ հետապնդող գաղափարակիցների կառույց՝ նման Ղարաբաղյան շարժման դեմոկրատական ալիքի վրա գոյացած այլ քաղաքական կառույցների: Որպես լիարժեք կուսակցություններ՝ դրանք չկայացան, բայց կարող ենք կոչել դրանք քաղաքական ակումբներ: Հետագայում էլ, իշխող ուժի վերածվելով 1999-ին և իր մեջ մեծ թվով նոր անդամներ ներգրավելով ՝ Վազգեն Սարգսյանի թիմից, Հանրապետականն ունեցավ որոշակի քաղաքական պատմություն և թեկուզ սահմանափակ քաղաքական ինքնուրույնություն:

Սերժ Սարգսյանն էլ ժամանակին Հանրապետականը օգտագործեց  որպես քաղաքական ռեսուրս՝ «թագաժառանգի» կարգավիճակում հաստատվելու նպատակով, որը և հաջողվեց: Ճիշտ է, զուգահեռ՝ ՀՀԿ-ն ավելի ու ավելի վերածվեց բյուրոկրատական կառույցի՝ նմանվելով դասական հետսովետական «իշխող» ուժի: Բայց միևնույն է, հենց Հանրապետականի բավականին հագեցված քաղաքական անցյալը որոշակի արգելք է Սարգսյանի ռազմավարական ծրագրի վերջնական նպատակի՝ լիարժեք քաղաքական և տնտեսական մենաշնորհի հաստատման առումով: Ինչպես և ամեն ժամանակակից բռնապետի՝ նրան, իհարկե, պետք է մի որևէ կեղծ կուսակցական, կեղծ քաղաքական, ձևականորեն իշխող կառույց, բայց ՀՀԿ-ն դեռ վերջնականապես չի հասցվել այդ վիճակի: Խանգարում է քաղաքական պատմությունը, պատկերավոր ասած՝ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի նկարները, ինչ-որ տեղ՝ գուցե խանգարում են նժդեհյան գաղափարախոսության մնացորդները, թերևս՝ ինչ-որ պահից պետք է խանգարի ՀՀԿ ազդեցիկ անդամների տնտեսական համեմատական ինքնուրույնությունը և այն հանգամանքը, որ տնտեսական արտոնյալ կարգավիճակը նրանք Սերժից չեն ստացել: Այս հարցերը Սերժը պետք է մի օր լուծի: Ընդ որում՝ կարևոր է շեշտել, որ բացարձակապես էական չէ, թե որքանո՛վ է ինքը Սարգսյանն այս պահին գիտակցում այդ խնդիրը: Նա կարող է այսօր նույնիսկ չիմանալ դրա մասին, բայց քաղաքական զարգացումների առարկայական տրամաբանությունն ինքն է բերելու այդ հանգուցալուծման:

«Անկախ» մամուլն ընդդեմ ՀՀԿ-ի

Նշաններ կան, սակայն, որ Սերժը լավ էլ հասկանում և գիտակցում է: Նոր չի նկատված, որ Սերժ Սարգսյանի վերահսկղության տակ գտնվող «անկախ» մամուլը չի խնայում Հանրապետականին՝ բացարձակապես թշնամական հակաքարոզչություն տանելով դրա դեմ, հաճախ՝ ոչ պակաս ուժգնության, քան, ասենք, նույն ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի դեմ: Իհարկե, այդ նույն մամուլը ժամանակ առ ժամանակ Սերժին էլ կարող է քննադատել կամ վերացական «հայհոյանքներ» հասցնել իշխանությանն ընդհանրապես, բայց դրանք տարբեր բաներ են: Սերժը, որքան էլ քննադատվի, մնում է, ի վերջո՝ «անմեղ», «ձեռքերը կապած», «անբաշար» պերսոնաժի դերում այդ քարոզչության մեջ, իսկ ահա ՀՀԿ-ն «չարիքի առանցքի» բաղկացուցիչն է: Իհարկե, սա էլ կարող ենք բացատրել ներիշխանական մրցակցությամբ: Բայց կարծում եմ, սա պատասխանի մի մասը միայն կարող է լինել: Քաղաքական զարգացման հիմնական միտման տրամաբանության տեսակետից՝ ավելի հավանական է թվում այդ հակաքարոզչության ռազմավարական բնույթը՝ ուղղված ապագային: Իսկ ո՞րն է այդ հնարավոր ապագան:

Քաղաքական անապատում ՀՀԿ-ն կդառնա Սերժի միակ խոչընդոտը

Եթե, Սերժ Սարգսյանին հաջողվի լուծել իր քաղաքական ռազմավարական ծրագրի առաջին մասը՝ պառակտել ու չեզոքացնել ՀԱԿ-ԲՀԿ դաշինքն ու Քառյակը, և պարտադրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա երկրում կստեղծվի քաղաքական անապատ: Վատն է ներկայիս ընդդիմությունը, թե լավն է (իրականում՝ վատն է, ինչպես ցանկացած քաղաքական ուժ), բայց այս պահին չկա և չի էլ երևում որևէ այլընտրանքային բևեռ, որը կարողանա հակակշռեռ Սերժի իշխանությանը: Քաղաքացիական նախաձեռնություններից ոչ մեկն այդպես էլ չհասունացավ այն աստիճանի, որ կարողանա ձևավորել համահայաստանյան կառույց: Եվ դա հասկանալի է ու բնական, որովհետև չկան անհրաժեշտ ռեսուրսներ՝ նյութականից մինչև հոգեբանական և ինտելեկտուալ: Նույնիսկ մեկ ԶԼՄ չունեն այսօր իշխանությունից և Քառյակից դուրս գտնվող ուժերը: Առանձին անհատները նույնպես չեն կարողանալու այս հարցը լուծել գոնե կարճ ժամանակում, եթե նույնիսկ ուզենան էլ, բայց հարցն այն է, որ առանձնապես ցանկացող էլ չկա:

Քաղաքական անապատում մնալու են Սերժն ու ՀՀԿ-ն: Այս պայմաններում, որքան էլ զարմանալի է, բայց Սերժի միահեծան իշխանության վերջնական հաստատման ճանապարհին միակ խոչընդոտը մնալու է …. Հանրապետականը: Իհարկե, հանրապետականները չեն վերածվելու ընդդիմության: Ավելին, ինչպես սովետական էլիտան 30-ականներին, նրանք կաշվից ելնելու են՝ իրենց հավատարմությունը ապացուցելու համար: Բայց դա ոչ մեկին չի հուզում՝ հասարակագիտական օրինաչափությունները պարտադրում են իրենցը: Միակ խոչընդոտը պետք է վերանա: Թե ի՞նչ կոնկրետ դրսևորումներ կստանա «վերացումը»՝ դժվար է ասել. տարբերակները շատ են: Հանրապետականը կարող է արմատապես զտվել՝ օրինակ, հին Հանրապետականի հետ թեկուզ հեռավոր առնչություն ունեցող բոլոր անձինք և խմբերը կարող են վերածվել քավության նոխազների, ունեցվածք ունեցողները՝ կուլակաթափվել, և առաջ քաշվել լրիվ նոր մարդիկ, որոնք ամեն ինչով պարտական են անձամբ Սերժին: Այս դեպքում ձևականորեն ՀՀԿ անունը կմնա, բայց հին՝ քաղաքական անցյալի մասին հիշեցնող որևէ բան կոչնչացվի: Մի այլ տարբերակով՝ կարող է վերացվել նաև կուսակցությունը, և ստեղծվել նորը զրոյից: Կարող են լինել և այլ տարբերակներ, բայց դա արդեն երկրորդական խնդիր է, որը կանխատեսել հնարավոր չէ: Կարևորը միտումն է, որը հստակ է:

Բնական է, որ ՀՀԿ-ի դեմ ուղղված քայլերը կողջունվեն հասարակության կողմից, ինչպես սովետական շարքային քաղաքացիներից շատերն անկեղծորեն ողջունեցին կուսակցական վերնախավի դեմ ուղղված ստալինյան բռնաճնշումները: Պատճառը պարզ է՝ մարդիկ զզված են վերնախավից և կողջունեն կուլակաթափման և գլուխների անկման ցանկացած միջոցառում: Բայց դրանով ճանապարհ է հարթվելու ոչ թե դեպի ավելի դեմոկրատական և ազատ համակարգ, այլ դեպի վերջնական բռնապետություն:

Սերժ Սարգսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իսկ ո՞ր կողմից է ՀՀԿ-ն

Հարց կարող է առաջանալ՝ բա մե՞զ ինչ, ՀՀԿ-ի դարդն էլ պետք է մենք քաշե՞նք: Ո՛չ, իհարկե: Հարցը ո՛չ դարդն է, ո՛չ, առավել ևս՝ ՀՀԿ-ն, որն ինքն է ընտրել իր ճակատագիրը: Հարցը Հայաստանի ապագան է: Քաղաքականությունը միշտ էլ ընտրություն է վատի ու ավելի վատի միջև, որովհետև իդեալական իրավիճակներ այս կյանքում չեն լինում: Լավ կլինի՝ չհասնենք այն օրի, որ մեր ընտրությունը լինի ոչ թե պարզապես վատի ու ավելի վատի միջև, այլ վերածվի շա՛տ վատի և վատագույնի միջև ընտրության:

Բնական է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն այս ամենը կհամարեն ֆանտասմագորիա: Այդպես ավելի հեշտ է և հանգիստ: Բայց ավելի լավ է՝ ուսումնասիրեն պատմությունը և համոզվեն, որ Սերժ Սարգսյանի հաջողման դեպքում իրենք ապագա չունեն: Իսկ եթե պատմությունն էլ հիմք չէ, թող կարդան երիտթևի մամուլը և տեսնեն, թե ո՛ւմ է այն թիրախավորում, և մտածեն, թե ինչո՞ւ: Պետք է հասկանալ, որ այսօր Հայաստանում մասնավոր, խմբային հարց չի լուծվում: Եթե այդպես լիներ, ապա բոլորս մեր տներով, մեր գործերով կնստեինք: Այսօր լուծվում է՝ Սերժ Սարգսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարցը, և բոլորը պետք է ընտրեն, թե ո՛ւմ կողմից են իրենք, հատկապես՝ հաշվի առնելով, որ վտանգված են բոլորի, անխտի՛ր բոլորի շահերը:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Լիսկայի գործով առաջին դատական նիստը՝ հունիսի 19-ին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ասադին’