‘Խմբագրական. Հենց ձեր արտանետած աղբաջուրն էլ կքշի-կտանի ձեզ’

1934

Օրերս, լրատվամիջոցներից մեկի տեղեկացմամբ, Ծաղկաձորում Սերժիկ Սարգսյանը նախատել է մարզպետներին: Ասել է`լավ չեք աշխատում:

Հետո՞: Հետո, դե՛, ավանդույթի համաձայն` այս վատ աշխատող մարզպետների հետ ուտուշ-խմուշ է արել: Մինչեւ ուշ գիշեր: Թե ուշ գիշերից հետո ի՛նչ է արել, թերթը լռում է:

Ինքը, փաստորեն, լավ է աշխատում: Մինչ մարզպետներին նախատելն ինքը, փաստորեն, քափուքրտինք մտած աշխատում էր` Հայաստանի քաղաքացիներին անհայտ վայրերում, եւ թե այդ տանջալի աշխատանքից հետո ինչքան վաստակեց ու ինչքան կորցրեց` սրա մասին էլ են լրատվամիջոցները լռում: Հետո անհայտ վայրերից հոգնատանջ ու բազմաչարչար վերադարձել է Հայաստան ու տեսել` պու՜յ, էս անխիղճ ու անբարեխիղճ մարզպետները կապները բաց են թողել, հե՛չ լավ չեն աշխատում:

Թե ինչ է հասկանում Սերժիկ Սարգսյանը, երբ իր ստորադասներին նախատում է վատ աշխատանքի համար, եւ ինչ են հասկանում մարզպետներն այդ նախատինքը լսելով, վստահ ենք` խնջույքի սեղանի շուրջն ավելի որոշակիացած կլինի, եւ հետագա խնջույքների սեղանների պարունակությունից կպարզվի հաստատ, թե որ մարզպետն «ըշքամ»-ով է գիտակցել, թե որքան վատ էր աշխատում ինքը մինչեւ այն պահը, երբ մրջյունի պես աշխատասեր Սերժիկ Սարգսյանը «հայրաբար» նախատեց իրեն:

Իսկ մինչ այն պահը, երբ Սերժիկ Սարգսյանը նախատեց մարզպետներին` վատ աշխատելու համար, Հայաստանում միայն մի կառույց է «աշխատել» ու «աշխատում»` անկախ այն հանգամանքից, թե իրենց մրջյունի պես աշխատասեր տերը հայրենի՛ հողի վրա է վաստակում ու կորցնում, թե` անհայտ վայրերում: Պայմանականորեն` այդ կառույցի անունը ոստիկանություն է, իսկ իրականում` սա մի սանձարձակ պատժիչ ավազակախումբ է, որն ապահովում է իր նման ավազակախմբերի անդամների կյանքն ու ինչքը:

Ուրիշ ոչինչ հայաստանյան վերնախավում, մեծ հաշվով, չի կատարվում: Մնացած ավազակախմբերը, Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, թալանում են երկիրը` յուրաքանչյուրն իր ընդունակությունների չափով, վերոգրյալ կառույցն էլ, որ պայմանականորեն «ոստիկանություն» անունն է կրում, իր համազգեստավոր խրտվիլակներին «ցփնում է» Հայաստանով մեկ, ու սրանք փողոցի այս ծայրից մյուս ծայրն են վազում ու քաշքշում քաղաքացիներին, հայհոյում, ծեծում, ձերբակալում, հետո օրը մթնում է, հետո լուսանում է, հետո նորից մի թաղից մյուս թաղն են վազում, քաշքշում են քաղաքացիներին, հայհոյում են, ծեծում, ձերբակալում, եւ այսպես շարունակ` այն օրից ի վեր, երբ Քոչարյան Ռոբերտը որոշեց իր զավթած աթոռը փոխանցել Սարգսյան Սերժիկին, ու Սարգսյան Սերժիկն էլ «համեստորեն» չհրաժարվեց:

Եվ եթե մի օր աշխարհահռչակ ռեժիսորներից մեկը, օրինակ` դառնաղի գրոտեսկի սիրահար Էմիր Կուստուրիցան որոշի ֆիլմ նկարել Հայաստանի մասին, դա երեւի կլինի իր գլուխգործոցների գլուխգործոցն այն մասին, թե ինչպես տեսավ ինքն այն հինավուրց երկիրը, որի անունն է Հայաստան:

Մի մեծ կազինո է: Կազինոյում անխոնջ աշխատում է գլխավոր մրջյունը: Կեղտածառն դեղին քրտինքը թափվում է վրայից ու կազինոյի դռան տակով հոսում դուրս: Հետո մանր-մունր կազինոներ են: Այստեղ էլ անխոնջ աշխատում են մանրապճեղ մրջյունները: Կեղտախառն դեղին քրտինքը սրանց վրայից էլ է ծորում ու կազինոների դռների տակով հոսում դուրս: Սրանցից առանձին ու հեռու` հինավուրց երկրի փողոցներում էլ վխտում են ինչ-որ ծուռտիկ-մուռտիկ, անճոռնի, հաստափոր ու լղարությունից սատկող համազգեստավոր սեռագարներ, բնականաբար` հայտնի համազգեստով, ու քսմսվում են կանանց, կծում են տղամարդկանց, կեղտախառն դեղին աղբ է թափվում սրանց բերաններից: Հետո կեղտախառն դեղին քրտինքն ու կեղտախառն դեղին աղբը վտակներով հոսում են, հոսում են, հոսում են, դառնում են մի մեծ գետ ու քշում-տանում գլխավոր մրջյունին, մանրապճեղ մրջյուններին ու ծուռտիկ-մուռտիկ սեռագար մրջյուններին:

Ինչու՞: Դե՛, Կուստուրիցան է, էլի: Ի՞նչ իմանաս` ֆիլմ նկարելիս ինչ է անցնում մտքով: 

Նախորդ հոդվածը‘Քրեական գործ Արգիշտի Կիվիրյանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժեց գրանցել Իբրահիմբեկովին’