‘Խմբագրական. «Հետքի» խմբագրի խոսքի հետքերով’

1885

Ցավալիորեն՝ մեր հասարակությունը, հատկապես՝ դրա ակտիվ համարվող մասը, չասենք՝ անտեսեց, բայց բավարար ուշադրություն չդարձրեց «Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի՝ օրերս արված կարեւորագույն ահազանգին: Պարոն Բաղդասարյանի արձանագրումներն այնքան կարեւոր են, որ հարկ ենք համարում ծավալուն մեջբերում անել. «Ճնշումների պատճառով լրատվամիջոց չի փակվում, խնդիրն ավելի պարզ ու միաժամանակ խորքային է: Տեսեք, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների հետ, լրագրողները ում պատվերներն են կատարում, ում փողերով են մեկնում հանգստանալու եւ էլի նման բաներ: Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել: …Հիմա ամեն մի պաշտոնյա ու գերատեսչություն իր մեդիան ունի: Ոստիկանությունն, օրինակ, մի քանի սեփական կայքեր ունի, որտեղ տեղեկությունն ավելի արագ է հրապարակվում, քան անգամ ոստիկանության պաշտոնական կայքում: ….Ընդ որում՝ դրանցից շատերը չունեն ոչ հասցե, ոչ լրագրողական աշխատակազմ: ….Միահամուռ ուժերով անթիվ կայքեր մեդիա դաշտ են նետում մի աննշան ու ցրող թեմա, ասենք՝ համբույր, կրծքեր, արյունոտ ինքնասպանություններ ու վթարներ, եւ դրանով իսկ ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացված թեմաների արժեքը: Եվ պետք է ասեմ, որ դա բավական խելացի ու հետեւողական է արվում: Մեդիա դաշտի ոչնչացումը պլանավորված գործ է, որը ոչ թե երեկ, այլ շատ ավելի վաղ է սկիզբ առել: Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում» (ընդգծումները մերն են):

Այստեղ բարձրացված են միանգամից մի քանի կարեւոր թեմաներ, որոնց հնարավոր չէ անդրադառնալ մեկ հրապարակմամբ: Մեր նպատակն է, տվյալ դեպքում, ոչ թե խորքային վերլուծությունը, այլ թեմայի վրա ուշադրություն սևեռելը: Եթե մեր հասարակությունը չի ուզում վերջնականապես կորցնել իր անկախությունը, որի հիմքում ազատ խոսքն ու քննադատական միտքն է, ապա անպատճառ պետք է ծավալվի լայն քննարկում՝ հնչեցված խնդիրների շուրջ: Ցավոք՝ թվում է, թե պարոն Բաղդասարյանի կանխատեսումներն իրականանում են նաեւ այն առումով, որ «ցրող թեմաները» «ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացված թեմաների արժեքը»: Հենց Բաղդասարյանի իսկ կողմից բարձրացված՝ մեդիա դաշտի ոչնչացան թեման մեր աչքի առջեւ ոչնչացվում է, անտեսվում է՝ առաջին հայացքից շատ կարեւոր, բայց իրականում արհեստական թեմաների միջոցով:

Որպեսզի մեր խոսքը շատ վերացական չհնչի, փորձենք առանձնացնել այն մի քանի կարեւոր խնդիրը, որոնց շուրջ ակնկալում ենք լուրջ քննարկումներ:

1. Ըստ պարոն Բաղդասարյանի՝ մեդիա դաշտը ոչնչացվել է եւ արժեզրկվել վերջին 4-5 տարում: Սա կարեւորագույն թեզ է, որը պարունակում է ինչ-որ տեղ սենսացիոն եւ առաջին հայացքից՝ նույնիսկ տարօրինակ պնդում: Իրոք, բոլորս էլ գիտենք, որ ազատ խոսքի, ազատ մամուլի հետ խնդիրները Հայաստանում հաստատ 4-5 տարի առաջ չեն ծագել: Ավելին՝ տեսակետ կա, որ նախկինում վիճակն ավելի վատթար է եղել, քան այսօր: Եթե հիշում եք՝ այդպիսի կարծիք էր հայտնել, օրինակ, 2013-ի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուն, նաեւ հայտնի թերթերից մեկի խմբագիրը: Եվ, առաջին հայացքից, նախկինի համեմատ՝ Հայաստանում ծաղկում է քննադատողական ԶԼՄ դաշտը: Համենայն դեպս՝ համացանցում դժվար է գտնել որեւէ լրատվամիջոց, որը հանդես գա բացահայտ իշխանամետ դիրքերից: Նույնիսկ այն կայքերը, որոնց պատվիրատուները հաստատապես հայտնի են գոնե հետաքրքրվողներին, օգտագործում են հաճախ ծայրահեղ ընդդիմադիր բառապաշար: Տպագիր թերթերի դաշտում էլ իշխանամետ թերթերն ակնհայտ փոքրամասնություն են: Թվում է՝ եթե նույնիսկ առաջընթաց չգրանցենք, ապա գոնե հետընթացի մասին էլ խոսք լինել չի կարող: Ուշադիր հայացքը, սակայն, նկատում է, որ իրավիճակն արմատապես փոխվել է նախկինի համեմատ, երբ կար դաշտի հստակ բաժանում եւ, ինչն ավելի կարեւոր է՝ պրոֆեսիոնալ եւ անկախ լրագրողի խոսք, որն ինքն էր օրակարգեր ձեւավորում եւ թելադրում: Դաշտի 90 տոկոսը գրավված է քննադատական խոսքի նմանակմամբ, էժան «մուտիլովկեքով», այս կամ այն պաշտոնյայի շահերը սպասարկող նյութերով: Կարող են հակադարձել, թե նախկինում էլ այս առումով վիճակն իդեալական չէր: Իհարկե չէ՛ր, սակայն այսօր խոսքը նրա մասին է, որ նշված որակները դարձել են չնչին բացառություններ ճանաչող նորմա:

2. Առաջին կետից բխում է, որ ընթերցողի գործը դարձել է չափազանց դժվար, եթե չասենք, որ ընթերցողն էլ, որպես տեսակ, որը կարող է, ներգրավված չլինելով լրատվական դաշտի գործընթացներին, ինքնուրույն կողմնորոշվել տեղեկատվական հոսքի մեջ, վերացման եզրին է՝ ճիշտ այնպես, ինչպես պրոֆեսիոնալ լրագրությունը: Ստացվում է այնպես, որ եթե լրատվական դաշտն ինքնին միջնորդ է ընթերցողի եւ հասարակական գործընթացների միջեւ, ապա անհրաժեշտություն է ծագում եւս մեկ միջնորդ շերտի, այս անգամ՝ արդեն ընթերցողի եւ լրատվական դաշտի միջեւ: Դրա պատճառն այն է, որ ընթերցողը, հասկանալու համար, թե ինչ է կատարվում դաշտում, պետք է չափից ավելի շատ ժամանակ ծախսի, որը նա սովորաբար չունի: Այսինքն՝ ընթերցողը պետք է դառնա պրոֆեսիոնալ կամ իր համար վարձի պրոֆեսիոնալներ, այլապես նա կա՛մ արագ ապակողմնորոշվում է, կա՛մ հեշտությամբ դառնում է պարզունակ մանիպուլյացիաների զոհ: Պետք է նշել նաեւ, որ մեր ընթերցողը պատրաստված էլ չէ ավելի լուրջ աշխատանքի հրապարակային խոսքի հետ, հաճախ միայն մակերեսն է ընկալում, եւ երբ լրատվական դաշտում գրոհները սաստկանում են, պարզապես հայտնվում է ահաբեկչության զոհի կարգավիճակում՝ նույնիսկ չգիտակցելով դա:

3. Վերջապես, կա ավելի լայն խնդիր: Մարտահրավեր է ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողի խոսքի ճգնաժամը, այլեւ առհասարակ՝ հրապարակային բանական խոսքի խնդիրը: Մի քանի հարց: Հնարավո՞ր է արդյոք այսօրվա պայմաններում առաջ տանել, զարգացնել որեւէ լրատվամիջոց՝ առանց տուրք տալու էժան հնարներին, փորձելով լուրջ, կշռադատված խոսք ներկայացնել քաղաքականության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հնարավո՞ր է արդյոք նույնը քաղաքական դաշտում: Մեր կարծիքով՝ հնարավոր է, բայց դրա համար հասարակությունը պետք է գիտակցի այդ խնդիրների լրջությունը, եւ ոչ թե կրավորական կերպով ենթարկվի դեպքերի ընթացքին: 

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Ովքեր իրենց համոզմունքի պատճառով չեն ցանկանում ծառայել բանակում, քրեական պատասխանատվությունից կազատվեն’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի շենքի դիմաց գոռում են՝ «Սերժիկ, հեռացիր»’