‘Խմբագրական. ՀԷՑ-ն ու երկրի իրական ցեցը’

2369

ՀԷՑ-ի խնդիրը բոլորիս խնդիրն է դարձել, ՀԷՑ-ի խնդիրը դարձել է համարյա հացի խնդրի պես մի բան: ՀԷՑ-ի խնդիրն այսօր բոլորիս ականջներին ու շուրթերին է, բոլորիս մտքներում եւ տողերում: Մենք ցանկանում ենք կարծես թե լուծել ՀԷՑ-ի խնդիրը, եւ ամեն ինչ լավ է ընթանում, եթե չլիներ մի բայց:

Մենք չենք լուծի ՀԷՑ-ի խնդիրը, այն ավելի թանկ կդառնա, քան խնդիրը հացի, եթե չհասկանանք կամ, ի վերջո, չհամակերպվենք ու չառերեսվենք մի պարզ ճշմարտության հետ: Չկա ՀԷՑ-ի առանձին խնդիր, չկա Հայռուսգազարդի առանձին խնդիր, Որոտանի առանձին խնդիր էլ չկա, Նաիրիտի խնդիր չկա, Ամուլսարի առանձին խնդիր չկա, տո՛ նույնիսկ թանկացումների, ատկատների, կոռուպցիայի, փայ մտնելու, հաղթանակը մխսելու, ազատությունները սահմանափակելու, երկրի անվտանգությունը վտանգելու, միջազգային հարաբերություններում երկիրը տանուլ տալու առանձին խնդիրներ էլ չկան: Սա է, որ մենք, ի վերջո, պարտավոր ենք հասկանալ: Չկան իրարից անջատ, առանձին խնդիրներ, չկան ինքնավար պայքարներ, մենք ունենք մեկ խնդիր, որտեղ ամբողջացված ու ամփոփված են երկրում առկա բոլոր խնդիրները միասին: Անխտիր՝ բոլո՛ր խնդիրները: Սա է, որ պարտավոր ենք հասկանալ, կամ էլ՝ եթե հասկանում ենք, հրապարակավ ընդունել: Պարտավոր ենք ընդունել, որ բոլոր խնդրահարույց առուների ջուրը մի տեղից է գալիս, եւ առանձին ամեն առվի բերանը փակելով՝ ոչ մի էական արդյունքի չենք հասնելու, լավագույն դեպքում՝ միայն նյարդեր ու ժամանակ ենք վատնելու: Առուները սնուցող աղբրի բերանն է պետք փակել, մի գործողությամբ, եթե կուզեք՝ մի զարկով: Բայց դա, հենց դա է, որ ծնում է մեր բոլոր խնդիրները՝ անխտիր: Հենց դա է, որ կործանում է մեզ, հենց դա է, որ ամեն օր մեզ համար նորանոր խնդիրներ է ստեղծում, հենց դա է, որ շեղում է շատերին եւ կոտրում մի մասին, հենց դա է, որ կազմաքանդում է այս երկիրն ու մաս-մաս, կտոր-կտոր բաժանում: Մենք, ի վերջո, պիտի հասկանանք, որ հոսանքի հարցն էլ, գազի հարցն էլ, մյուս բոլոր հարցերն էլ այդ ընկերությունների խնդիրները չեն միայն, դրանք իրականում ավելի գլոբալ են, ավելի քաղաքական, քան մեզանից շատերը կարող են պատկերացնել, դրանք հենց քաղաքական խնդիրներ են որ կան, մեծ հաշվով, ո՞վ է ՀԷՑ-ը կամ Որոտանը գնող ամերիկյան ընկերությունը, եթե նրանց հանդեպ իշխանությունների կողմից այլ վերաբերմունք լիներ: Ոչ մեկը: Այս իշխանություններն են, որ իրենց շահի համար երկիրը սարքել են բոշի մայլա, էղած-չեղածը ծախում ու մեջը փայ են մտնում, իսկ մասնավոր ընկերություններին ի՞նչ: Նրանք էլ հո Հայաստանի անվտանգության , Հայաստանի պետական շահերի համար պատասխանատու լինելու սահմանադրական պարտավորություններ չունե՞ն: Նրանց շահը բիզնեսն է, պիտի փող աշխատեն, եւ ինչքան շատ կարողանան աշխատել՝ այնքան լավ: Բայց հենց դրա համար էլ գոյություն ունի պետություն եւ պետության գլխին հայտնված իշխանություն, որը պարտավոր է այս փոխհարաբերություններում հանդես գալ երկրի շահերից եւ անել իր լիազորությունների շրջանակներում հնարավոր ամեն բան՝ մի կողմից՝ իր երկրի քաղաքացիների շահերը պաշտպանելու, մյուս կողմից էլ, տնտեսությանն ու բիզնես միջավայրին չվնասելով հանդերձ՝ մասնավոր խոշոր բիզնեսի ախորժակը մեղմելու համար: Թե չէ՝ մասնավորին ի՞նչ կա, որքան թողնես կամ խրախուսես, որքան ուզի, այնքան կխփի: Եւ ուրեմն, սխալ ու երիցս սխալ է այս ողջ աջաբսանդալում քավության նոխազ հռչակել միայն ՀԷՑ-ին եւ միայն ՀԷՑ-ի ոսկորները լվանալ ու բմբուլները քամուն տալ: Այս հարցում ակնհայտորեն խառնված են իշխանությունները, եւ այս ամենի մեղքը, առաջին հերթին, հենց իրենցն է: Ուրեմն՝ կա հստակ խնդիր, կան հստակ մեղավորներ ու պատասխանատուներ: Չի լինելու ոչ մի շոշափելի արդյունք, եթե պայքարը մղվի միայն պատասխանատուների մի մասի դեմ, պայքարը պիտի մղվի բոլոր պատասխանատուների դեմ ու միաժամանակ՝ ե՛ւ ՀԷՑ-ի, ե՛ւ իշխանությունների: Հակառակ դեպքում՝ կստացվի, որ կամա թե ակամա՝ անում եք այն, ինչի մասին հենց իշխանություններն էլ երազում են: Բոլորը մեղավոր են (ՀԷՑ-ը, Գազպրոմը, Լիդիանը, Որոտանը գնողները)՝ բացի իրենցից, բոլորը պայքարում են բոլորի դեմ, ու երբ գալիս է իքս պահը՝ երեւան են գալիս իշխանությունները՝ սպիտակ կոստյումով, «մաս-մաքուր» ու հրեշտակային թեւերով, եւ սկսում են հաշտարարի դեր կատարել, թե բա՝ «Տարոն ջան, բա չիմացար, է՝ ինչ եղավ, Տարոն ջան, ախր սիրուն չի, է»: Ու արդյունքում համ գայլերն են կուշտ մնում, համ ոչխարները՝ ողջ: Առայժմ, իհարկե:

Վարագույր:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Երեւանում եւ այլ շրջաններում լույս չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Հավատացյալների զգացմունքները վիրավորելու կասկածով կստուգեն Սոբչակի լուսանկարը’