‘Խմբագրական. Հիմա՛’

2126

Տարին մոտենում է ավարտին, և ճիշտ ժամանակն է թեկուզև թռուցիկ և ուրվագծային ամփոփման: Առաջին հայացքից՝անցնող 2013-ը քաղաքական իմաստով բավականին խայտաբղետ և մեկը մյուսի հետ կապ չունեցող իրադարձությունների տարի էր: Տարվա առաջին կեսին ուշադրության կենտրոնում էին ներքին հարցերը՝ նախագահան ընտրություններն ու հետընտրական պայքարը, իսկ տարվա երկրորդ կեսին՝ արտաքին քաղաքական թեմաները: Թերևս, չենք չափազանցի, եթե պնդենք, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանը դեռ երբեք այսքան ծանր արտաքին քաղաքական տապալումներ չէր ունեցել (գուցե միայն հայ-թուրքական գործընթացը կարելի է հիշել), ինչը, ցավոք, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմությունն ու նրա անընդհատ արտաքին հենարաններ փնտրելը՝ ի փոխհատուցում ներքին հենարանների պակասի: Այս մասին շատ է գրվել, և չենք ցանկանում նորից կրկնել բազմիցս արձանագրվածը:

Արտաքուստ իրար հետ այնքան էլ կապ չունեցող քաղաքական տարին, սակայն, կարելի է բնորոշել միասնական միտմամբ՝ «առաջադեմ կամ բարեփոխիչ Սերժ Սարգսյան» նախագծի հետևողական և լիակատար տապալմամբ: Պետք է ասել, որ անցյալ՝ 2012 տարվա ավարտի դրությամբ, թվում էր, թե հիշյալ նախագիծը հասել է իր իրականացման համար ամենաբարենպաստ պայմաններին: Երբեմնի հզոր ընդդիմադիր շարժումը գտնվում էր կառուցվածքային քայքայման եզրին, և նրա նախկին մասնակիցներից շատերը լծվել էին իշխանության «առաջադեմ» նախագծի կառքին, իսկ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ պարզ դարձավ, որ խոշոր քաղաքական ուժերը չեն մասնակցելու դրանց: Իշխանության առջև լայն հեռանկար էր բացվում՝ իրականացնելու համար հնուց փայփայված՝ վերահսկելի, կառուցողական, առաջադեմ ընդդիմության նախագիծը, որը, ինչպես ձևակերպում էին «ողջախոհ» երիտթևի գաղափարաբանները, պետք է լիներ՝ «քաղաքացիական-քաղաքական», «ցանցային», «ապակենտրոնացած» և այլն: Հետընտրական զարգացումները, սակայն, որոշ ժամանակվա ընթացքում խաչ քաշեցին այս նախագծի վրա: Ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր տատանվողական գծով՝ մերթ դեպի «ողջախոհ» «առաջադիմականությունը», մերթ դեպի ժողովրդի ստացած քվեն, փայլուն կերպով տապալեց այս նախագիծը:

«Առաջադեմ Սերժ» պիեսի երկրորդ՝ է՛լ ավելի ողբերգական արարը եվրաասոցացման նախագծի տապալումն էր և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուն համաձայնելը: Պարզ դարձավ ակնհայտը՝ եվրոպական բոլոր արժեքները ոտնահարած, ոչ օրինակարգ ավազակապետությունը չի կարող Հայաստանն առաջնորդել դեպի Եվրոպա, իսկ ի սկզբանե չհաշվարկած եվրաասոցացման քաղաքականությունը բերեց Հայաստանը ճիշտ հակառակ տեղ: Սա «առաջադեմ Սերժ» նախագծի երկրորդ խոշոր ձախողումն էր, որը շատ թանկ գին ունեցավ Հայաստանի ինքնիշխանության և արտաքին վարքի վրա: Այսպիսով՝ տարին ավարտվում է «առաջադեմ» նախագծի տապալմամբ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում: Սա նշանակում է, որ իշխանությունն այլևս որևէ ասելիք չունի նույնիսկ հասարակության այն նեղ հատվածներին, որոնք ինչ-որ հույսեր դեռ կապում էին դրա՝ վերևից եկող բարեփոխումների կամ նույնիսկ վերևից հեղափոխության հնարավորության հետ: Իհարկե, «առաջադեմ Սերժիկ» նախագիծը դեռ կարող է ունենալ որոշ «հետցնցումային» արտահայտումներ, որոնք, ի դեպ, պակաս վտանգ չեն ներկայացնում մեր պետության համար: Մասնավորապես՝ արտաքին աջակցության շարունակության դիմաց, «առաջադիմական» նախագծի շրջանակներում, Սերժ Սարգսյանը կարող է նորից դաշտ նետել վերջին հույսի խաղաքարտերը՝ հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը: Որքան էլ դրանց լուծումն ինքնին կարևոր լինի Հայաստանի համար, միևնույն է, պարզ է, որ այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում է մեր պետությունը, դրանք կարող են լուծվել միայն անհամաչափ զիջումների դիմաց: Ներքին ճակատում նույնպես շարունակվելու են փորձեր առաջադեմ և վերահսկելի, Սերժի հրաժարականը չպահանջող կամ այդ հարցից խուսափող, բայց Սերժին ու նաև Մոսկվային արխային հայհոյող (մեկ է՝ դրանից քաղաքական վնաս չկա ո՛չ մեկին, ո՛չ մյուսին), վերահսկելի ընդդիմության նախագծման: Այդ նախագիծը, սակայն, նույնպես բավականին հեշտությամբ տապալվելու է, այն պահից, երբ և եթե Հայաստանում ծավալվի զանգվածային հրապարակային շարժում, քանի որ այդ «նոր» ուժի ներկայացուցիչները ստիպված են լինելու կա՛մ միանալ այդ շարժմանը, կա՛մ էլ պատճառաբանել, թե ինչու չեն միանում: Ամեն դեպքում՝ «նոր» ընդդիմության ձևակերպվելիք կամ ակնարկվող քաղաքական նպատակը՝ 2018-ի ընտրությունները, ինքնին կեղծ է, քանի որ քաղաքականությունը դատարկ պրոժեկտություն և խաղ չէ ապագա տարեթվերի հետ, այլ այստե՛ղ ու այսօ՛ր գործունեություն, իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում՝ այսօր նպատակը կարող են լինել միայն ավազակապետության հեռացման կազմակերպմանն ուղղված փորձերը, լինի դա 2014, 2015-ին թե հետագայում:

Այս իրավիճակում գնդակը մնում է Հայաստանի հասարակության դաշտում, որը պետք է կարողանա իր միջից ձևակերպել երկիրը ճգնաժամից դուրս բերելու հայեցակարգային լուծում, ձևակերպել իր ոչ միայն «ինչ եմ ուզում»-ը, այլև «ի՛նչ է հնարավորը» և «ինչպե՛ս է հնարավորը»: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ իրական քաղաքական ծրագիրն ու գործը միայն գեղեցիկ կարգախոսները չեն, միայն բոլոր լավ բաներին կողմ ու բոլոր վատ բաներին դեմ լինելը չէ, այլ այս պահի կոնկրետ իրավիճակից ելնող, այս պահի կոնկրետ ներուժն ու ռեսուրսները հաշվի առնող իրատեսական գնահատականներն ու լուծումներն են: «Առաջադեմ Սերժիկ» նախագծի տապալմամբ այս պահին օրակարգում մնում է միայն մեկ՝ «բուրժուա-դեմոկրատական» կամ քաղաքացիական հեղափոխության նախագիծը: Կարող է թվալ, որ սա բռնազբոսիկ պնդում է: Իրականում, սակայն, պետք է նորից շեշտենք, որ խոսքը ոչ թե կարգախոսների և գեղեցիկ ցանկությունների, կամ էլ «ես ամենալավ տղեն եմ» հավաստիացումների, այլ իրապես հայեցակարգային ծրագրի մասին պետք է լինի: Չկա մեր ընդդիմադիր դաշտում նման պահանջներին համապատասխանող այլ ծրագիր՝ բացի վերոնշյալից: Ի՞նչ է առաջարկում այդ ծրագիրը: Պարզ և լուծելի մի բան. քանի որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հանգեցրել է հասարակության ամենատարբեր շերտերի շահերի ոտնահարմանը և ելնելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանի հետագա կառավարումը կարող է հանգեցնել ներքին և արտաքին հետագա՝ ավելի մեծ կորուստների, ընդհուպ մինչև Հայաստանի անկախության փաստացի կորուստ, ապա հանուն երկրի այդ ընթացքի կանխման՝ պետք է և կարող են միավորվել հասարակության ամենալայն շերտերը՝ խոշոր բիզնեսից, որի շահերը նույնպես ոտնահարվում են՝ մինչև մտավորականություն և, այսպես կոչված՝ «հասարակ» ժողովուրդ: Ուժերի այդ լայն համախմբումը կարող է կազմալուծել իշխանությունը և զրկել նրան դիմադրողականության ռեսուրսի գոնե մի մասից: Սա պարզ, ներկա իրավիճակից ելնող և բացառապես ներհայաստանյան ուժերի վրա հիմնված ծրագիր է:

Հիմա սթափ գնահատենք ու նայենք, թե կա՞ արդյոք հարցերի լուծման այլ քաղաքական ծրագիր, որ լինի միաժամանակ պարզ ու մատչելի, բայց նաև ելնի այս պահի իրական վիճակի և ուժերի դասավորվածության հաշվարկից, ինչպես նաև զուտ ներհայաստանյան ռեսուրս ընդգրկելու փորձից: Ցավալիորեն՝ պետք է ասենք, որ ոչ: Սա իրոք շատ ցավալի է, քանի որ առավել ցանկալի կլիներ, որ երկրում լիներ նման քաղաքական ծրագրերի մրցակցություն, որի արդյունքում գիտակից մարդիկ կարողանային ընտրել, և որը կնպաստեր այդ ծրագրերի հղկմանը: Բայց մենք ունենք այս պահի ամեն բան՝ բացի հստակ քաղաքական նախագծերից, ունենք գեղեցիկ ցանկություններ՝ թող բոլոր լավ բաները լինեն միանգամից, ունենք կեղծ արմատականություն, որը քաղաքականությունը տանում է դեպի անբովանդակ էսթետիզմ, ունենք լիքը «դուխով» տղաներ և «դուխով» տղայություն, ունենք հեծանիվ հորինելու բազմաթիվ պրոժեկտներ, շատախոսություններ, հայհոյանքներ, կենացներ, դավադրություններ, ջրիկություններ, բայց չունենք «ա, բ, գ», և դրանից բխող «դ, ե, զ»:

Աշխարհը փուլ չի գա, եթե Հայաստանում շարունակի իշխել Սերժ Սարգսյանը և կառուցել իր «ադրբեջանահայաստանը»: Հայ ժողովուրդն էլ երևի կգոյատևի սփյուռքում և գաղութացող հայրենիքում: Հայ մտավորականությունն էլ կշարունակի ընդդիմանալ և ակտվիություն ցուցաբերել՝ ավելի ու ավելի արմտականանալով ու հայհոյախոս դառնալով: Բայց իրապես անկախ ու զարգացող Հայաստան ունենալու երազանքը կարող է փուլ գալ և ցավոք՝ փուլ կգա: Հետևաբար՝ ոչ թե հետո, ոչ թե 17-ին կամ 18-ին, այլ ՀԻՄԱ՛՝ այսօ՛ր և այստե՛ղ, հանգի՛ստ ու վճռակա՛ն, խաղա՛ղ ու ինքնավստա՛հ, Հայաստա՛ն և Ազատությո՛ւն:

Նախորդ հոդվածը‘Կանազի հոսպիտալում ծեծի ենթարկվածներից մեկին ազատ են արձակել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայրն ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը’