‘Խմբագրական. ՀՀԿ-ականները լավ կանեն` լռեն’

86655

Սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելու հարցում իշխանությունների համառությունն արդեն նույնիսկ ծիծաղ էլ չի առաջացնում: Հաշվի առնելով այն, թե ինչպես են իշխանությունները` չունենալով «այո»-ն հիմնավորելու թեկուզ մեկ տրամաբանական փաստարկ, ստիպում իրենց ենթակայության տակ գտնվող գործիչներին՝ «այո» քարոզել, կարող ենք արձանագրել հերթական անգամ, որ այս փոփոխություններն ուղղակի «վիզ պետք են» Սերժ Սարգսյանին: Անձա՛մբ Սերժ Սարգսյանին, եւ միայն ու միայն նրան: Որովհետեւ որքան էլ մյուսներն առերեւույթ «վիզ դնեն» նրա համար, ասել է թե` փոփոխությունների օգտին քարոզելու համար, ակնհայտ է, որ այդ մարդիկ նույնիսկ մեզանից լավ են հասկանում, որ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, եւ այն՝ ինչ անում են իրենք, ուղղակի ծաղր է, որը հասկանում են թե՛ իրենք, թե՛ նրանք, ովքեր ստիպված են լինում նրանց ունկնդրել:

Իհարկե, մի կողմից՝ երբ չկան տրամաբանական հիմնավորում ու փաստարկ, ուղղակի անհնար է դրանք հորինել, մյուս կողմից էլ՝ ծիծաղելի չերեւալու համար, ՀՀԿ-ականները կարող էին երբեմն ուղղակի լռել, քան տասնյակ մարդկանց ներկայությամբ եւ տեսախցիկների առջեւ, օրինակ` քաղաքացուն ասել՝ եթե «այո» ասես փոփոխություններին, կամուսնանաս:

Ու արդյունքում ստացվում է, որ ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի միջոցով, քան փոփոխությունների օգտին քարոզող հանրապետականը մի տրամաբանական փաստարկ կներկայացնի: Հենց այդ պատճառով էլ հանրապետականներն ու այն մյուսները, որոնք ստիպված վիզ են դնում իրենց շեֆի իշխանությունը հավերժացնելու համար, լավ կանեն իրենց քարոզչության ժամանակ ոչ թե ճոռոմ ելույթներ ունենան, այլ գնան մարդկանց դիմաց կանգնեն ու գլխահակ լռեն: Ուղղակի լռեն: Մարդիկ գոնե իրենց դրության մեջ կմտնեն, կհասկանան, որ ասելու բան չունեն, բայց գոնե չեն փորձում ցինիկանալ ու անցնել տրամաբանության բոլոր սահմանները` լացացնելով վերջինիս մայրիկին:

Այդպես գոնե ավելի անկեղծ կլինեն: Մարդկանց էլ` իրենցից զզվելու նոր առիթ չեն տա: Թե չէ գնում հասնում են մարզեր ու այնպիսի բաներ են ասում, որ ե՛ւ իրենց ծիծաղն է գալիս, ե՛ւ` մյուսների:

Թե բա` եկել ենք ասենք, որ եթե «այո» ասեք, ընդդիմությունը ուժեղ կլինի: Եկել ենք ասենք, որ ամեն ինչ հիմա վատ է, շատ վատ է, բայց դրանում ոչ թե մենք ու մեր շեֆն է մեղավոր, այլ` Սահմանադրությունը, ուրեմն եկեք փոխենք այն, ու տեսեք, թե դրանից հետո ինչքան լավ է լինելու ամեն ինչ: Այն, որ լավ է լինելու ինչ-որ մեկի համար՝ դրանից հետո, պարզ է, բայց հարցն էլ այն է, որ լավ է լինելու կոնկրետ ինչ-որ մեկի համար, եւ՝ միայն: Ու մենք այդտեղ ոչ մի կապ չունենք:

Մենք Սահմանադրության հետ խնդիր չունենք, այդ իրե՛նք ունեն, մենք Սահմանադրությունից պարտք ու պահանջ չունենք, այդ իրե՛նք ունեն, մենք գիտենք, որ Սահմանադրությունն ինքն էլ պատանդ է սրանց ձեռքում, որովհետեւ չի գործում, եւ հետեւաբար՝ խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ այն, որ Սահմանադրությունն իրականում յոթը կողպեքի տակ փակ է: Այդքան բան: 

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ջոն Հարվարդը՝ անմեղ մեղավորը’