‘Խմբագրական. Հուսահատություն ենք արտածում’

2898

Օր օրի բազմացող եւ copy-paste-ի մեթոդով գործող լրատվական կայքերը, հանրության տեղեկացված լինելու պահանջը բավարարելու փոխարեն՝ տրվել են ընթերցող գայթակղելու գործին եւ այնքան ինքնամոռաց են նվիրվել, որ չեն էլ նկատում տեղեկատվության հոսքի հասցրած վնասները։

Ամեն օձի խայթոց, քուչում պատահած ամեն ծեծկռտուք, ԱԻՆ դիսպետչերների գրանցած ամեն հաղորդում բերելով կայքի առաջին էջ՝ անտեսանելի խմբագիրներն ու թողարկիչները չեն էլ գիտակցում, որ արհեստականորեն մեծացնում են բացասական էներգիան։ Մեր երկրի քաղաքական եւ տնտեսական անցուդարձի բացասականության բաղադրաչափն իբր քիչ է, մեկ էլ գրում են, թե մարդ է կորել։ Հետո, իհարկե, պարզվում է, որ մարդը չէր կորել, այլ իր այգում, ծառի շվաքի տակ քնել էր եւ ակամա մնացել աննկատ։

Ով երբեւէ, երկու-երեք օր Հայաստանից դուրս լինելով՝ հետեւել է կայքերի լրահոսին, կարող է վկայել, թե նյարդային կծկումներ առաջացնող ինչպիսի ապրումներ է ունեցել եւ ինչպես է մտմտացել «միգուցե այլեւս չվերադառնալու» մասին։ Ո՞ւր վերադառնաս, երբ օձը խայթում է, երբ երկու լակոտ, դանակ ֆռռացնելով՝ հաշիվ են մաքրում, երբ մարդը օրը ցերեկով կորչում է, երբ այս ամենին էլ գումարվում է ապաշնորհների՝ դարից երկար թվացող իշխանությունը։

Խմբագիրը, եթե կա, նրա համար չէ, որ ձեռքի տակ ընկածը խոթի ընթերցողի աչքը։ Նա պետք է կարողանա ընտրել ու որոշում կայացնել՝ ինչը թողարկել, ինչը՝ ոչ։ Սա գրաքննության պահանջ եւ ինքնագրաքննության հորդոր չէ։ Խոսքը խմբագրման կուլտուրայի մասին է։

Երեկ կայքերից մեկը տեղադրել էր Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի հարցազրույցի տեսագրությունը, որում նա խոսում է Մոնթեի՝ Հայաստանի անկախության նկատմամբ ունեցած դիրքորոշման մասին։

«Երբ առաջին անկախության կոչերը հնչեցին Օպերայում, ես այդ ժամանակ օրագրի նման գրում էի ամեն ինչ Ազատության հրապարակից եւ ուղարկում էի Մոնթեին բանտ»,- ասում է Սեդա Մելքոնյանը։

Ֆրանսիական բանտում փակված Մոնթե Մելքոնյանը, Սեդայի նամակներից եւ, իհարկե, մամուլից տեղեկանալով, որ Ազատության հրապարակում անկախության կոչեր են հնչում՝ մտահոգվում է։

Սեդան հիշում է. «Նամակներից մեկում գրում էր, որ երեւի աշխարհի միակ անկախ հանրապետությունը Ալբանիան է, բայց ո՞վ կուզի նման հանրապետություն։ Որովհետեւ հենց Ալբանիան է, որ ոչ մեկի հետ կապ չունի, չուներ այդ ժամանակ եւ իր անկախությունը լրիվ պահում էր։ Ինքը շատ-շատ էր վախենում անկախությունից, թե դրա հետեւանքները ինչ կարող են լինել»։

Այս հարցազրույցի տեսագրությունը հանրության սեփականությունը դարձնելուց առաջ ցանկացած խմբագիր պետք է մի քիչ մտածեր եւ (Աստված երկար կյանք տա Ինտերնետ ստեղծողին) տեսած-լսածը համեմատեր հերոսի այլ խոսքերի եւ նրա կյանքի փաստերի հետ։

 «Մենք վերջապես հազարավոր տարիներու նահանջեն հետո առիթ ունինք առաջ երթալու, մեր Հայրենիքի տարբեր պատմական շրջաններ ետ վերամիացնելու»։ Սա մի հատված է 1993-ի մարտին Մոնթեի՝ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից։

Անկախություն չունենալու պարագայում դժվար թե հաջողվեր ազատագրել «մեր Հայրենիքի պատմական շրջանները»։ Սովետական տարիներին ոչ միայն մեկ քառակուսի սանտիմետր չի ավելացել Հայաստանի տարածքին, այլեւ՝ «եղբայրական ջրամբար» կամ «ինտերնացիոնալ արոտավայր» պրոյեկտներով հողեր ենք կորցրել։

«Այն կամայական սահմաններ, որ գծեցին 1921 թվականին, ոչ մեկ կապ ունին իրականության հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքերով՝ դժբախտաբար». սա եւս նույն հարցազրույցից է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մինչեւ 1988-ի շարժումը տարբեր մարդիկ՝ քաղաքական-պետական գործիչներ, գրողներ ու պատմաբաններ, հասկանում էին, որ գծված սահմանները «ոչ մեկ կապ ունին իրականության հետ» եւ արդարության վերականգնման խնդրագրերով դիմում էին ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին։ Պատասխան նրանք ոչ միայն չէին ստանում, այլեւ շատ հաճախ անախորժություններ էին ունենում։

Ի դեպ, 88-ի շարժումն էլ սկսվեց Կրեմլից ազգովի խնդրելու խոհեմ, շրջահայաց նոտայով։ Անկախության կոչերը հնչեցին միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ազգի ձգտումները հակասում են կայսրության ֆիզիոլոգիային։ 

Այսինքն՝ անկախությունը ոչ թե ինչ-որ մեկի կամ ոմանց քմահաճույքն էր, ինչպես հաճախ  փորձում էին ներկայացնել այն ժամանակվա պաշտոնական մտավորականները, այլ ազգային ինքնագիտակցության տրամաբանական հանգրվան։

Կա մի փաստ, որին ծանոթանալն իսկ ցանկացած խմբագրի ետ կպահեր հարցազրույցի տեսագրության այս հատվածը թողարկելուց։ Մոնթե Մելքոնյանը ֆրանսիական բանտից ազատվել է 1989-ի հունվարին ու տեղափոխվել Եմեն։ Արցախի հեռուստատեսության պատրաստած ֆիլմում Սեդան պատմում է, որ մոտ 2 տարի դեգերելուց հետո 1990-ի հոկտեմբերին միայն հաջողվել է գալ Հայաստան։

Դրանից երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Գերգույն Խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիրը, եւ մեր երկիրը դե ֆակտո արդեն անկախ էր։ Ինչո՞ւ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը չէր ընդունում հայրենասեր իր զավակին։ Չէ՞ր կարող, թե՞ չէր ուզում։ 

«Եւ մի նամակ ունի, որ գրեթե մարգարեական կարելի է ասել։ Ինձ բացատրում է, թե եթե հանկարծ Հայաստանը անկախանա, ինչ կարող է պատահել Հայաստանի հետ, ինչեր մենք կարող ենք կորցնել, ուր կարող է դա հանգեցնել։ Առաջինը՝ կարող է լինել այն ուղեղի արտածումը՝ այսպես ասած, եւ երկրորդը, որովհետեւ մենք բարյացակամ հարեւաններ չունենք, մեր երկրի վիճակը շատ ծանր կլինի, եւ դրա հետեւանքը կլինի արտագաղթը»,- հիշում է Սեդան, ով 1981-86 թվականներին ապրել եւ սովորել է Հայաստանում։

Հասարակական գիտակցության վրա ազդելու հավակնություն ունեցող ցանկացած ոք (իմա՝ խմբագիր) պետք է իմանար, որ «ուղեղի արտածումը» կամ «արտագաղթը» ուղղակի կամ անուղղակի որեւէ կապ չունի անկախության հետ, որ սովետական բարեկեցիկ ու կուշտ, աշխատանքով ու վարձատրությամբ լեցուն, հավասարությամբ եւ արդարությամբ պլպլացող Սովետական Հայաստանից ավելի քիչ չէին արտագաղթում, քան նույնի անկախ տեսակից։

Հասարակական գիտակցության վրա ազդելու հավակնություն ունեցող ցանկացած ոք (իմա՝ խմբագիր) պետք է հասկանար, որ կոնտեքստից կտրված մեմուարներ արտածելով՝ կասկածի տակ է դնում ՀՀ եւ Արցախի Ազգային հերոսի պատիվն ու փառքը՝ դարձնելով նրան սովորական մի արկածախնդիր։

Կներեք. եթե Հայաստանին անկախություն պետք չէր, ինչի՞ համար էր Արցախի պատերազմը, եւ մի՞թե Հայաստանի անկախությունը կորցնելով՝ չէինք փակի Արցախի պատմության վերջին էջը։  

Հասարակական գիտակցության վրա ազդելու հավակնություն ունեցող ցանկացած ոք (իմա՝ խմբագիր) պետք է իրեն հաշիվ տա, որ Հայաստանի անկախությունը կասկածի տակ առնելը բոլոր՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական ու կենցաղային պատճառներից ավելի՛ է խթանում արտագաղթը, եթե անգամ դա ներկայացվում է հերոսի երբեմնի մտքերով։ 

Նախորդ հոդվածը‘Թոխմախի Մհեր. Մեզ ֆինանս պետք չի, հարգանք ու պատիվ ա պետք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել’