‘Խմբագրական. Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է’

1942

Օրեր առաջ Եվրախորհրդարանն ընդունեց մի բանաձև, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա ղարաբաղյան հակամարտությանը: Ոլորտի սակավաթիվ գիտակները դեռ կանդրադառնան փաստաթղթի մասնագիտական նրբություններին: Մինչ այդ, սակայն, արժե անել մի քանի արձանագրումներ, որոնք անհրաժեշտ են իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը ճիշտ պատկերացնելու համար:

Արձանագրում 1

Այս բանաձևում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ըստ էության՝ ԵՄ դիրքորոշման բարձրաձայնումը վկայում է, որ գործընթացները Ղարաբաղի շուրջ սկսում են թափ հավաքել, ընդ որում՝ թափ հավաքել Հայաստանի ու Ղարաբաղի համար ամբողջապես անբարենպաստ հունով: Փաստաթղթում Հայաստանի շահերին հակասող ձևակերպումները ստացել են է՛լ ավելի վտանգավոր բնույթ, և պարզ չէ, թե ինչպես, ինչ քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսներով են դրանք չեզոքացվելու ապագայում: Եվրամիության նման քաղաքական ուժային կենտրոնի դիրքորոշման փոփոխությունը նույնիսկ Հայաստանի որևէ ապագա օրինակարգ կառավարության համար է ծայրահեղ բարդ գործ  լինելու, էլ չասած՝ ներկայիս վարչախմբի, որի մասին խոսելն իսկ ավելորդ է:

Արձանագրում 2

Այս փուլում, երբ Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանավարման հետևանքով տարեցտարի կամ, ավելի ճիշտ՝ օրեցօր մաշում է իր առանց այդ էլ սահմանափակ քաղաքական, տնտեսական, ռազմական և դեմոգրաֆիկական ռեսուրսները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվ բանակցային փուլի մեկնարկը ոչինչ, բացի ամբողջական տապալումից, մեզ չի խոստանում: Սերժ Սարգսյանի ձեռամբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ: Էապես վատացել են Հայաստանի հարաբերությունները կարգավորման գործընթացում կարևոր դերակատարություն ունեցող Ռուսաստանի և ԵՄ-ի հետ, Միացյալ Նահանգները ևս առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում բանակցություններում հնարավորինս բալանսավորված լուծումներ առաջ քաշելու հարցում: Բացասական առումով փոխվել ու փոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիկական բալանսը:

Արձանագրում 3

Հայաստանի դիվանագիտությունն, ըստ էության, գտնվում է ազատ անկման մեջ: Եվրոասոցացում-Մաքսային միություն դիվանագիտական պարտիայի ավարտին ստացած ապտակից հետո այն դեռ ուշքի չի եկել (Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու պարագայում ՝չի էլ գալու): Հիմա մի անկյունում շշմած նստած՝ հայկական դիվանագիտությունը կողքից, դիտորդի կարգավիճակով միայն արձանագրում է ոչ հայաստանանպաստ փաստաթղթերի «արտադրության» ծավալների կտրուկ ավելացումը: Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, ըստ էության՝ չկա, գոյություն չունի (մի բան գիտեին, երևի, որ շենքն էլ վաճառեցին Էռնեկյանին): Իսկ վարչախմբին այս պարագայում մնում է միմիայն լացակումած դեմքով ողբ կապել Ադրբեջանի կողմից իրականացված «խավիարային ու նավթային» դիվանագիտության, Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին գնելու, պատմական արդարության մասին (մեկն էլ կկարծի, թե միջազգային քաղաքականության մեջ Մայր Թերեզայի պատվիրաններով են առաջնորդվում), ինչպես նաև նամակներ գրել Ռուսաստանին՝ նրանց բացատրելով Ռուսաստանի իսկ շահերը և նրան առաջարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի մանդատը:

Արձանագրում 4

Թերևս՝ ամենացավալին. Ղարաբաղի իշխանությունները շարունակում են հանցավոր լռություն պահպանել այս հարցում: Միամտություն կլինի ասել, որ նրանք չեն հասկանում թե ինչ ծավալի ու ինչ խտության սև ամպեր են կուտակվում Ղարաբաղի գլխին: Շատ լավ էլ հասկանում են, ու դրանից կարող է բխել երկու հետևություն. կա՛մ նրանք այս հանցավոր համակարգի մասն են ու պատրաստ են, հանուն սեփական իշխանության մի քանի օր երկարաձգման՝ «փուռը» տալ Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ, կա՛մ զուրկ են համարձակությունից՝ բարձրաձայնելու իրենց անհամաձայնությունը, և դրանով նույնպես մասնակից են դառնալու այն փորձանքին, որն անխուսափելիորեն մոտենում է:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Միտերանի խորհրդականը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստան կատարած այցի մասին ‘