‘Խմբագրական. Ղարաբաղի փրկությունը` Ղարաբաղը «Ղարաբաղը փրկողներից» փրկելն է ‘

3447

Ովքեր են իրականում ծախում Ղարաբաղը

Ներկայիս իշխանությունների քարոզչական առանցքը, կարմիր կետը, ամենափրկիչ «կուտը» մշտապես եղել է Ղարաբաղը. ցանկացած քաղաքական սխալ, ցանկացած ապօրինություն, ցանկացած հանցագործություն պայմանավորել են Ղարաբաղով, արել են «հանուն Ղարաբաղի», Ղարաբաղով նրանք մշտապես խաղացել են հասարակության հայրենասիրական լարերի վրա: Եւ հատկապես նրանցից շատերը, ովքեր սեփական աչքերով ականատես են եղել պատերազմին, զոհ են գնացել այդ քարոզչական խարդախությանը: Պալատական հեղաշրջում են կազմակերպել՝ դա պայմանավորել են Ղարաբաղով  (նրանք Ղարաբաղը ծախում էին, մենք կփրկենք այն, 1998), ընտրություններ են կեղծել` էլի Ղարաբաղով են բացատրել այն (եթե չկեղծեինք, գալու էին Ղարաբաղը ծախողները), մայրաքաղաքում ցուցարարներ էին սպանում՝ նորից մեջտեղ էին բերում Ղարաբաղը` հո չե՞ք մոռացել Ղարաբաղի մասին, այ, դուք այստեղ ցույց եք անում, իշխանությունն եք ցանկանում փոխել, սասանում եք պետականության հիմքերը, իսկ մշտարթուն թշնամին չի հապաղում, հարձակվում է մեր դիրքերի վրա, հետևաբար՝ սադրանք եք կազմակերպում, որ թշնամին գրավի Ղարաբաղը (ինչպես եղավ Լևոնարխի դեպքերի ժամանակ, 2008-ին):

«Դիմացեք հանուն Ղարաբաղի» կարգախոսը իշխանությունները մշտապես ներկայացրել են որպես անառարկելի և անհերքելի մի ճշմարտություն, և ոչ մի բացատրություն, ոչ մի խոսք այն մասին, որ այն, ինչին պետք է դիմանալ «հանուն Ղարաբաղի», հենց առաջինն է վտանգում Ղարաբաղը, և դրա վերջը Ղարաբաղը ծախելը կամ հանձնելն է լինելու: Անխուսափելիորեն:

Սա կասկած չէ, չարախնդություն չէ, սա անհիմն մեղադրանք չէ, սա աքսիոմա է: Եթե զսպանակը չափից շատ ես ձգում, այն այլևս չի սեղմվի: Ղարաբաղը փրկողները երբեք չէին կարող Ղարաբաղում և Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղից մարդիկ ուղղակի կփախչեին: Ղարաբաղը Ղարաբաղ է առաջին հերթին այն մարդկանցով, ովքեր ապրում են այնտեղ: Չկա մարդ՝ չկա Ղարաբաղ: Դատարակ Ղարաբաղն ընդամենը տարածք է, իսկ դատարկ տարածքները վաղ թե ուշ առևտրի առարկա են դառնում: Լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքում` ուղղակի տանուլ են տալիս:

Ու դատարկվող երկրի պատճառներն ամենևին էլ այնտեղ չեն թաքնված, որոնք մեզ հրամցնում են իշխանությունները: Ըստ նրանց՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառով ունենք փակ սահմաններ, հետևաբար՝ դժվար է զարգանալը, հետևաբար՝ պետք է դիմանալ դժվարություններին, որ Ղարաբաղին բան չպատահի: Այո՛, Ղարաբաղյան հակամարտության պատճառով դժվար է տնտեսական զարգացում ունենալ, բայց հայ-թուրքական փակ սահմանը որևէ կապ չունի թալանի, կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի, արդարության ճգնաժամի հետ: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այնտեղից արդարություն չենք ներկրելու, ազատություն և ժողովրդավարություն չենք ներկրելու, իսկ մարդիկ հենց դրա պակասից են առաջին հերթին արտագաղթում: Ոչ թե և ոչ այնքան այն պատճառով, որ իրենք սոցիալապես վատ են ապրում, այլ որովհետև տեսնում են, որ իշխանությունները ստեղծել են այնպիսի պայմաններ, որ ոմանք, ուրիշներին ճնշելու հաշվին՝ լավ ապրեն, իսկ մյուսներն ուղղակի գոյատևեն. երբ բոլորը հավասար են, բայց ոմանք` ավելի՛ հավասար:

Չի կարող որևէ իշխանություն համոզել քաղաքացուն, թե՝ դու հանուն Ղարաբաղի պետք է վատ ապրես, որովհետև երկիրը շրջափակված է, իսկ ռեսուրսներն էլ` սահմանափակ, բայց, միևնույն ժամանակ, պետական առանց այդ էլ սուղ բյուջեն անընդհատ թալանվի: Չի՛ կարող լինել նման բան: Երբ դժվարությունը հավասարապես կիսում են բոլորը, քաղաքացին կմնա իր հողում, քչերը կփախչեն երկրից: Եթե քաղաքացին տեսնի, որ իր երկրի պաշտոնյաները սահմանափակ ռեսուրսները ծառայեցնում են պետականության ամրապնդմանը, նա երբեք չի փախչի:

Իսկ ի՞նչ ունենք այսօր: Ղարաբաղյան հակամարտության հետ որևէ առնչություն չունեցող խնդիրների պատճառներով վտանգված Ղարաբաղ, Եվրամիության և Մաքսային միության արանքում դեգերող իշխանություններ, որոնց անպատասխանատու ու անկանխատեսելի քաղաքական վարքի պատճառով` Հայաստանն ինքն արդեն անվստահելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում, և մի խեղճացած Ղարաբաղ, որը, իշխանությունների թեթև ձեռամբ՝ տխրահռչակ Զորի Բալայանը ՌԴ նախագահին խնդրում-աղերսում է մտցնել Ռուսաստանի կազմ:

Այն, ինչ ունենք այսօր, Ղարաբաղը պահելու նշույլ անգամ չի հիշեցնում, Ղարաբաղն այս իշխանությունների համար ընդամենը քարոզչական «օտմազկա» է եղել ի սկզբանե: Ղարաբաղն ընդամենը իրենց իշխանությունը պահելու ու երկարաձգելու գործիք է եղել: Բայց եթե պաշտոնավարման երկու ժամկետներում դա «Ղարաբաղը պահելու»՝քիչ թե շատ գործունակ քարոզչական հնարքն էր, ապա այժմ իշխանությունը պահելու «գործիք»-ի դերակատարությունը փոխվել է: Այժմ, ըստ էության, Ղարաբաղի հարցով իշխանության եկածները իշխանությունը պահում են արդեն Ղարաբաղը ծախելով: Եւ, փաստորեն, Ղարաբաղը փրկելու միակ տարբերակն այսօր Ղարաբաղն ու Հայաստանը «Ղարաբաղը փրկողներից» փրկելն է: 

Գուցե Ղարաբաղյան խնդրով եկածները հենց Ղարաբաղյան խնդրով էլ կգնա՞ն:

Հ.Գ. 1998 թվականին իր հրաժարականի տեքստում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի այսպիսի միտք էր ասել. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»:

Ցո՛ւյց տվեց կյանքը:

 

Նախորդ հոդվածը‘Արտգործնախարարը հանդիպել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ «Հոֆենհայմ» — «Բայեր 04» խաղում (Տեսանյութ)’