‘Խմբագրական. Մարսից հրեշտակներ ներմուծելու փոխարեն’

2455

Ցանկացած երկրում հակաբռնապետական խաղաղ պայքարը հաջողության է հասնում երեք գործոնների առկայությամբ.

ա. զանգվածային հրապարակային շարժում,

բ. տարասեռ՝ հաճախ հակադրության աստիճան տարբեր  քաղաքական եւ հասարակական ուժերի հնարավորինս լայն համախմբում,

գ. իշխանության ներքին պառակտում եւ ճեղքեր:

Սա գրեթե քաղաքական աքսիոմ է, որքանով հասարակական գործընթացների վերլուծության մեջ, որտեղ անկանխատեսելին եւ պատահականը մեծ դեր են կատարում, կարող են լինել աքսիոմներ (հասարակագիտությունն ուսումնասիրում է մարդուն եւ մարդկային երեւույթները, իսկ մարդը քար կամ մոլեկուլ չէ, որ կարողանանք մաթեմատիկական ճշգրտության օրինաչափություններ ձեւակերպել):

Ովքեր ցանկանում են ստուգել նշված օրինաչափության իսկությունը, կարող են ըստ ճաշակի համոզվել ոչ այնքան հեռավոր անցյալի փորձից՝ «ֆիրմա» բաներ սիրողները՝ օտարերկրյա, իսկ հայրենի արտադրության կողմնակիցները՝ հայաստանյան «բնիկ» իրադարձությունների դիտարկումից:

«Ֆիրմա» հեղափոխությունների օրինաչափությունները

Մի երկու բան հիշեցնենք, նախ՝ «ֆիրմա» սիրողերին: Մեր աչքի առաջ վերջին տասնամյակում բազմաթիվ իշխանափոխություններ տեղի ունեցան տարբեր երկրներում՝ Եգիպտոսից մինչեւ Ուկրաինա եւ Վրաստան (որոշ դեպքերում՝ նունիսկ երկուական իշխանափոխություն): Մեզանում շատերի համար ոգեւորիչ էին եւ ե՛ն այդ երկրներում տեղի ունեցած դեպքերը: Բայց որ երկրի օրինակն էլ վերցնենք, այս կամ տեղական երանգային տարբերակումներով տեսնում ենք նույն կաղապարը, նույն կառուցվածքը, որի պարտադիր մասն են թվարկածս երեք գործոնները: Դասական օրինակ կարելի է համարել Եգիպտոսը, ուր բացի զանգվածների՝ հրապարակ դուրս գալուց, հեղափոխական շրջանում միասնաբար գործեցին այլ պարագաներում իրար հակադրվող ազատականներն ու իսլամիստները, իսկ վճռական պահին իշխանության հենասյուն բանակը չմիջատեց իրավիճակին՝ հօգուտ գործող ռեժիմի, որով եւ ուժի հավասարակշռությունը վերջնականապես թեքվեց հօգուտ հակաիշխանական ուժերի: Ուկրաինայում հակաիշխանական միասնական ճակատ կազմեցին ազգայնականներն ու ազատականները, իսկ Յանուկովիչի իշխանությունն էլ բավականաչափ համախմբված չէր, որ կարողանար ուժով ճնշել ապստամբության վերածված զանգվածային շարժումը: Օրինակները կարելի է անվերջության հասցնել՝ մի տեղ երեք գործոններից մեկն ավելի շեշտված է, մեկ այլ տեղ՝ մյուսը, բայց ընդհանուր առմամբ՝ տիպաբանությունը մինչև իսկ ձանձրալիության աստիճան նույնն է: Իհարկե, ասվածը չի նշանակում, որ այլ գործոններ կամ էլ տեղական առանձնահատկություններ չեն լինում. Բնականաբար՝ ամեն իրավիճակ նաեւ ուրույն է եւ ինքնատիպ, իսկ գործոնների քանակը կարող է ձգտել անվերջության՝ ընդհուպ մինչեւ, ասենք, Տիմոշենկոյի մազերի գույնը եւ Մուբարաքի, կներեք՝ ցիստիտը (սա լուրջ եմ գրում, որովհետեւ պարզ է, որ նույնիսկ այդ տիպի պատահական մանրուքները որոշ իրավիճակներում կարող են կարեւոր դեր ունենալ), բայց դա հարցի էությունը չի փոխում. խոսում ենք բոլորին հատուկ՝ ընդհանուր, կարեւոր գործոններից՝ նպատակ ունենալով խոսակցությունը բերել մեր այսօրվա իրականություն:

Լինե՞լ, թե՞ չլինել

Հիմա գանք մեր օրինակներին: Շատերին այսօր զարմացնում է կամ զայրացնում է, ոմանց՝ անկեղծ, իսկ մի փոքր մասին էլ՝ «յանիմթե», այն հանգամանքը, որ նույն հարթակում կարող են կանգնել հայաստանյան քաղաքական դաշտի երբեմնի հակադիր բեւեռներում գտնվող ուժերն ու անձերը, օրինակ՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, կամ իրար քննադատած Կոնգրեսն ու Ժառանգությունը եւ այլն: Իհարկե, կարելի է զարմանալ նման զարմանքի վրա, որովհետեւ քաղաքականության ամբողջ պատմությունը հենց այդպիսի օրինակներից է բաղկացած, երբ երեկվա հակառակորդները, ընդդիմակիցները կամ նույնիսկ երդվյալ թշնամիները կազմել են դաշինքներ: Քաղաքական դաշինքների կազմը թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններում միշտ հոսուն է, փոփոխական եւ բավականին քաոտիկ՝ երկարատեւ կտրվածքով: Կարող եմ նույնիսկ կանխատեսել, որ հենց այսօրվա իրար «խփողներից» շատերս վաղը չէ մյուս օրը կարող ենք նույն ճամբարում հայտնվել: Բայց այն, որ սա բավականին պարզ իրականություն է, մեզ չի ազատում դա եւս մեկ անգամ բացատրելու պարտականությունից, եթե, իհարկե,նկատի ունենք ոչ թե իրենց ձեւ տված փորձագետներին կամ էլ գործիչներին, այլ Հայաստանի քաղաքացիներին ուղղված խոսքը:

Վերցնենք ամենասուր թվացող պնդումը: Այդ ինչպե՞ս են նույն հարթակում հայտնվել Վ. Օսկանյանը եւ Կոնգրեսի կամ Ժառանգության ներկայացուցիչները, որոնք 2008-ին բարիկադների տարբեր կողմերում էին: Թվում է, թե «սպանիչ» հարց է սա, բայց փորձենք հակառակից գալ: Իսկ ո՞րն էր ավելի լավ երկրի, հասարակության կամ թեկուզ միայն ընդդիմության շահերի տեսակետից, արդյո՞ք այն, որ Օսկանյանը, նաեւ՝ ամբողջ ԲՀԿ-ն, մնային իշխանության կողքին: Եթե մեկը եղել է իշխանության մաս, ուրեմն հավետ պետք է մնա իշխանության մաս եւ իշխանության կողքի՞ն՝ սա՞ է քաղաքական տրամաբանությունը, սա՞ է ձեռ տալիս մեր հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածին, սա՞ է թուլացնում Սերժին: Ուրախանա՞լ է պետք, թե՞ տխրել, որ նախկինում իշխանության մաս կազմող ուժերն ու անհատներն անցնում են ընդդիմադիր դիրքերի: Հարցերն ակնհայտորեն հռետորական են, եւ պատասխանելու կարիք էլ չկա՝ այնքան պարզ է այս ամենի անհեթեթությունը:

Այնուամենայնիվ, եթե կասկածներ ունեք, խնդրում եմ մտովի հստակ այո կամ ոչ պատասխանեք հետեւյալ հարցերին՝ արդյո՞ք Սերժի իշխանությունը թուլանում է, թե՞ ուժեղանում կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալուց եւ այսօր էլ ընդդիմադիր հարթակից խոսելուց, արդյո՞ք հասարակությանը ձեռնտու է, թե՞ ոչ՝ Սերժի իշխանության թուլացումը: Եթե հարցերի պատասխանն այո է, ապա հարցը փակվում է, որովհետեւ ընդդիմադիր քաղաքական գործունեության նպատակը ոչ թե դաշտում լոլիկ աճեցնելն է, ոչ էլ «բոլոր լավ բաներին կողմ, բոլոր վատ բաներին դեմ» լինելու մասին ելույթներ ունենալը, այլ իշխանության թուլացումն ու պառակտումը:

Մանավանդ որ խոսքը նրա մասին է, որ նախկինում իշխանության հետ եղածներն են անցել ա՛յս կողմ, ոչ թե հակառակը: Սովորաբար՝ թուլացող ընդդիմությունից են դեպի իշխանություն գնում, հանձնվում, իսկ տվյալ դեպքում մենք հակառակ հոսքի ականատեսն ենք՝ նշանակո՞ւմ է դա արդյոք, որ իշխանությունը թուլանում է, թե՞ ոչ:

2008-ը

Հիմա մի քիչ հետ գնանք: Այն, ինչ կատարվում է այսօր՝ քաղաքական ուժերի համախմբում ընդդեմ իշխանության, հո նորույթ չէ՞ մեզ համար: 2007-2008-ին (որպեսզի ավելի հին օրինակներ չհիշենք՝ ընդհուպ մինչեւ 1996-ը) նույն գործընթացն էր տեղի ունենում, ու ոչ ոք կարծես չէր զարմանում: Բացի զանգվածային հրապարակային շարժումից, այն ժամանակ տեղի ունեցավ տարաբնույթ քաղաքական ուժերի եւ անձերի միավորում՝ հաջակցություն Տեր-Պետրոսյանի թեկնածության, որոնց թվում ոչ միայն իրար հետ տարբեր հակասություններ ունեցողներ կային, այլեւ ուժեր եւ մարդիկ, որոնք 90-ականներին՝ նույն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ընդդիմադիր էին: Միայն մի՝ ամենավառ օրինակը հիշեցնեմ՝ Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի, իսկ հետագայում՝ ՀԱԿ դաշինքի մեջ մտավ «Մարդու իրավունքներ 96» անվանմամբ կուսակցությունը՝ անուն, որն ինքնին ամեն ինչ ասում է: Եվ սա միայն ոգեւորեց մարդկանց մեծ մասին, որոնք այն օրերին պահանջում էին նաեւ Վազգեն Մանուկյանի միավորումը Տեր-Պետրոսյանի հետ, ու հենց այն փաստը, որ Մանուկյանն, ի վերջո, չընդառաջեց հասարակական այդ պահանջին (ի տարբերություն այլ աչքի ընկնող ֆիգուրների, օրինակ՝ Ռաֆայել Ղազարյանի), դարձրեց նրան այլեւս հասարակության տեսակետից անընկալելի ֆիգուր, զրոյացրեց նրա քաղաքական կշիռը: Այսինքն՝ համապատասխան քաղաքական իրավիճակներում հակասական թվացող միավորումները ոչ միայն օրինաչափ են, այլեւ չմիավորվելը վճռական բացասական դեր կարող է կատարել իբր «սկզբունքային» դիրքերում մնացողի համար:

2008-ին կարեւոր էր ոչ միայն տարաբնույթ ուժերի համախմբման, այլեւ իշխանական դաշտի պառակտման խնդիրը: Այն ժամանակ նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը հենց սկզբից շատ հստակ ուղերձներ հղեց այդ առումով, այդ թվում, ի դեպ, այսպես կոչված «օլիգարխներին»: Տեր-Պետրոսյանին այն ժամանակ աջակցողներից ոչ ոք չառարկեց այդ մարտավարության դեմ: 2008-ի փետրվարին այդ մարտավարությունը սկսեց որոշակի շոշափելի պտուղներ տալ՝ բոլորս էլ հիշում ենք, որ իշխանական ճամբարից հոսքը դեպի Հրապարակ շուրջօրյա հանրահավաքվների մասնակիցների մեջ միայն ուրախություն էր առաջացնում՝ չնայած, բնականաբար, քննադատվում էր Հրապարակից դուրս: Եվ այստեղ արտառոց բան չկա՝ կրկնեմ, հենց այդպես են հաջողության հասնում խաղաղ հակաբռնապետական շարժումները: 2008-ի խնդիրը հենց այն էր, որ այն ժամանակ չհաջողվեց իշխանական ճամբարի միասնականությունը խախտել բավարար չափով, չհաջողվեց ավելի հզոր եւ կայուն հոսք ապահովել դեպի Հրապարակ: Եթե հենց այսօրվա դերակատարներն այդ օրերին այլ դիրք բռնեին, քան բռնեցին, 2008-ի իրավիճակը կարող էր եղածից տարբեր ելք ունենալ, եւ ո՞վ էր դրանից դժգոհ մնալու՝ չգիտեմ:

Հրեշտակները թաքնվել են Մարսում

Ամեն դեպքում, սա արդեն անցյալ է, իսկ այսօր ունենք որակապես նոր իրավիճակ: Գրեթե 3 տարի է անցել 2011-ին Տեր-Պետրոսյանի հնչեցրած «քաղաքագիտական վերլուծությունից», եւ դանդաղ զարգանալով՝ այն այսօր նյութականացվում է որպես կոնկրետ հրապարակային քաղաքական գործողություն: Այս երեք տարիների տարբեր առանցքային փուլերում «վերլուծության» արդյունավետությանը կասկածողներ շատ եղան: Ամեն կոնկրետ փուլում վարկածները, որոնք առաջ էին քաշվում, տարբեր էին: Օրինակ, կարելի է հիշել 2012-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած շրջանը, երբ հայաստանյան լրատվամիջոցների 90 տոկոսից ավելին նախանձելի միասնությամբ եւ համառ վստահությամբ պնդում էին իրենց ընթերցողներին, որ ԲՀԿ-ն նորից մտնելու է կոալիցիա՝ այդպիսով կատարելով իշխանության քարոզչական գործիքի դերը, որովհետեւ այդ կանխատեսումները, վերլուծությունները եւ «հավաստի աղբյուրներին» հղումները ոչ այլ ինչ էին, քան կեղծիք. իրականում բոլորը կատարում էին նույն կենտրոնից իջեցված տեղեկատվական պատվերը, եւ այդ օրերին շատ հստակ երեւաց, թե ո՛վ ո՛ւմ հետ է իրականում աշխատում՝ անկախ ճոռոմ ընդդիմադիր ճարտասանությունից: Մյուս առանցքային փուլերն այժմ չհիշեցնենք՝ դրանք բոլորն էլ նույն սցենարով են ընթացել. իշխանական պատվերի շրջանակում իբր վերլուծություններ, կանխատեսումներ, հղումներ, հետո՝ այդ բոլորի տապալում, չիրականացում: Բնականաբար՝ ոչ ոք ոչ մեկից ներողություն չխնդրեց, եւ նույն խաղը շարունակվեց նույն՝ անփոփոխ կանոններով:

Հիմա էլ քննադատողներն ու կասկածողները շատ են: Միշտ պետք է առանձնացնել անկեղծ մտահոգվածներին խաղեր տվողներից ու, կներեք, «բ-ություն» անողներից՝ պատասխանելով առաջինների հարցերին եւ հեռու ուղարկելով երկրորդներին:

Թե ինչ ուղղությամբ կընթանա ներկայիս գործընթացը՝ ժամանակը ցույց կտա: Կարեւորը միայն այն է, որ վերջապես դադարենք քաղաքական գործընթացները գնահատել հուզական, անձնական, գեղարվեստական չափանիշներով: Քաղաքականության մեջ չկան լավ ու վատ տղերք, հրեշտակներ ու չարքեր: Հասարակությունը պետք է ամեն կոնկրետ իրավիճակ գնահատի իր շահի տեսակետից եւ քաղաքական ուժերի ներուժն էլ ծառայեցնի իր նպատակին: Լավ տղերքի կուսակցություն գոյություն չունի. կան ուժեր, որոնք կարող են հակակշռել իշխանությունը յուրացրած խմբի ուժին՝ խոչընդոտելով իշխանության հետագա կենտրոնացման գործընթացը, որը մարտահրավեր է բոլորիս: Եթե ու երբ հակակշռող ուժ չլինի, տուժելու ենք բոլորս՝ կասկածողներն ու հավատացողները, քննադատներն ու պաշտպանները: Ինչպես ասվում էր սովետական այլախոհական բանաստեղծություններից մեկում՝ «больше некуда будет уехать, всюду будет советская власть» («այլեւս տեղ չի մնա գնալու, ամենուրեք սովետական իշխանություն է լինելու»):

Այսօր ունենք եզակի իրավիճակ՝ այն իմատսով, որ խորհրդարանական խոշոր ուժերից երեքը միավորված են մեկ օրակարգի շուրջ, իսկ դա իրոք հզոր հակակշիռ կարող է լինել իշխող խմբին: Իր ներուժով այս դաշինքը երեւի կարելի է համեմատել միայն «Միասնություն» դաշինքի հետ (որը նույնպես, ի դեպ, նախկին քաղաքական մրցակիցների միություն էր): Եթե այդ ներուժը շարունակի բացվել, ապա Հայաստանը կարող է իրոք կանգնել լուրջ փոփոխության շեմին: Սա՛ է ամբողջ պատմությունը՝ կա՛մ լայն համախմբմամբ կարողանում ես իրական հակակշիռ ձեւավորել բռնապետությանը, կա՛մ էլ տանը սուս-փուս նստում ես՝ մեկ-մեկ «հեղափոխելով» ֆեյսբուքը: Ցանկացած անհատ կամ խումբ, որը մի օր փորձելու է իրապես իրավիճակ փոխել Հայաստանում, միեւնույն է, կանգնելու է նույն խնդրի առջեւ, եւ ուզած կամ էլ չուզած՝ գործ է ունենալու այն ուժերի եւ այն մարդկանց հետ, որոնք Հայաստանում կան՝ Մարսից սուրբ հրեշտակներ ներբեռնելու փոխարեն:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում մի խումբ երիտասարդներ տապալել են Մակարևիչի համերգը ‘
Հաջորդ հոդվածը‘Պլատինին ՖԻՖԱ-ի՝ կաշառակերության փաստերը բացահայտելուն դեմ չէ’