‘Խմբագրական. Մարտի 1-ի հանրահավաքը կզատի իրարից զուլալն ու պղտորը’

3252

Վերջին օրերի հայտնի իրադարձություններից հետո ի՞նչ է պակասում Սերժիկ Սարգսյանին` Քաջ Նազարի փափախը գլխին քաշելու ու «գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն կողմն անցեք» ասելու կամ արեւին հրամայելու, որ ոչ թե արեւելքից ծագի, այլ արեւմուտքից:

Թվում է` ոչինչ: Իոսիֆ Վիսարիոնովիչին կապկելով` ստաժավոր չեկիստը հրահանգը տվեց, ու ՀՀԿ-ական կոմսոմոլիկները 37-ականների ոչ անհայտ  «տրոյկայի» մեթոդներով կրակահերթ արձակեցին դեպի թիրախը: Թիրախը նահանջեց` կյանքը գերադասելով մահից:

Աննկուն «ընդդիմադիրների» փոքրիկ խմբակները հրճվանքից տրտինգ տվեցին` «խրախճանք ժանտախտի ժամանակ» մոտիվներով, եւ սկսեցին, ինչպես միշտ, անձնազոհաբար մաքառել ընդդեմ ոչ թե նորօրյա թերհաս ստալինիկի, այլ Կոնգրեսի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ամենաանկեղծները նույնիսկ ազնվորեն ու մանկամտորեն բարձրաձայնեցին իրենց երջանկության պատճառը` մոտավորապես այսպիսի խոստովանությամբ` էս մի ուժին էլ Սերժիկը ոչնչացրեց, առաջին գծում հիմա մեր «ընդդիմադիրն» է («հաղթական ուռա՜»-ն երեւի խնջույքի սեղանի մոտ են գաղջ մթնոլորտ արտանետել, կամ էլ` ընտանեկան ջերմ մթնոլորտում):

Այս պահին ի՞նչ ունենք: Ունենք Սերժիկ Սարգսյան` իր «քառասուն» ավազակներով, եւ նրանց անթաքույց կամ գրեթե անթաքույց սատարող «ընդդիմադիր» ջոկատներ, որոնցից մեկը խոստանում է հանրությանը` «ինստիտուցիոնալ» պայքար մղել` հենց որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում այդ «ինստիտուտը» կձեւավորվի («էշ, մի սատկի, գարուն կգա»), ձեռի հետ էլ Ազգային ժողովում ապաշնորհ ներկայացումներ է բեմադրում` «ա՛հ, օ՛հ» հիացական բացականչությունների «բարձր հովանու ներքո» իր կայունացած ու ապահով կյանքն առանց ցնցումների վայելելու համար: Սերժիկ Սարգսյանն ու իր «քառասուն» ավազակները «տուշ» են տալիս այս ջոկատի «սերժանտին», ու կյանքն, ինչպես ասում են, ընթանում է Հայաստանը 37-ականների մանրակերտ դարձրած Բաղրամյան 26-ի զավթիչի գծած ուղիով:

Ունենք Հայ ազգային կոնգրես, որը, կարծես, կրկին միայնակ է Սերժիկ Սարգսյանի ռեժիմի դեմ, կրկին պատրաստ է փողոց դուրս գալ ու պայքարել` որքան էլ վերոնշյալ ուժերը փորձեն մկնաառնետային մեթոդներով ջլատել այս ուժին:

Եվ ունենք ամենակարեւորը` ավազակախմբի դեմ մինչեւ կոկորդը ատելությամբ լցված հասարակություն, որը նույնպես պատրաստ է փողոց դուրս գալ եւ պայքարել իր ոտնահարված եւ ամեն օր, ամեն ժամ բռնաբարվող իրավունքները վերագտնելու համար:

Ունենք վերջին օրերին չեկիստական նենգ, ստոր ու անբարոյական հարվածներից շփոթահար մի ուժ, նաեւ չկողմնորոշված ընդդիմադիր ուժեր, որոնք առայժմ սեփական հավակնություններն են առաջ մղում` գերագնահատելով իրենց հնարավորությունները: Եթե սրանց հայտարարությունները, ըստ որոնց` վճռական են ավազակախմբի դեմ պայքարում, անկեղծ են, ուրեմն` վաղ թե ուշ  կմիանան ըմբոստ հասարակության պայքարին` դարակում պահ տալով իրենց անձնական համակրանքն ու հակակրանքը:

Ազատության հրապարակում Մարտի 1-ի հանրահավաքը կզատի իրարից զուլալն ու պղտորը: Պղտո՞րը կլինի փոքրամասնություն, ուրեմն` Քաջ Նազարն իր «գյադեքի» հետ կմտնի թախտի տակ ու կսպասի իր արժանի պատժին: Զուլա՞լը կլինի փոքրամասնություն, ուրեմն` հասարակությունը կշարունակի վայելել «գյադաների ժամանակի» պերճանքն ու թշվառությունը:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘ Երկրաշարժ ՀՀ տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Անկարան հերքում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվությունը’