‘Խմբագրական. «Մարտնչող» Վովա Գասպարյանը` երկու քարի արանքում’

2792

Անցած շաբաթ ՀՀ փառապանծ ոստիկանությունն «Արզնի» օդանավակայանում զորավարժություններ անցկացրեց ընդդեմ… Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համակիրների:

Հենց այդպես: Ոստիկանները բաժանվել էին երկու խմբի: Ըստ լրատվամիջոցների` մի խումբը գոռում էր` Լեւո՛ն, Լեւո՛ն, Լեւո՛ն, իսկ մյուս խումբն էլ ձեռից եկած ամեն ինչ անում էր, որ «Լեւո՛ն, Լեւո՛ն, Լեւո՛ն» չգոռան:

Առաջին խմբին պայմանականորեն անվանենք «լեւոնականներ», իսկ նրանց դեմ պայքարող խմբին` «մարտնչող տգետներ»` օգտվելով ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտքի գոհարներից (այդ, այսպես կոչված, զորավարժությունների ժամանակ նա խոստացավ պայքարել «մարտնչող տգիտության» դեմ):

Թե ինչու էր առաջին խումբը «Լեւո՛ն, Լեւո՛ն, Լեւո՛ն» բացականչում, ոչ թե, ասենք` Պարու՛յր, Պարու՛յր կամ Պետրո՛ս, Պետրո՛ս (Մակեյան, էլի), կամ էլ`մեկ այլ «վճռական ընդդիմադրի» անուն, սրա համար թող անհանգստանան այսպես դաժանաբար անտեսվածները, իսկ մենք ընդամենն արձանագրենք եւս մեկ անգամ, որ իշխանությունները շարունակում են իրենց իշխանության կորստի իրական վտանգը տեսնել «լեւոնականների» շարքերում:

Դառնանք «մարտնչող տգիտությանը», որից պատրաստվում է ազատվել «սառը ցնցուղի» մասնագետ Վլադիմիր Գասպարյանը:

Տարվելով վերջինիս տղայական «հումոր»-հոխորտանքով («Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»), լրագրողները գրեթե աչքաթող արեցին այն դարակազմիկ փաստը, որ Վովա Գասպարյանը մտադիր է ազատվել «մարտնչող տգիտությունից»:

Փաստորեն` էս մարդն ուզում է պետական հեղաշրջում անել:

Հայաստանում ո՞վ չգիտի, որ բոլոր «մարտնչող տգետները» ապահով ծվարել են Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո: Ո՞վ չգիտի, որ, օրինակ, Հայաստանի տնտեսության ուղիղ կեսը մտնում է «Գալիվուդի աստղ» Սաշիկի գրպանը: Ո՞վ չգիտի, որ Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության գրեթե կեսը մաշտոցյան այբուբենի տառերի կեսը չգիտի, եւ ամեն անգամ սրանց հանդիպումը լրագրողների հետ` «մե քեֆ, մե ուրախություն» է: Ո՞վ չգիտի, որ կարկառուն հանրապետականներից շատերն այնքան տգետ են, որ «պարզ» մարդասպանությունը համարում են «տղամարդկություն», իսկ անհագուրդ լափելն էլ` «առնականության» առհավատչյա:

Բոլորն էլ գիտեն: Նույնիսկ Վլադիմիր Գասպարյանը գիտի: Եվ ահա` լրագրողների առջեւ հերթական անգամ ժողթատրոնի դերասանի պես կեցվածք ընդունելով, հումորի ծով ցնցուղագետը խոստացավ մեր երկիրն ազատել «մարտնչող տգիտությունից»:

Իսկ գուցե հիմա ես անգթաբար զրպարտեցի՞գլխավոր ոստիկանին: Գուցե նա ամենեւին էլ Հայաստանի իշխանությունների՞ն նկատի չուներ` «մարտնչող տգիտություն» ասելով: Գուցե նկատի ուներ նրանց, ովքեր տարիներ շարունակ պայքարում են, որ պատժվեն Մարտի 1-ի մարդասպանները (եւ ոչ միայն), պայքարում են, որ օրենսդիր մարմնում աթոռներ զբաղեցնեն տառաճանաչները, ոչ թե կոճակ սեղմող խամաճիկները, պայքարում են, որ գործադիր մարմնում «քյոխվաներ» չբազմեն ու ճամարտակեն սոցիալական արդարության մասին, պայքարում են, որ մեր երկրի նախագահն այնպիսի մարդ լինի, որ ամեն անգամ նրա խոսքը լսելիս` ամոթից չկարմրեն Հայաստանի քաղաքացիները…

Եթե «մարտնչող տգիտություն» ասելով` Վլադիմիր Գասպարյանը նկատի ունի այս մարդկանց, եւ «սառը ցնցուղի» օպերացիայով փորձում է (իր արեւին) վախեցնել մեր հասարակության այս հատվածին, ուրեմն, ինքը նույնպես եւ նույնքան մարտնչող տգետ է, որքան իր տերերը:

Փաստորեն:

Լիզա Ճաղարյան    

Նախորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը ժամանեցին Հայաստան (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալական ՌՕՈՒ-ն միանում է Իրաքում «ԻԼԻՊ»-ի դեմ պայքարին’