‘Խմբագրական. Մեծ Եղեռնը եւ «անբռունցք պահանջատիրությունը»’

2331

Կարելի է գրեթե վստահ լինել, որ Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ մեր ժողովրդի գլխին էլի կարդացվելու են բացականչություններով եւ կարգախոսներով լի անբովանդակ քարոզներ, եւ կարեւոր չէ, որ դրանք կարող են ընկած լինել երկու՝ արտաքուստ իրար հակադիր ծայրահեղությունների միջակայքում: Հայրենասիրական թեմայի շահագործմամբ ինքնահաստատվող մեծամասնությունը երդվելու եւ երդվեցնելու է, որ երբեք չպետք է մոռնալ անցյալը, իսկ մի քիչ սնոբիստական ու ինքն իրեն առաջադեմ համարող փոքրամասնությունը կարող է հանդես գալ «չի կարելի ապրել միայն անցյալով» տիպի՝ ոչ պակաս դատարկաբան ճարտասանական վարժության վարիացիաներով: Այս խիստ դարակազմիկ, որքան եւ բովանդակալից բանավեճի ընթացքում մոռացվելու է, սակայն, վճռորոշ նրբությունը՝ հիշելուց կամ մոռանալուց առաջ անցյալը կամ որեւէ այլ երեւույթ, նախ պետք է փորձել այն հասկանալ: Մեծ Եղեռնի ի՞նչը հիշի կամ մոռանա խեղճ հայ մարդը, եթե 100 տարի անց էլ շատ քչերն են փորձել անդրադառնալ տեղի ունեցածին պատմա-քաղաքական վերլուծությամբ (սովետական շրջանի անդրադարձները մի կողմ ենք թողնում՝ դրանց ակնհայտորեն կողմնակալ բնույթի պատճառով), չնայած շատերն են փորձել անխնա շահագորել թեման խմբային կամ էլ օտարերկրյա շահերը սպասարկող նպատակների համար: Ասել, որ 1915-ին տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, եւ որ մենք պետք է հիշենք կամ մոռանանք այդ փաստը՝ նշանակում է ոչինչ չասել, այնքան ժամանակ, քանի դեռ չի ասվում նրա մասին, թե ինչո՛ւ այդպես եղավ, ո՛վ որքանո՛վ է պատասխանատու եղածի համար, եւ ի՛նչ եզրակացություններ է անհրաժեշտ անել, այլ կերպ ասած՝ քանի դեռ չկա տեղի ունեցածի որպես կոնկրետ պատմական-քաղաքական իրադարձության վերլուծությունը: Իհարկե, ծիծաղելի կլիներ հավակնել հրապարակախոսական կարճ (թեկուզ եւ երկար) նյութով բացել այս հարցերի պատասխանները, մանավանդ որ դրանք այն հարցերը չեն, որոնց առումով տողերիս հեղինակը հավակնում է ունենալ վերջնական տեսակետներ: Բայց հարցադրումներ դնելն ու որոշ դրույթներ առաջ քաշելը ինչ-որ տեղ նույնիսկ պարտականությունն է բոլոր այն մարդկանց, որոնք իրական ցավ են զգում այն փաստից, որ հայկական մեծագույն ողբերգության 100-ամյակը պետք է վերածվի դատարկախոսության հերթական շքերթի:

Արդյո՞ք թուրքերի վատ լինելը բավարար պատճառ է

Ավելի ստույգ ձեւակերպենք խնդիրը: «Ինչո՞ւ տեղի ունեցավ Մեծ Եղեռնը» հարցի պատասխանը չի կարող լինել ա՛յն, թե Օսմանյան կայսրությունը վատ պետություն էր, կամ էլ երիտթուրքերը ազգայնամոլ դահիճներ էին: Իհարկե, երկու պնդումներն էլ լիովին ճշմարիտ են՝ Օսմանյան կայսրությունը վատ պետություն էր, որի սահմաններում ապրելը ե՛ւ հայերի, ե՛ւ այլ քրիստոնյաների համար պատմական չարիք էր, եւ որի լծից ազատագրվելու ձգտումը բնական եւ արդարացի էր, իսկ երիտթուրքերը, որոնք իշխանության գալուց որոշ ժամանակ անց ավելի ու ավելի տարվեցին պանթուրքիստական ազգայնամոլությամբ, իրոք կարող են դասվել համաշխարհային պատմության մեծագույն դահիճների եւ պետական հանցագործների շարքին՝ հենց թեկուզ միայն որպես հայերի ցեղասպանության պատասխանատուներ: Այնուամենայնիվ, ո՛չ մեկը ո՛չ մյուսը հայոց Մեծ Եղեռնի պատճառներ ինքնին չեն կարող համարվել՝ դրանք ընդամենը գործոններ են, որոնք ազդել են իրավիճակի վրա, բայց իրենք իրենցով դեռ բավարար պատճառ չեն: Եթե միայն նշյալ փաստերն ինքնին լինեին պատճառ, ապա, պարզ չէ, թե ինչո՞ւ հայերիս ցեղասպանությունը տեղի ունեցավ շատ կոնկրետ պատմական հատվածում՝ Առաջին համաշխարհայինի ընթացքում՝ հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության մաս էր մոտ 400 տարի, եւ ցանկության դեպքում հայերին կարելի էր բնաջնջել այդ 4 դարերի ցանկացած հատվածներից մեկում, ընդ որում՝ կոտորողների համար շատ ավելի բարենպաստ պայմաններում: Թուրքերը դա չեն արել, իհարկե, ոչ թե հայերի նկատմամբ մեծ սիրուց կամ էլ իրենց բարի բնավորությունից ելնելով, այլ որովհետեւ հայերին որպես սպառնալիք չեն ընկալել, իսկ հայերի շահագործումը ձեռնտու է եղել պետությանը:

Ինչ վերաբերում է երիտթուրքերին, ապա, բացի այն հայտնի փաստից, որ 1908-ի օսմանյան հեղափոխությանը հաջորդած սկզբնական շրջանում նրանք հայկական առաջատար քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի պաշտոնական դաշնակիցներն էին, պետք չէ մոռանալ նաեւ, որ նույնիսկ հայերի հետ հարաբերությունների սառեցմամբ բնորոշվող հետագա տարիներին հայկական քաղաքական ուժերը շարունակում էին ազատորեն գործել Օսմանայն կայսրությունում (ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, ուր նրանք ջախջախված էին եւ օրենքից դուրս էին), իսկ Մեծ Եղեռնից ուղիղ մեկ տարի անց տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովը բաց եւ հրապարակային պայմաններում կայացավ ոչ այլուր, քան Արեմտյան Հայաստանի սրտում՝ Կարինում: Հիշեցնեմ, որ ՀՅԴ բաց, ոչ ընդհատակյա համագումար, բնականաբար, հնարավոր չէր ո՛չ Օսմանյան կայսրությունում՝ 1908-ից առաջ, ո՛չ էլ ցարական Ռուսաստանում՝ որեւէ ժամանակ: Այսինքն՝ չնայած հայ-թուրքական հարաբերությունների վատթարացմանը 1915-ի նախորդող մի քանի տարվա մեջ, դրանք դեռ պահպանում էին նախկին մերձեցման իներցիան ա՛յն աստիճան, որ Արեւմտյան Հայաստանում Առաջին համաշխարհայինի բառացիորեն նախօրեին հնարավոր էր հայկական հեղափոխական հիմնական կուսակացության բաց համագումար: Այս ամենը, բնականաբար, չի նշանակում երիտթուրքերի «լավ» լինելը, այլ պարզապես փաստ է, որը պետք է հիշել եւ հաշվի առնել՝ հասկանալու համար հետագայում տեղի ունեցածը:

Անույժ «պահանջատիրությունը»

Ճշտելով մեր հարցադրումը՝ փորձենք գտնել պատասխանի նախնական ուրվագիծը: Բազմաթիվ հանգամանքներ նպաստեցին Հայոց ցեղասպանության իրագործմանը, որոնց թվում Առաջին Համաշխարհայինի բռնկումն, անշուշտ առաջնային է, բայց մեզ տվյալ դեպքում պետք է հետաքրքրեն ոչ թե արտաքին՝ հայերիս կամքից անկախ հանգամանքները, այլ, նախ, ներքինները: Այդ առումով մեր նախնական ձեւակերպումը պետք է լինի հետեւյալը՝ Մեծ Եղեռնն իրականություն դարձրած կարեւորագույն պատճառներից մեկն այն նույն «պահանջատիրությունն էր», որն այսօր փորձում են պարտադրել որպես ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքար: Ինչո՞ւ եմ պահանջատիրությունը չակերտել: Որովհետեւ խոսքը քաղաքական պահանջատիրության յուրահատուկ ձեւի մասին է, այլ ոչ թե պահանջատիրություն երեւույթի մասին՝ ընդհանրապես: Դա կարող ենք կոչել անույժ պահանջատիրություն՝ այնպիսին, որը, ձեւակերպելով իր քաղաքական պահանջը, իր հաշվարկների մեջ ելնում է ոչ թե, նախ՝ սեփական ուժերից, այլ օտար միջամտության հույսից, այսինքն՝ պահանջում է մի բան, որ ինքն իրագործել ի զորու չէ: Նորմալ դեպքում քաղաքական պահանջատիրությունը պետք է ապահովված լինի, նախ, հարցը սեփական ուժերով լուծելու կարողությամբ եւ հավատով: Սա պարզ քաղաքական, այլեւ՝ կենցաղային ճշմարտություն է: Այստեղ եւս պետք է ճշտումներ կատարել: Նախ՝ պահանջատիրությունը չենք նույնացնում ազգային-ազատագրական պայքարի հետ ընդհանրապես՝ հայկական ազատագրական պայքարի հարցն առանձին թեմա է, որն այստեղ չենք քննարկում: Երկրորդ՝ երբ ասում ենք, նախ՝ սեփական ուժերով, նկատի չունենք, որ որեւէ քաղաքական պահանջ առաջ քաշողը պարտավոր է այն լուծել բացառապես միայնակ՝ առանց դաշնակիցների: Խնդիրը միայն այն է, որ իրական դաշնակից ունենում է նա, ով ինքն ուժ է եւ ի զորու է առաջ քաշած խնդրում ունենալ էական ներդրում, այլ ոչ թե հույսը դնում է նրա վրա, որ վճռորոշ դեր պետք է ունենան ուրիշները:

Դաշնակիցնե՞ր, թե՞ թնդանոթի միս

Արդյո՞ք հայերս ունեցել ենք իրական դաշնակիցներ: Հաճախ ենք սիրում հպարտությամբ նշել, թե հայերն ինչպիսի ներդրում են ունեցել նույն Առաջին համաշխարհայինում դաշնակիցների՝ ռուսների, ֆրանսիացիների եւ այլոց հաղթանակի մեջ: Եթե իրապես մեծ ներդրում ունեցած հայ անհատներով կարելի է իրոք հպարտանալ, ապա հավաքական՝ ազգային մակարդակով՝ ավելի շատ ցավ, եթե չասեմ՝ ամոթ ես զգում: Մենք խաբել ենք եւ շարունակում ենք խաբել մեր ժողովրդին, որովհետեւ պետք է ոչ միայն պատմենք նրան հայերի ռազմական ներդրման մասին, այլև հարց տանք, թե ինչո՞ւ հայերը, որոնք համարվել են Անտանտի, այսինքն՝ հաղթող կողմի դաշնակից, ոչ միայն ոչինչ չստացան ընդհանուր հաղթանակից, այլեւ ունեցան անհամեմատ ավելի մեծ կորուստներ, քան պարտվածները: Այստեղ լուրջ խնդիր կա, ավելին՝ կեղծիք կա: Հաղթողը չի կարող կորցնել, այն էլ՝ կորցնել այդքան շատ, որքան հայերը: Եվ հետեւաբար, մենք ոչ միայն հաղթող, այլեւ իրական դաշնակից չենք եղել: Մեր դաշնակից լինելը մեր ինքնախաբեությունն է՝ ազգը, որը կռվելով հաղթողների կողմից, ունենում է պարտվողներից ավելի մեծ կորուստներ, չի կարող համարվել հաղթողների իրական դաշնակից, այլ, որքան էլ դաժան հնչի՝ թնդանոթի միս կամ դաժանորեն օգտագործված եւ խաբված ստրուկ է:

Խնդիրն, իհարկե, օտարները չեն: Պետք չէ հերթական ողբը կապել մեծ տերությունների անարդարության մասին: Պատմության մեջ հայտնի չեն բարի կամ էլ սեփական շահն անտեսող ու ավելի փոքր ագգերին ձրի լավություն անող մեծ տերություններ (թվում է, թե այս ճշմարտությունը հասկանում են բոլորը, բայց ինչպե՞ս է հասկացողը նույն անույժ պահանջատիրությունն առաջ քաշում այսօր՝ Մեծ Եղեռնից 100 տարի անց): Խնդիրն, ուրեմն, ոչ թե օտարներն են, այլ մեր մարտավարությունը: Եթե համառոտենք, ապա մեր քաղաքական մարտավարությունն Առաջին համաշխարհայինի ընթացքում եղել է հետեւյալը՝ օտարի ուժերով, առանց բավարար ներքին ռեսուրսի՝ փորձել ազատագրել սեփական հայրենիքը: Այլ կերպ ասած՝ մենք ոչ միայն չենք փորձել խանգարել, այլեւ օգնել եւ խանդավառվել ենք այն փաստից, որ մեր հայրենիքը մեծ տերությունների գեոպոլիտիկ բախման դաշտի է վերածվում՝ մի քաղաքականություն, որն, ի դեպ, այսօր քարոզում են, եւ մի իրավիճակ, որի մասին երազում են հայոց բոլոր տիպի «-մետները», եւ որի ակնառու արդյունքները տեսնում ենք այսօր Ուկրաինայում: Նման մարտավարության դեպքում այն, ինչ տեղի ունեցավ հայերիս հետ, իհարկե, մաթեմատիկական ճշգրտությամբ անխուսափելի չէ, որովհետեւ պատմության մեջ միշտ կարեւոր դեր են կատարում, բացի օրինաչափություներից, նաեւ պատահական գործոնները, բայց, համենայն դեպս՝ շատ հավանական է:

Դաշնակցության հակասական կուրսը

Անկարեւոր չէ այստեղ հիշատակել ՀՅԴ դիրքորոշման մասին 1915-ին անմիջապես նախորդող տարիներին: Սկզբնաղբյուրների ընթերցումից բավականին տարօրինակ տպավորություն ես ստանում: Այսպես, օրինակ, Դաշնակցության հիմնադիր եռյակից՝ Ռոստոմը, որը մինչեւ 1914 թ. գործում էր Կարինում, այդտեղից Սիմոն Վրացյանին գրված իր նամակներում պարբերաբար մտահոգություն է հայտնում այն փաստից, որ հայկական գաղութներում ոգեւորություն կա մեծ տերությունների կրկին միջամտությունից Հայկական Հարցին (խոսքը 1912-14 թթ. հայտնի գործընթացների մասին է): Ռոստոմը համարում է, որ օտար միջամտությամբ հայկական խնդիրը լուծելու՝ կրկին արթնացած հույսն անօգուտ է եւ վնասակար, եւ որ իրական գործը Երկրի ներսում է ժողովորդի հետ: Առաջին համաշխարհայինի սկզբից ծավալված հայկական կամավորական շարժմանը կտրականապես դեմ էին դաշնակցական այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք էին Քաջազնունին, Ռուբեն Տեր-Մինասյանը, Սիմոն Վրացյանը, եթե ճիշտ եմ հիշում այս պահին՝ նաեւ Արամ Մանուկյանը: Սրանք միայն այն անուններն եմ, որոնք այս պահին հիշում եմ, բայց դրանք պատահական անուններ չեն: Տպավորություն կա, որ ազատագրական պայքարի բովով, այդ թվում՝ դրա խոշոր ձախողումների միջով անցած փորձառու գործիչների մեծ մասը շատ թերահավատորեն է մոտեցել Հայաստանն օտարի ուժով ազատագրելու հերթական ծրագրին: Դա պատահական չէ, իհարկե, որովհետեւ ազատագրական պայքարի ընթացքում եւ դրա կոնկրետ փորձից քաղաքական մտածողություն ձեռք բերած անձինք չէին կարող թերահավատորեն չվերաբերվել միջնադարյան մտածողությանը բնորոշ՝ «խաչակիրների զորքը կփրկի Հայաստանը» մարտավարության նոր վերածննդին: Ունենք եւ ՀՅԴ պաշտոնական որոշումը՝ 1914-ի համագումարը, լսելով տարբեր կարծիքներ, այդ թվում՝ քննարկելով երիտթուրքերի առաջարկը՝ միասնաբար կռվել ռուսների դեմ, որոշում ընդունեց գալիք պատերազմի դեպքում հայերի չեզոք դիրքի մասին: Սա քաղաքականապես ճիշտ որոշում պետք է համարել, թեեւ, գուցե՝ դժվար իրագործելի: Բայց փաստն այն է, որ Դաշնակցությունը ոչ միայն տեր չկանգնեց իր այս որոշմանը՝ տեղի տալով ապաքաղաքական զանգվածների պահի տրամադրությանը, այլեւ ակտիվորեն ներգրավվեց հակադիր՝ Անտանտի կողմից պատերազմին հայերի ակտիվ եւ կամավոր մասնակցության ծրագրի իրականացմանը: Այսինքն՝ հայկական առաջատար քաղաքական ուժը, չնայած իր առաջնային դեմքերի թերահավատությանը եւ ի հեճուկս սեփական իսկ պաշտոնական դիրքորոշման՝ բավական քաղաքական կամք չունեցավ հակադրվելու մեծամասնության պահի ազդեցությամբ ձեւավորված մակերեսային ոգեւորությանը: Բնականաբար, մեծամասնության այդ ոգեւորությունը շատ արագ մարեց եւ մեկ-երկու տարուց վերածվեց նույնքան հուզական հիասթափության, իսկ պատասխանատվությունը մնաց քաղաքական ուժին: Նույն Ռուբենն ու Արամն էին ստիպված առաջնորդել ծանր ինքնապաշտպանական մարտերը Սասունում եւ Վանում, բայց ոչ երբեք՝ նրանք, ովքեր բոցաշունչ ելույթներով հիմնավորում էին Հայաստանի ազատագրումն օտար ուժի միջոցով: Ուրեմն՝ այն ժամանակվա առաջատար քաղաքական կազմակերպության սխալը ոչ թե այն էր, որ իրավիճակը չկարողացավ ճիշտ գնահատել եւ կողմնորոշվել, այլ՝ որ քաղաքական հաստատակամությունը չկարողացավ հակադրել տարերային հոսանքին:

Հետգրություն

Այսօր էլ խնդիրը մնում է նույնը: Արդյո՞ք մեր պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի անույժ, անբռունցք «պահանջատիրությունը», թե՞ անկախ Հայաստանի հզորացումն ու զարգացումն ամեն գնով, որը մի օր հիմք պետք է դառնա արդեն «բռունցքավոր» պահանջատիրության:

Բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ՝ ներկայացված տեսակետիս հետ կապված, ինչը բնական է: Ուրախ կլինեմ նաեւ ազնիվ եւ հիմնավորված քննադատության համար: Միայն թե մի բանում վստահ եմ՝ առանց նման հարցադրումների բարձրացման՝ հնարավոր չէ իրապես իմաստավորել մեզ հետ տեղի ունեցած ողբերգությունն ու անհրաժեշտ եզրակացություններ անել դրանից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. ՀՀԿ-ական. Կան արժեքներ, որոնք բարձր են գնահատվում Եվրոպայի կողմից, որը հարիր չէ մեր երկրին’