‘Խմբագրական. Մեկ անգամ դավաճանածը….. ‘

3038

Եթե խոսեցնես, ապա Հայաստանում բոլորը կարծում են, որ քաղաքականության մեջ պակասում է բարոյականությունը, եւ որ իրենք ահավոր ցավում են դրա համար: Իրականում՝ շատ անգամ չենք նկատում, որ ոչ միայն մարսում ու հանդուրժում ենք, այլեւ, կամա թե ակամա՝ խրախուսում ենք անբարոյականությունը, օրինակ՝ դրա այնպիսի դրսեւորումը, ինչպիսին է դավաճանությունը, անհավատարմությունը: Հատկապես հայ քաղքենին դավաճանության եւ անհավատարմության ֆանատ է՝ առանց գիտակցելու իսկ այդ փաստը:

Դավաճանի՛ր, եւ կլինես սիրված տղա, ողջունելի մարդ, կարեւորը նաեւ՝ «ազատ», «ազնիվ», «այլախոհ» եւ «նոր»: Դավաճանությունը կարծես կնունք է, որի միջով անցնելուց հետո մարդը մաքրվում է, թարմանում է, լիովին նոր մարդ է դառնում: Տարիների ընթացքում բազմաթիվ դրամատիկ պատմությունների ականատես դարձանք՝ երեկ նեղ օրվա մեջ հայտված մեկին հայհոյում էին վերջին խոսքերով, իսկ այսօր նույն հայհոյողները դարձել են լեն օրվա ընկերներ: Ինչո՞ւ: Որովհետեւ կատարվեց «համաժողովրդական» պահանջը՝ նախկին հայհոյվողը, ատելին, սատանան դարձավ ազատ, անկախ եւ գրեթե միացյալ. անցնելով դավաճանության քավարանով՝ նա «հրաժարիմք» ասաց իր անցյալին:

Ի՞նչ դավաճանության մասին է խոսքը: Մարդը կարող է եւ նույնիսկ պարտավոր է քննել, վերլուծել եւ անհրաժեշտության դեպքում վերանայել իր կարծրացած դիրքորոշումները (խոսքը ոչ թե բարոյական սկզբունքների, այլ հենց դիրքորոշումների մասին է): Եվ եթե մի օր նա համարում է, որ հասունացել է որակապես նոր փուլի համար, նա նույնպես ոչ միայն ազատ է, այլեւ ինչ-որ տեղ պարտավոր է ազատվել անցյալի կապանքներից: Բայց դավաճանությունն ուրիշ է: Դավաճանն իրականում չի ուզում եւ չի կարողանում ազատվել անցյալից, որովհետեւ մի բանից ազատվածը կռիվ չի անում իր համար արդեն իմաստը կորցրածի դեմ: Կռվում ես նրա դեմ, ինչն արդիական է՝ մարսված չէ, հաղթահարված չէ, հետապնդում է քեզ: Դավաճանն իրականում անհաջողակն ու պարտվածն է, որը փախչում է չլուծված խնդրից դեպի թվացյալ ազատություն, որն իրեն խոստանում է, բայց իրականում չի կարող տալ դավաճանությունը: Դավաճանը նա է, ով ոչ թե ցտեսություն է ասում իր անցյալին՝ վերցնելով այդտեղից արժեքավորը եւ մոռանալով անիմաստացածը, այլ շարունակ թքում է անցյալի՝ իր ընկերների, նվիրվածների, իր համար կռիվ տվածների, վերջին հաշվով՝ հենց ինքն իր վրա: Բայց դավաճանությունն ազատություն չի տալիս, հակառակը՝ է՛լ ավելի եւ այս անգամ վերջնականապես կապում է դավաճանին իր անցյալի հետ: Դավաճանված անցյալը վերածվում է անարյուն, բայց դրանով իսկ՝ անմահ ուրվականի, սեւ խոռոչի, որն այնքան է մեծացնում իր ներքին տիրույթը դավաճանի հոգում, որքան ավելի է ուրացողը պայքարում նրա դեմ: Դավաճանն անհույս պարտված է, որովհետեւ ինքն իրեն ստորացնողը, ինքն իր դեմ կռվողն այլեւս կործանվածի հոգեբանություն ունի:

Բայց արտաքուստ դավաճանին թվում է, թե նա այժմ վերջապես ձիու վրա է: Նախկինում անիծված ու սատանա էր՝ ուներ հավատարիմներ, բայց եւ ատողներ ու թշնամիներ: Այժմ դառնում է ազնիվ ու լավ տղա՝ ատողներ գրեթե չունի, իսկ ընկերների թիվը մեծանում է (ընտելացված սատանան նույնիսկ համակրելի է պատվելի հասարակության համար, կարելի է հետը նկարվել, ձեռ տալ, սուրճ խմել): Լայքերի քանակն ու ճանաչելիությունը գլուխ են պտտեցնում, մանավանդ որ վարձու տեխնոլոգները, որոնք նրա անունից վարում են համացանցային էջը, խոստանում են հեշտ եւ արագ հաջողություն՝ ըստ «ֆիրմա» դասագրքերից վերցված թույն ռեցեպտների, իսկ մարդկային դեմք ստացած, բայց նախկին սատանայից մի քանի հատկանշական դիմագիծ պահպանած հեռանկարային ջահելի «ռասկրուտկան» կատարվում է գրեթե պետական մակարդակով: Լավ է, իհարկե, երբ ունես ճանաչելիություն, լավ իմիջ եւ լայքերի մեծ քանակ՝ ոչ ոք դրանից չի տխրում, եւ պետք էլ չի, որ տխրի: Բայց տխրելու է վերջում նա, ով այդ քանակական եւ տեխնիկական տվյալները շփոթել է իրական հաջողության առաջնային գրավականի հետ: Դրանք կարեւորություն կստանան եւ դեր կխաղան միայն այն դեպքում, եթե բացի լայքիստներից ու լեն օրվա ընկերներից, կունենաս նաեւ վճռական պահին քեզ համար կոնկրետ կռիվ տալու պատրաստ, հավատարմությունը դրոշ եւ դավանանք դարձրած մարդկանց, թեկուզ ոչ այնքան մեծ (տասնյակների հասնող), բայց վճռորոշ քանակ: Լայքիստները, որոնց զգալի մասը քեզ սիրում է մեկ ուրիշի ինադու, նաեւ՝ հանուն քո դավաճանության, տանը նստած է լինելու «կռվի» օրը եւ քեզ համար չոլերը չի ընկնելու, իսկ տեխնոլոգները միշտ կգտնեն ա՛յս անգամ թույն տեխնոլոգիաների չգործելու պատճառը: Բայց դավաճանն, ամենայն հավանականությամբ, չի ունենա այդ փոքր, բայց վճռորոշ քանակը, որովհետեւ այդտեղ պահանջվում են հենց հավատարիմ, անդավաճան որակի մարդիկ, որոնց ինքը դավաճանը բնազդաբար վանում է իրենից, եւ ումից նրանք էլ բնազդաբար վանվում են: Մարդիկ կարող են շատ բան չիմանալ եւ չգիտակցել, բայց ենթագիտակցորեն՝ ամեն մեկը գիտի ճշմարտությունը ե՛ւ ինքն իր, ե՛ւ այլոց մասին՝ դավաճանը գիտի, որ ինքը դավաճան է եւ արժանի է պատժի, իսկ նրան հանուն դավաճանության սիրողները գիտեն, որ այդ սերն իսկական չէ, այլ «պապայի ինադու»: Եվ սրան էլ ավելանում է այն, որ վարձու տեխնոլոգների հիմնական մտահղացումը՝ «ընտելացված սատանայի» կերպարը, լավ է աշխատում ԶԼՄ դաշտում, լավ է աշխատում՝ որպես քանակային պոպուլյարություն բերող, բայց դրա համար կռիվ չեն տալիս, այլ միայն լայքում: Առանց իսկական «կռվի», սակայն, չի լինելու եւ հաջողություն, նույնիսկ՝ եթե հույսդ «գրեթե» պետական, նաեւ՝ «գերպետական» հովանավորությունն է:

Դավաճանի վերջը գորշ է եւ անհետաքրքիր, բայց ավելի հետաքրքիր է այն, թե ե՞րբ ենք գիտակցելու, որ դավաճաններ բուծելը եւ նրանց խրախուսական մրցանակներ տալը սխալ է, նույնիսկ՝ եթե դավաճանը հակառակորդի ճամբարից է: Մի անգամ դավաճանածը…..

 

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիայի իշխանությունները ՖԻՖԱ-ի գրասենյակից տվյալներ են վերցրել’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Բարսելոնայի նախագահական ընտրությունների օրը’