‘Խմբագրական. Մեկ միտում, երկու ծրագիր, անխուսափելի ընտրություն’

2225

Նախքան ընդդիմադիր քաղաքական որեւէ նախագծից խոսելը՝ կարեւոր է արձանագրել Հայաստանի քաղաքական զարգացման այսօրվա հիմնական միտումները: Ոչ թե ինչ-որ երկրորդական մանրամասներով, ոչ թե կենտրոնանալով ինչ- որ, կներեք, «տռֆս»՝ ով-ում-խի-այո՛-ծափիկ սովորական հայաստանյան «թոփ թեն օֆ ռաբիզի» վրա, այլ բոլոր անձնական, սուբյեկտիվ, անունավոր եւ մականունավոր, գունավոր, հուզական, «հավես», ֆանտիկային, հռետորական-ասմունքային շեշտադրումներից դուրս՝ չոր-սխեմատիկ, գրաֆիկական, սեւ-սպիտակ, մեկ-երկու հպումով արվող պատկերն է անհրաժեշտ հասկանալ:

Շարժում դեպի ո՞ւր, որտեղի՞ց, ինչի՞ միջոցով, ինչպիսի՞ ակնկալվող հետեւանքներով: Մնացածը՝ անունները, գույները, կապերը, անձնական համակրանքները, կարելի է ավելացնել ըստ ճաշակի հընթացս՝ հիմքը պարզելուց հետո: Թե չէ բոլորն ուզում են ճաշ եփել առանց հիմնական բաղադրիչների՝ մենակ համեմունքներով:

            Հայաստանյան քաղաքական իրավիճակի հիմնական միտումն այսօր իշխանության կենտրոնացման միտումն է: Ոչ բացարձակ, բայց բավականին հստակ նշմարվող: Ի՞նչ  ասել է իշխանության կենտրոնացում: Ինքնին՝ դա ոչ լավ, ոչ էլ վատ երեւույթ է՝ չեզոք եզր է, որը բացասական կամ դրական երանգավորում կարող է ստանալ՝ նայած կոնկրետ ժամանակաշրջանի եւ տարածքի կոնկրետ պայմանների եւ շրջարկի:

Մեզանում այն եւս, գոնե առաջին հայացքից, բավականին հակասական դրսեւորումներ ունի: Օրինակ՝ իշխող կուսակցության պաշտոնական ձայների քանակն ընտրությունից ընտրություն ավելանում է, եւ հասարակությունը դա բացասական է գնահատում: Մյուս կողմից՝ մեզ անընդհատ ակնարկում են, որ իշխանության կենտրոնացման արդյունքում հայտնի օդիոզ դեմքերը, որոնց սովորաբար մեզանում կոչում են «ֆեոդալ» կամ «օլիգարխ», կարող են զրկվել իրենց հնարավորություններից, ինչը հասարակությունը դրական է գնահատում: Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք կողմնորոշվել այս իրավիճակում: Հիմնական չափանիշն  այն է, թե դեպի ո՛ւր է տանում իշխանության կենտրոնացումը տվյալ երկիրը տվյալ իրավիճակում ՝ դեպի առաջընթա՞ց, թե՞ դեպի լճացում եւ հետընթաց:

Նախ՝ հասկանանք, թե ի՛նչ կենտրոնացում, եւ ինչո՛ւ՝ կենտրոնացում: Լավագույն միջոցն այստեղ համեմատությունն է: Թեեւ անկախ Հայաստանի քաղաքական համակարգն ընդհանուր առմամբ ներգծված է հետսովետական տարածքի այլ քաղաքական համակարգերի ընդհանուր տրամաբանության մեջ, սակայն, բնականաբար, կան նաեւ կարեւոր յուրահատկություններ: Համեմատենք, ուրեմն, մերն ու միջինացված հետսովետականը:

Մե՛կ կլան, մե՛կ իշխող քաղաքական ուժ, «մե՛կ» փող՝ ահա՛ միջին հետսովետական բռնապետական համակարգի համառոտ ձեւակերպումը՝ տեղական երանգները մի կողմ թողած (սրան շատ մոտ համակարգ ձեւավորված է, օրինակ, Ադրբեջանում): Ֆորմալ իմաստով՝ իշխող ուժն այդպիսի համակարգում միավորված է մեկ իշխող կուսակցության մեջ, որը ձեւավորված է վարչական մեթոդներով, վերեւից եկած հրահանգով, եւ չունի որեւէ քաղաքական անցյալ եւ պատմություն՝ նախքան իշխող դառնալը: Միակենտրոն է նաեւ տնտեսական համակարգը, այլ կերպ ասած՝ «օլիգարխիկ» կամ «ֆեոդալական» տարրը նվազ դեր է կատարում կամ, ավելի ճիշտ, որպես «օլիգարխներ» հանդես են գալիս ոչ թե գործարարները, որոնք որքան էլ սերտաճած լինեն իշխող համակարգի հետ, սակայն սկսել են որպես իրական գործարարներ եւ պահպանում են ինքնավարության թեկուզ նվազագույն չափ նաեւ հետագայում, այլ բուն իսկ պաշտոնյաները, քաղաքական եւ վարչական վերնախավի, կլանի ներկայացուցիչները:

Հայաստանան համակարգն ակներեւ տարբեր է եղել եւ այսօր էլ դեռ է՛: Վերցնենք 2000-ականներից մեր երկրին բնորոշ միջին պատկերը: Ֆորմալ առումով՝ չենք ունեցել մեկ իշխող կուսակցություն, այլ կուսակցությունների կոալիցիա: Որքան էլ ասենք, որ կոալիցիաները կրել են ձեւական բնույթ, այնուամենայնիվ՝ դա համեմատաբար ավելի ապակենտրոնացած համակարգ է, քան մեկ իշխող ուժի մոդելը: Բացի այդ, տարբեր շրջաններում կոալիցիա կազմող կուսակցություների գերակշիռ մասն ունեցել է քաղաքական պատմություն՝ նախքան իշխանության մաս կազմելը, այսինքն՝ որքան էլ դրանք ապաքաղաքականացվել (վարչականացվել) են՝ որպես բռնատիրական համակարգի մաս, սակայն գոնե ծագմամբ քաղաքական են եղել: Ակնհայտ է, սակայն, որ այս մոդելն էլ տարիների ընթացքում ձգտում է դեպի ավելի կենտրոնացված եւ միակուսակցական տարբերակ: Այսօրվա ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան արդեն ավելի շատ հուշ է դեռեւս մի 4 տարի առաջ գոյություն ունեցած ավելի բազմաշերտ կառուցվածքի: Միտումն, ուրեմն կոալիցիոն սկզբունքի նաեւ ձեւական վերացումն է՝ մեկ իշխող ուժի իշխանության պաշտոնական հաստատմամբ: Սակայն նույնիսկ այդ դեպքում, կարելի է ենթադրել, որ վերջին տրամաբանական քայլը պետք է լինի նաեւ ՀՀԿ լուծարումը՝ որպես մի ուժի, որն ունեցել է քաղաքական, այլ ոչ թե զուտ վարչական ծագում եւ նախապատմություն, եւ դրա փոխարեն նոր՝ լիովին վերեւից վարչական մեթոդով ձեւավորված իշխող ուժի ստեղծումը:

Հայաստանում չկա եւ չի եղել նաեւ դասական իմաստով կլան, թեեւ կլանային համակարգի մասին շատ ենք խոսում: Հետեւողական կլանային համակարգը ենթադրում է հիմնական պաշտոնների համալրումը կլանային, ապա եւ ընդհուպ ընտանեկան սկզբունքով: Այսինքն՝ նման համակարգի դեպքում, օրինակ, վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլն, պետք է լինեին նախագահի «զեմլյակները» կամ էլ ազգակիցները: Նույնը վերաբերում է նաեւ «օլիգարխներին», որոնց ցուցակը ավելի կենտրոնացած համակարգում պետք է մեծամասամբ բաղկացած լինի, ինչպես ասացինք, ոչ թե գործարարներից (թեկուզեւ՝ իշխանության հետ սերտաճած եւ իշխանական «օբշակ» մուծվող), այլ նախ հենց պետական պաշտոնյաներից եւ կլանի ու ընտանիքի ներկայացուցիչներից:

Կա՞ մեզանում նման զարգացման հնարավորություն: Կա, համենայն դեպս, քաղաքական մի ծրագիր, որի իրականացումը կարող է հանգեցնել նման իրավիճակի: Այդ ծրագիրը պայմանականորեն կարող ենք կոչել «հեղափոխություն վերեւից» ծրագիր, որը բաց կամ քողարկված քարոզվում է, այսպես կոչված, «անկախ» ԶԼՄ-ների մի մասի կողմից: Կարելի է ասել, որ այն ներկայացնում է «ողջախոհ» երիտթեւի ծրագիրը: Հետաքրքիր է, որ այն ներկայացվում է որպես առաջադիմական, քանի որ հիմնական շեշտը դնում է «օլիգարխիայի» եւ «ֆեոդալիզմի» դեմ պայքարի վրա: Չնայած երկուսն էլ անստույգ եզրեր են հայաստանյան իրականության նկատմամբ, բայց եթե ընդունենք, որ դրանք համեմատաբար պակաս կենտրոնացված բռնապետության պայմանական անվանումներ են, ապա, իրավ, երկուսի դեմ էլ պատմական եւ հասարակագիտական տեսակետից երկու տարբերակ կա՝ դեմոկրատացում կամ ավելի ուժեղ կենտրոնացում՝ բռնատիրություն:

Ո՞ր տարբերակն է ավելի հավականան մեզանում: Եթե ճնշումը գա ներքեւից, ապա, պետք է աշխատի  դեմոկրատացման տարբերակը, իսկ եթե նախաձեռնությունը գալիս է վերեւից, ապա բնական արդյունքն է է՛լ ավելի կենտրոնացած բռնատիրությունը: Որեւէ իշխող խավ կամովին չի զիջի իր իշխանությունը հասարակությանը, նույնիսկ՝ եթե իշխող խավում լինեն անձինք, որոնք տեսականորեն կրողն են առաջադիմական արժեքների, եւ նույնիսկ՝ եթե բոլորը հասկանում են, որ երկրի զարգացման տեսակետից՝ տվյալ պահին առավել արդյունավետ տարբերակը դեմոկրատացումն է: Դրանք համակարգային օրինաչափություններ են, որոնք վեր են ներգրավված անձանց կամքից, ձգտումներից եւ գիտակցությունից: Հետեւաբար՝ առաջին հայացքից առաջադիմական թվացող «հեղափոխություն վերեւից » ծրագրի իրականացման դեպքում այն բերելու է է՛լ ավելի կենտրոնացված բռնապետության, որը շատ մոտ կարող է լինել ալիեւյան տիպի համակարգին:

Եթե դա իրականանա, ապա՝ ա. ընդդիմադիր քաղաքական գործունեության նույնիսկ այն չափի մասին, որն այսօր Հայաստանում հնարավոր է, հարկ կլինի մոռանալ: Ընդդիմանալու միայն մեկ ձեւաչափ է հնարավոր լինելու՝ անհատական կամ փոքր խմբային լուսանցքային այլախոհությունը կամ էլ արեւմտյան ֆինանսական աղբյուրներից սնվող «ՀԿ-իզմը», բ. լրատվական դաշտի վերջնական եւ ամբողջական վերահսկողություն: Այսինքն՝ նույնիսկ այն չափի իրապես անկախ ընդդիմադիր խոսքը, որն այսօր հնարավոր է, պարզապես վերանալու է, եւ լավագույն դեպքում կհանդիպենք ֆեյսբուքում եւ բլոգներում: Ասում եմ՝ լավագույն դեպքում:

Պետք է շեշտել, որ այս պահին այլ հայեցակարգային ծրագիր Հայաստանի իշխանամետ դաշտում գոյություն չունի: Այլ բան է, որ իշխանության մեջ գոյություն ունեն տարբեր թեւեր եւ թեւիկներ, որոնց մի մասի շահերը հակասում են «ողջախոհ» թեւի ծրագրին, կամ էլ հենց ինքը «ողջախոհ» թեւն ինչ-որ տեղ պայմանական եւ իր հակասություններն ունեցող երեւույթ է: Բայց «ողջախոհից» դուրս՝ բոլոր մնացած թեւերն ու թեւիկները չունեն ապագայի ծրագրեր եւ դրա սպասարկելուն ուղղված կառուցվածքներ: Նրանց մարտավարությունը զուտ պահպանողական եւ իրավիճակային է՝ պահել այն, ինչ կա, եւ գործել ըստ իրավիճակի:

Իսկ ընդդիմադի՞ր դաշտում: Եթե չհաշվենք սովորական ճարտասանական վարժությունները, ասմունքի երեկոները, էկլեկտիկ կեղծ-հայեցակարգային հավակնությունները, այս կամ այն անձի պաշտամունքը եւ այլ «տռֆսները», կարճ ասած՝ հայաստանցիներիս բնորոշ անզուգական անլրջությունն ու անհոգությունը, որը ոչ միայն չի հակասում, այլեւ ուղեկցվում է ամեն մի ստից խնդրից աշխարհի վերջին համարժեք պրոբլեմ սարքելու ունակությամբ, ապա, որքան էլ ցավալի լինի, սիրելի տղաներ եւ աղջնակներ, «ա տակժե իխ ռաձիծելի», ապա միակ այլընտարքնային ծրագիրը մնում է այս պահին «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխության ծրագիրը: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ ծրագիրը հավետ է, անվիճարկելի է, 100 տոկոսանոց է եւ այլն, սակայն, փաստ է, որ գոնե այս պահին բացի «ողջախոհական» «հեղափոխություն վերեւից» ծրագրից՝ կա միայն դա: Փաստ է նաեւ, որ անկախ իրենց կամքից՝ բոլոր քաղաքական սուբյեկտները, ուշ թե շուտ, կողմնորոշվելու են, ընտրելու են՝ ըստ այդ երկու բեւեռային ծրագրերի, եթե արդեն չեն կողմոնորշվել: Ես չեմ ասում՝ չկան հայեցակարգեր, գաղափարներ եւ այլն, ես ասում եմ՝ չկա կոնկրետ տվյալ իրավիճակի յուրահատկություններից բխող եւ լուծման ընդհանուր սխեման ներկայացնող ծրագիր: Խնդիրն այստեղ միայն այն է, որ այդ ծրագրի տակ պետք է ստեղծել եւ վերստեղծել աշխատող կառուցվածքներ, որին էլ կհետեւի համապատասխան հասարակական համախմբումը: 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Դանիա’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ռեալը» կգլխավորեմ միայն այն քանդելու համար’