‘Խմբագրական. Մեր օրը տաբու է ‘

1763

Հաց էր եւ տեսարաններ: Քաղաքականությա՛ն մեջ` ներքին, թե արտաքին, տնտեսությա՛ն, եւ անգամ ռազմական ոլորտներո՛ւմ: Ամենուր տեսարաններ` իրական աշխատանքի, հաշվետվողականության փոխարեն: Եւ ոչինչ չկար՝ տեսարաններից բացի: Տեսարաններ, որոնք պետք է խաբեին մեր աչքը եւ զբաղեցնեին մեր միտքը` առավել կարեւոր թեմաներից շեղվելու համար, տեսարաններ՝ շատ ու անհամար, զանազան ու բազմազան, որոնք պետք է շեղեին ուշադրությունը անգամ այդ տեսարանների համար անիմաստ վատնվող գումարներից, որ նույնն է` ատկատներից:

Տեսարաններ՝ դատարկ ու հնարավորինս անբովանդակ, տեսարաններ՝ համեմված երկարաշունչ ճառերով: Ճառերով, որոնք նույնիսկ մեր ականջներն արդեն չէին շոյում, զի դատարկ էին ու ամբողջովին կեղծ, հորինված:

Ճառեր՝ հայրենասիրության մասին, եւ Հայրենիք, որը չէին սիրում նրանք, ովքեր ճառում էին: Ճառեր՝ հայրենասիրության մասին, եւ Հայրենիք, որ տնքում էր աղքատության բեռից նրանց պատճառով, ովքեր ճառում էին:

Ճառեր՝ հայրենասիրության մասին, եւ Հայրենիք, որն օրըստօրե կորցնում էր իր դիրքն արտաքին աշխարհում նրանց պատճառով, ովքեր ճառում էին:

Տոներ, որ աղմուկ էին բարձրացնում միայն, եւ տեսարաններ, որ չէին կարող ամոքել ցավն ու լցնել անընդհատ խորացող վիհը:

Տեսարաններ, որոնց ֆոնին խնդիրներն ավելի էին ընդգծվում, տեսարաններ, որ չէին ուրախացնում, քանզի ոչ մի ընդհանրություն չունեին մեզ հետ, մեր կյանքի, մեր ապագայի, մեր երազանքների, մեր պատկերացումների, մեր իրականության, մեր ընդվզումների, մեր պայքարի, մեր հնազանդության, մեր անհնազանդության, մեր հուսահատության եւ պոռթկումների, մեր հաղթանակի եւ ժամանակավոր հետընթացի, մեր հույսերի կամ անհուսության, եւ վերջապես ՝մե՛զ հետ` մեր օրվա հետ:

Մեր օրը տաբու էր, մեր օրվանից չէին ցանկանում խոսել, խոսում էին ուրիշի օրից, որ մեր օրից քիչ խոսենք, որ մեր օրն այսօ՛ր էլ մոռանայինք, անցնեինք`գնար: Որ զբաղված լինեինք, ու մոռանայինք, որ նոսրանում ենք, մոռանայինք, որ պարտվում ենք, մոռանայինք, որ տանուլ ենք տալիս, մոռանայինք, որ երկրում մի բան այն չէ, մոռանայինք, որ թագավորը մերկ է:

Ծաղրածուները շեղում էին ուշադրությունը թագավորի մերկությունից, փորձում էին շոյել մեր բնազդները, որ գիտակցությունը գլուխ չբարձրացնի, եւ բռունցքը երկնքին չհասնի ու թագավորին հեռանալու նշան չտա:

Տեսարան էր: Երեւանյան փողոցների աղմկաշատ տեսարաններից մեկը: Երեւանը սրտի մայրաքաղաք էր հռչակվել նորից` տարվա մեջ երկու օրով, 2795-րդ անգամ, փողոցները փակվել էին, սրտիկները կախվել, հրավառությամբ փորձում էին քողարկել լույսի բացակայությունը, ճառերն ու հերոսներն անսպառ էին… եւ այդ հսկայական հրավառության մեջ շատերը չնկատեցին, որ հրաբուխը, որն իր ձեռքով խառնել էր թագավորը, որ մերկ էր, եռում էր եւ ժայթքելու եզրին էր:

 

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Դատավորը հօգուտ մեղադրյալների (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը հաստատ Մոսկվայու՞մ է. Մամուլ’