‘Խմբագրական. Մի՛ լացացրեք տրամաբանության մայրիկը ‘

2841

Հայկական ուղղաթիռի խոցումն ու դրա հետ կապված ողբերգական ամբողջ պատմությունը մի շատ դաժան նրբություն էլ բացահայտեց հայոց քաղաքական երկնակամարում: Պարզվում է՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային լայն՝ ընդգրկուն, համամարդկային ու համատիեզերական վերլուծաբանները, փորձագետները եւ անկախ համակիրները, ինչպես միշտ, իրենց ուրույն՝ գլոբալ տեսակետն ունեն ուղղաթիռի խոցման, տղաների մարմինների վերադարձի եւ այդ հարցում միջազգային կառույցների դերակատարման մասին: Մի երիտասարդ քաղաքական գործիչ արդեն քանի օր է՝ հացադուլ է անում ԵԱՀԿ գրասենյակի մոտ (չենք քննարկում այն հարցը, թե, ընդհանրապես՝ որքանով է նպատակահարմար հացադուլը, եւ կամ այն հարցը, որ վերջին շրջանում հայաստանյան քաղաքական կյանքում արժեզրկվել է հացադուլի, ինչու չէ՝ վեհ գաղափարը), պահանջում է, որ այդ կառույցը ակտիվություն ցուցաբերի եւ ի վերջո ամեն ջանք ներդնի՝ վերադարձնելու համար տղաների մարմինները: Համացանցը լեցուն է ՀՀ իշխանություններին ու միջազգային կառույցներին ուղղված տարատեսակ կոչերով ու մեղադրանքներով: Իսկ գեոպոլիտիկանները տարակուսում են՝ «ի՞նչ անի Եվրոպան, ի՞նչ կապ ունի ԵԱՀԿ-ն», եւ բերում, լավագույն դեպքում՝ աչքներս են խոթում մի երկու հեղհեղուկ հայտարարություն՝ կոչ ենք անում կողմերին, լավ կլինի խելոք մնաք, պահպանեք խաղաղությունը: Ու վերջ:

Ու չես էլ հասցնում հարցնել՝ լավ, բա ո՞վ կապ ունի, եթե ոչ՝ իրենք եւ եթե ոչ՝ հատկապես ԵԱՀԿ-ն: Որովհետեւ անդադար արդարացնում են նրանց լռակյաց ու վախվորած պահվածքը: Բայց դե, ասում ես՝ դրանց գլուխն էլ քարը, մեծ հաշվով, եթե նայում ես էս ամբողջ ողբերգությանը՝ ճիշտ են ասում: Որովհետեւ գալիս հանգում ես նրան, որ եթե էս իշխանությունն իրեն փալասի պես չպահեր, ապա միջազգային արձագանքն էլ հեղհեղուկ չէր լինի: Ու հենց այստեղ է, որ պատին ես դեմ առնում: Որովհետեւ միջազգային կառույցներին արդարացնելով՝ էնպես չի, որ ի վերջո հանգում են իշխանությունների մեղավորությանը: Բանը բանից անցել է, բայց սրանք իրենց էլի պահում են այնպես, ինչպես ԵՄ-ի հետ հնարավոր ասոցացման  գործընթացի ժամանակ: Քաղաքական մի անմեղսունակ լոզունգ են խփել դոշներին, ու ինչ էլ տեղի ունենա՝ եղածը պիտի տեսնեն հենց այդ պրիզմայով, հենց այդ դրոշի ստվերի ներքո: ԵԱ՞ՀԿ: Ի՞նչ ԵԱՀԿ: Ե՞Խ: Թարգեք, այ մարդ, ի՞նչ ԵԽ: Ե՞Մ, լավ էլի: ԱՄՆ, Ֆրանսիա՞, Ռուսաստա՞ն: Այ, այ, ի՞նչ ասեցիր, հա, Ռուսաստան: Այ էդ ուրիշ բան:

Ասում են՝ դուք գեոպոլիտիկայից բան չեք հասկանում, դավադրության տեսություններին անլուրջ եք վերաբերվում, այնինչ՝ «այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ օդում, ջրում, գետնի տակ, նույնիսկ ձեր մտքներում եւ հոգիներում՝ պատահականություն չէ, ա՛յ ռուսուլմաններ, այնտեղից է հրահանգված՝ Հյուսիսից», կամ էլ թե՝ «Հյուսիսի՛ն քրֆեք, Հյուսիսի՛ն, Արեւմուտք տուտ նի պրի չյոմ» (համարյա՝ «լոշադյու խադի»): Ու ջհանդամ թե ողբերգություն չի եղել, կարեւորը՝ մի երկու տող էլ գրեն, նկարեն, տանեն-ցույց տան հաշվետվության մեջ՝ 37 անգամ հայհոյել ենք Հյուսիսին, 65 անգամ՝ պաշտպանել ենք Արեւմուտքը, 7՝ ստատուս, 17՝ վերլուծություն, 27՝ ասուլիս, 37՝ հարցազրույց: Հավքն իր թեւով, օձն իր պորտով չի կարողացել անցնել մոտակայքով, զի լացացրել ենք տրամաբանության մաման, եւ կարողացել ենք նույնիսկ անկապելին կապել ու շաղկապել իրար, չեղած բաներից անգամ՝ վերլուծություն ու հետեւություն անել, ընդունել ենք լուրջ պոզա, դեմքներիս տվել ենք լուրջ արտահայտություն, եւ հավաքել ենք 147 լայք: Մեկ քայլ առաջընթաց ենք ունեցել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ուխաաա՜յ: Հայոց պետականությունը ձեր ոտքերին ղուրբան, քանի կանք՝ Սերժիկ քեռին հա պիտի կոնֆետ ուտի, որովհետեւ մենք էլ հավատում ենք, որ կարելի է հավատալ ու փոխվել, եւ այն ժամանակ, երբ Սերժիկը ոտքը դնում է ամերիկյան կամ եվրոպական հողին, երբ ձեռքը սեղմում է ձեզնից մեկի ձեռքը՝ ինքնաբերաբար արեւմտամետ ու ժողովրդավար դառնալու ճանապարհն է բռնում, եւ հետեւաբար՝ կամաց-կամաց, մի 50-70 տարի հետո, մենք էլ ձեր պես երկիր կշինենք, իսկ մինչ այդ՝ տո՛ւր ինձ մրցանակ, ի՛նձ էլ տուր մրցանակ: Ու ջհանդամ թե՝ շատերը կմտածեն, թե մենք իրականում հակաարեւմտյան ագենտներ ենք, եւ մեր առաքելությունը՝ մեր պահվածքով ու հատկապես՝ մեր բառապաշարով, մարդկանց Արեւմուտքից խրտնեցնելն է:

Իսկ եթե կասեն՝ ախպեր, ո՞վ է սեպտեմբերի 3-ին հայտարարել արտաքին կուրսը կտրուկ փոխելու մասին, կպատասխանենք անխռով՝ դավադրության տեսության ջանին մեռնենք, անշուշտ՝ ընդդիմությունը: Ընդդիմություն որ չլիներ, Սերժիկ Մաքսային գնացող չէր, Սերժիկի սիրտ Եվրոպա կուզեր (եւ դեռ ուզում է) իրականում, ամա թե՝ ընդդիմությունը շատ գեշ բաներ կանե, Սերժիկին իշխանությունից հեռացնել կսպառնա, Սերժիկն էլ ստիպված Մաքսային կգնա, չէր ուզում, չէր ուզում Հյուսիս, չէր ուզում (Սերժիկը), ամա թե՝ ընդդիմություն Սերժիկին Մոսկվա կտանի: Պողպատյա տրամաբանություն է, չէ՞: Ամուր է, կուռ է, չէ՞: Պատ է: Հա, ի՞նչ էինք ասում: ԵԱ՞ՀԿ-ն: Այ մարդ, թարգեք, ի՞նչ ԵԱՀԿ: Հրեն՝ Երեւանն ու Ստեփանակերտը սպառնալիքներ են հնչեցրել, միջազգային հանրությունը՝ մի բոլ հայտարարություն է տարածել, ու Ադրբեջանն արդեն խուճապի մեջ է: Պատկերացնո՞ւմ եք՝ դեռ միայն սպառնալիք են հնչեցրել, ու արդեն՝ խուճապ, բա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի Ադրեբջանում, եթե նրանք համոզված լինեին, որ Սերժի իշխանության օրոք՝ ամեն սպառնալիք կարող է վերածվել գործողության: Էդ երկիրը մի րոպեում կքանդվեր: Ամեն ինչ լավ է, գեղագանգուր սինյորա, Բաղդադում ամեն ինչ հանգիստ է, կարեւորը՝ մի շեղվեք, իսկ գերխնդիրը, եթե չեք մոտացել՝ Հյուսիսն է: Հասնենք Մոսկով, մտնինք՝ Դոն: Ումո՞վ, ի՞նչ ռեսուրսով, մե՞նք: Չէ, մենք ո՞ւր մտնենք, ընդդիմությո՛ւնը: Մենք պահանջում ենք, որ ընդդիմությունը անհապաղ ու օր առաջ իրեն ընդդիմադիր հայտարարի Ռուսաստանին, եւ շուրջօրյա նստացույց սկսի ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության, այլ հյուսիսային այդ կայսրության դեմ՝ հառելով իր հայացքը ի լյառն Ռոշմոր, եւ ընդհանրապես, մենք գլոբալ խաղացողներ ենք՝ մեզ մանր-մունր՝ տեղական պուճուր մասշտաբի հարցեր չեն հետաքրքրում, լայն մտածեք պարոնայք, լայն:

Վե՞րջ: Աշխատանքային ժամն ավարտվե՞ց: Ապեր, գիտես՝ հեշտ ա՞ ընդդիմության ընդդիմություն լինելը: Բարդ ա, բարդ, բայց դե՝ տուն ա, պահում ենք, ճամփորդություն ա, բան ա, էս թեմաներն էլ որ չլինեն, մեզ հո Սերժիկը հենց էնպես փող չէր տա:  Ծանր է ու դժվար մերպեսների ճամփան, գորՁ ենք անում, գորՁ, հազիվ գորՁ ա կպել, հազիվ մեզ կարեւոր ենք զգԸմ, գնահատված: Մի խոսքով, արդեն ժամն է եկել՝ հիմա էլ ֆեյսբուքյան բատալիաների ժամանակն է, գնանք մի երկու խրոխտ ստատուս գրենք Սերժիկի հակառակորդների դեմ, էգուցվա պերերիվի փողը կպնի:

Հ.Գ. Մեկ էլ, մի որոշ ժամանակ անց, ցածր ձայնով կհավելեն՝ «ախպեր, գիտես հեշտ ա՞ ընդդիմությանը կպնելը: Սերժին քննադատելը ի՞նչ մի բարդ գործ ա, ոչ մեկը նրան չի սիրում, ինչին ձեռ ա տալիս՝ պռովալ ա, ցանկացած ոլորտի վրա մատդ դիր ու քննադատի: Իսկ մենք վիզ ենք դնում, ախպեր, չենք խնայում ոչ մի բան, նույնիսկ՝ մեր բարի համբավը, մենք մեր կյանքի գնով ենք իրան պահում, կյանքի՛»:

Հ.Հ.Գ. Հիշեցնենք, որ ուղղաթիռի խոցման օրվանից անցել է արդեն 8 օր: ԼՂ հիմնախնդրում միջնորդի կարգավիճակ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն երկու հայտարարություն է արել՝ վերջինում կոչ անելով Ադրեբջանին բարի կամք դրսեւորել եւ թույլ տալ մոտենալ խոցման վայրին, իսկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը դեռ դեպքի վայր չի հասել, որովհետեւ Ադրբեջանը չի խոստանում ապահովել յուր անվտանգությունը: Նեղանալու բան կա՞: Մեծ հաշվով ՝ ոչ: Ինչպիսին իշխանությունդ է, այնպիսին էլ միջազգային հանրության վերաբերմունքն է քո երկրին: Ուղիղ համեմատական է: Չի լինում, որ երկրիդ ներսում բոլոր հարցերը մխտռես, բայց արտաքին քաղաքականության մեջ հաջողություն ունենաս: Չի՛ լինում այդպես: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ եք ուզում միջազգային կառույցներից, կամ թե՝ այս կամ այն երկրից, ապա, մեծ հաշվով՝ այդ հարցն արդարացի է ՝ վերոգրյալի դեպքում: Բայցեւայնպես, ով աշխարհում ժողովրդավարություն ու մարդու իրավունքներ հաստատելու հարցում իրեն ռահվիրա է հռչակում, ով մեր «առաջընթացը» մոնիթորինգ է անում՝ նրանից էլ պահանջում ենք: Հո Մոնղոլիային պահանջներ չէի՞նք ներկայացնելու:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պետնախարարը հերքել է Հայաստանի տրանսպորտի փոխնախարարի խոսքերը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ԱՕԿ ներկայացուցիչները կմեկնեն Բաքու’