‘Խմբագրական. Միամտության եւ «շուստրիության» արանքում’

2783

Ինչպես եւ  պարզունակ կապերի եւ մտածողության հիման վրա ձեւավորված ցանկացած հասարակության՝ մեր հասարակությանը եւս բնորոշ է  մի հակասություն. մի կողմից՝ հեշտությամբ խաբվել ամենապարզ իրավիճակներում, մյուս կողմից՝ գերկասկածամիտ լինել եւ ամեն հասարակական իրավիճակի հետեւում «խաղ» փնտրել՝ նույնիսկ այն դեպքերում, եւ, կարելի է ասել՝ հատկապե՛ս այն դեպքերում, երբ ամեն բան թափանցիկ է, եւ անդրկուլիսյան խաղի նշույլ իսկ չկա: Օրինակները երեւի բոլորին հայտնի են, եւ հարկ չկա դրանց անդրադառնալու. մի կողմից՝ «ամեն բան սութ է», «խաղ է», «պայմանավորված է», իսկ մյուս կողմից էլ՝ հասարակական կեղծիքի այնպիսի՝ վիպական չափի դեպքեր, ինչպիսիք են Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը, եթե չհիշենք ավելի թարմ եւ ավելի ողբերգա-զավեշտալի ժանրի իրավիճակներ: Այսինքն, մի կողմից՝ ստացվում է, որ մենք ամեն իրավիճակի թիկունքում պատրաստ ենք տեսնել խաղ, կեղծիք, խաբեություն, չենք վստահում ոչ մեկին եւ ոչնչի, իսկ մյուս կողմից՝ զանգվածային խաբվածության այնպիսի օրինակներ ունենք, որոնք, թերեւս, համաշխարհային պատմության դասագրքերի մեջ իսկ արժանի են մտնել: Այսինքն, մի կողմից՝ գերկասկածամիտ հասարակություն, իսկ մյուս կողմից՝ փաստերով՝ գերմիամիտ: Այս հակասությունն, ի դեպ, մեր հասարակության երեւի ամենաբնորոշ գիծն է: Ընդ որում՝ այնպես չէ, որ մեր հասարակության մի մասը գերկասկածամտության, իսկ մյուս մասը՝ գերմիամտության կրողն է: Հակառակը՝ երկու հակադիր որակները համատեղվում են հասարակական միեւնո՛ւյն խմբերի, ընդհուպ մինչեւ միեւնույն անձի մեջ: Ավելին, կարող ենք պնդել՝ իրականում գործ ունենք ոչ թե երկու տարբեր, այլ մե՛կ որակի երկու դրսեւորումների հետ, որոնց հակադրությունը մակերեսային է եւ երկրորդական, իսկ էությունը եւ արմատները նույնն են: Այսինքն՝ հայաստանյան գերկասկածամտությունը ոչ միայն հարազատ եղբայրն է հայաստանյան գերմիամտության, այլեւ նույն երեւույթն է՝ երկու տարբեր անվանումներով: Ինչպե՞ս կարող է ստացվել այդպիսի ինքնահակասական էություն, ինչպե՞ս կարող է կասկածամտությունը լինել միամտության դրսեւորում, ինչպե՞ս կարող են դրանք նույնը լինել: Կարող ենք թվել մի քանի պատճառներ՝ առանց հարցը ամբողջականացնելու հավակնության, միայն որպես հնարավոր պատասխանի ուրվագիծ:

            Բավականին մակերեսին գտնվող պատճառներից է հոգեբանական գավառականությունը: Ուզենք թե չուզենք՝ մեր հասարակությունը, ընդհանուր առմամբ՝ գավառական դիրքում է աշխարհի քարտեզի վրա: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը մենք չենք ստեղծել՝ կանոնները, տեխնոլոգիաները եւ այլն: Ավելին, եթե վերցնենք թեկուզ միայն տեխնոլոգիաների մասը, ապա մենք եւ մեզ նման հասարակությունները ոչ միայն չեն ստեղծել դրանք, այլեւ երբեք չէին ստեղծի, քանի որ այսօրվա տեխնիկան արդյունք է որոշակի մտածողության, հասարակական եւ մշակութային մակարդակի որոշակի աստիճանի, որը պարզունակ կապերով եւ գաղափարներով առաջնորդվող հասարակություններն ի զորու չեն ապահովել: Այսինքն՝ եթե աշխարհը մեզ նմաններին մնար, այն ցայսօր կգտնվեր միջնադարյան տեխնոլոգիական մակարդակում: Փաստորեն՝ մեր տիպի հասարակությունները, չստեղծելով՝ վայելում են ուրիշի ստեղծագործական ջանքի արդյունքները: Եվ քանի որ տեխնիկան հեշտությամբ փոխառվում է նաեւ պարզունակ հասարակությունների կողմից, ապա ստացվում է, որ ապրում ենք մեզ համար «ենթագիտակցորեն» խորթ աշխարհում: Նույնը վերաբերում է հասարակական կանոններին, օրենքներին, պատկերացումներին: Այսինքն, խոշոր հաշվով՝ աշխարհը խորթ է մեզ համար ու անհասկանալի, նույնիսկ՝ մոգական, կախարդական: Իր կառուցվածքով պարզունակ հասարակությունը չի կարող համարժեք ընկալել իրենից ավելի բարդ կառուցվածքները: Այդ իսկ պատճառով նա դիմում է անհամարժեք, առասպելական բացատրությունների, եւ, մի կողմից՝ ամենուրեք փնտրում է դավադրություններ, բայց գտնում է դրանք սովորաբար այնտեղ, ուր դրանք չկան, եւ բաց է թողնում իրական դավադրությունները՝ միամտորեն զոհ գնալով ամենապարզունակ տեխնոլոգիաների: Պատկերացրեք երեխաների մի հասարակություն. Նրանք հեշտությամբ կխաբվեն մեծերի կողմից,  բայց նաև՝ մեծերի սուտ կտեսնեն այնտեղ, ուր սուտ չկա:

            Կա խնդրի հոգեբանական կողմը եւս: Միամիտ գավառացին, բարդույթավորված լինելով իր գավառական ծագմամբ, փորձում է ամեն կերպ թաքցնել այն եւ իրեն դնել ահավոր «շուստրիկի», «բիթի», ամեն բան «ջոգած տղու»  տեղ: Կողքից հայացքը արագ նշմարում է այդ զավեշտալի խաղը, բայց ինքը գավառացին, անշուշտ, կարծում է, թե ոչ միայն կարողացել է հմտորեն թաքցնել իր միամտությունը, այլեւ «գեղական» ձեւերով խաբել «հարիֆ» քաղաքացիներին: Իրոք, ամեն առանձին վերցված հայաստանցու նկատմամբ եվրոպական որեւէ երկրի քաղաքացի թվում է «հարիֆ», որին կարելի է հեշտությամբ խաբել: Բայց, մյուս կողմից, հասարակական, պետական, միջազգային մակարդակում խաբում եւ հեշտությամբ կառավարում են հենց մեզ նման «շուստրի» եւ «խորամանկ» արեւելցիներին: Այլ կերպ ասած՝ մեծ մասշտաբներում հաջողակ են «հարիֆները», իսկ «շուստրիկները» գտնվում են նրանց ենթակայության տակ: Հենց այս հոգեբանական նրբությունից է լավ երեւում, թե ինչպես են նույնանում «միամտությունն» ու «կասկածամտությունը»: Գավառցի միամիտն իրեն ձեւ է տալիս, թե ամեն բան «ջոգած է» իր կողմից, իսկ իրականում խաբվում է ամենամանկամիտ ձեւերով: Եվ ոչ միայն արտաքին աշխարհի նկատմամբ, այլեւ հենց մեր հասարակության ներսում նույն հարաբերությունն է գործում, մի կողմից՝ հասարակական լայն շերտերի, մյուս կողմից էլ՝ վերնախավերի միջեւ: Վերջիններս որքան որ գավառական են արտաքին խաղացողների նկատմամբ, շնորհիվ որոշակի փորձի՝ կատարում են «սպիտակների» դերը հասարակության ավելի ցածր խավերի նկատմամբ:

           Մի պարզունակագույն տեխնոլոգիայի օրինակ: Պարզունակ հասարակությունը կառավարելու համար նրան հավաստիացնում են, որ իր՝ հասարակության իսկ ընդվզման, ինքնակազմակերպման, ակտիվության, նախաձեռնության ցանկացած դեպք իրականում «խաղ է», կառավարելի է, նախապես պլանավորված է «վերեւների», համաշխարհային կամ տեղական հզորների կողմից: Ստացվում է հարակարծիք իրավիճակ: Վերնախավերը ստեղծում եւ տարածում են վարկածներ, որ վերնախվի դեմ պայքարի փորձերը կազմակերպված են հենց վերնախավի  կողմից, իսկ մարդիկ, հավատալով այդ վարկածին, դառնում են այն բանի զոհը, որից եւ զգուշանում էին՝ վերնախավի կողմից կազմակերպված դավադրության զոհը: Այս վարկածները կարող են վերաբերել ներկային կամ անցյալին՝ ըստ իրավիճակի պահանջների: Բայց նպատակը մեկն է՝ հասարակությունն ավելի կրավորական, անինքնավստահ եւ կառավարելի դարձնել: Ստացվում է, որ մարդիկ, հավատալով դավադրության տեսությանն այս մակարդակում, դառնում են հենց դավադրության զոհ կամ չեն նկատում իրական դավադրությունը:

            Բայց կարող են լինել է՛լ ավելի բարդ եւ խճճված իրավիճակներ: Որովհետեւ նույն վերնախավերը կարող են իրոք ստեղծել հասարակական արհեստական իրավիճակներ, ինքնաբուխ գործողությունների եւ կառույցների նմանակում կամ էլ խրախուսել իրական դրսեւորումներից համեմատաբար թույլերն ու անվտանգները՝ ներկայացնելով դրանք որպես իրական ու անկեղծ եւ հակադելով մյուսներին՝ առավել վտանգավորներին՝ որպես խաղարկային: Գավառական հասարակությունը հեշտությամբ կարող է կուլ տալ նաեւ այս՝ մի քանի շերտանոց խայծը, քանի որ չունի կեղծիքն իրականությունից տարբերելու որեւէ մեխանիզմ:

            Սրանք միայն փոքր մասն են այն մեխանիզմների, որոնցով պարզունակ կապերի վրա հիմնված հասարակությունը կարող է ամենահեշտ կերպով կառավարվել եւ խաբվել՝ միաժամանակ իր կարեւոր որակներից մեկը համարելով «շուստրիությունը» եւ «ջոգելը»: Այդ տիպի հասարակությունը, մի կողմից՝ չունի դրական իմաստով միամտության անհրաժեշտ պաշար, առանց որի հնարավոր չէ հասարակական լայն կապեր ապահովող փոխվստահությունը, մյուս կողմից էլ՝ չունի առողջ, բանական կասկածամտության անհրաժեշտ պաշար, որպեսզի չորը թացից տարբերի: Արդյունքում՝ ապրում է «ամեն ինչ խաղ է», «սաղ սութ է» կարգախոսներով, բայց հենց այդ պատճառով էլ անընդհատ զոհ է գնում խաղերի եւ «սթի»: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Տնտեսությունն ու արտագաղթը 1990-ականներին եւ այսօր’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը սահմանին 5 զոհ է տվել’