‘Խմբագրական. ՄԻԵԴ-ի ապտակը վարչախմբին’

2750

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը մոռացության տվեց մի շատ հատկանշական իրադարձություն, որն այս իշխանությունների գործունեության գրքում պիտի գրանցի որպես Հայաստանը խայտառակ անելու հերթական հաջողված փորձ:

Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների մրցույթի չեղյալ հայտարարման մասին է, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հունվարի 13-ին:

Իրականացված մրցույթի ամբողջ ընթացքի, ինչպես նաև դրանում տեղ գտած աղաղակող խախտումների մասին մենք պարբերաբար տեղեկացնում էինք հասարակությանը: Այդ մասին ահանզանգել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, իրավաբաններ, մրցույթի մասնակիցներ: Սերժ Սարգսյանի վարչախումբը բոլոր հնարավոր միջոցներով սեփական նախընտրելի 3 թեկնածուներին անցկացնելու և ՄԻԵԴ-ին դեմ տալու խնդիր էր դրել իր առջև: Երբ, ի վերջո, բազմաթիվ խախտումներով իրականացրած մրցապայքարից դուրս թողնվեցին արժանավորները և, որ ամենակարևորն է՝ իշխանության վերահսկողության տակ չգտնվողները, իշխանությունները թեթևացած շունչ քաշեցին՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է, նրանց՝ Հայաստանի նկատմամբ հերթական հաղթանակը՝ ապահովված: Նրանց թվում էր, թե ՄԻԵԴ-ը հալած յուղի տեղ է ընդունելու այս կեղծիքների շարանը: Սակայն վերջինս հրաժարվեց ընդունել մրցույթի արդյունքները՝դրանով ապտակ հասցնելով վարչախմբին, և Սերժ Սարգսյանը ստիպված էր նահանջել ու չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքները:

Այս ամենի մեջ պետք է կատարել երկու կարևոր արձանագրում: Առաջինը՝ այն փաստը, որ ՄԻԵԴ-ն, ըստ էության, հրաժարվեց ընդունել մրցույթի արդյունքները (սովորաբար՝ Եվրոպական կառույցները նախկինում ավելի լոյալ ու աչք փակող են եղել այստեղ կայացված որոշումների նկատմամբ), վկայում է անցկացված մրցույթի խայտառակ որակի մասին: Սա նաև վկայում է, որ գոնե ՄԻԵԴ-ը տվյալ հարցում ձևավորած դիրքորոշումով հասկացնում է Հայաստանի իշխանություններին, որ նրանց գործունեությունը վստահություն չի ներշնչում իրենց:

Երկրորդ և միգուցե ավելի կարևոր արձանագրումն այն է, որ այս իշխանությունները ռեժիմի համար լուրջ վտանգ են տեսնում նույնիսկ մեկ, այն էլ՝ Հայաստանում չգործող անկախ դատավորի գոյության պարագայում: Արդեն քանի տարի կառուցելով ու կատարելագործելով այս ավազակապետական բուրգը՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ եթե որևէ, և հատկապես՝ դատական համակարգում հայտնվի գեթ մեկ անկախ դատավոր, այն կարող է սպառնալ վարչախմբի գոյությանը:  Նույնիսկ՝ դատավոր, որ աշխատելու է ՄԻԵԴ-ում և առնչվելու է շատ սահմանափակ թվով դատական գործերի: Դրա համար Սերժ Սարգսյանն ու իր թիմը չեն խորշում ոչ մի ապօրինությունից՝ այդ բանը թույլ չտալու համար: Ուղղակի այս անգամ բախտները չի բերել՝ դեմ են առել մի կառույցի, որի հետ չեն կարող հարաբերվել իրենց սիրած ու որդեգրած մեթոդներով: Հո չե՞ն գնա և Եվրամիության սրտում կաշառի եվրոպական արդարադատության ներկայացուցիչներին (չնայած՝ չենք զարմանա, եթե նրանց գլխով անցած լինի այս միտքը, և նույնիսկ փորձած լինեն):

Առաջիկա օրերին մենք ավելի հանգամանալից կանդրադառնանք այս խնդրին և հնարավորինս մանրամասն կներկայացնենք այս հարցում վարչախմբի գործած «սխրանքները»:

  

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է մեդալով’