‘Խմբագրական. Մինչև վերջ կանգնելու հաստատակամությամբ’

2050

Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն կարոտած Ազատության հրապարակում այսօր հանրահավաք է կայանալու: Սա հենց այն հազվագյուտ իրադարձություններից է, ինչին շատ համահունչ է տեղի-անտեղի չարչրկվող «աննախադեպ» բնորոշումը, որովհետև մի քանի ժամ հետո կայանալիք հանրահավաքին առաջին անգամ մասնակցելու են խորհրդարանական չորս ուժերը` Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը », Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը»: Բնականաբար, չեն մասնակցելու Հանրապետական կուսակցությունը և իր դուստր ձեռնարկություն «Օրինաց երկիրը», որովհետև, պարզից էլ պարզ է, հանրահավաքը հենց սրանց դեմ է. հասարակության տարբեր շերտերն առաջին անգամ Հրապարակում կողք կողքի կանգնած` իրենց բողոքն են արտահայտելու հանցագործ իշխանությունների և սրանց մանկլավիկների հերթական հակաժողովրդական «բարեփոխման» դեմ: Սա նշանակում է` հանրահավաքը բազմամարդ է լինելու, որքան էլ իշխանությունները գործի դնեն բոլորիս քաջածանոթ նենգ ու լկտի մեթոդները:

Ահա այսպիսի լավատեսական նախաբան:

Դեպքերի հետագա զարգացումը լավատեսություն կներշնչի, թե ոչ՝ պայմանավորված է Ազատության հրապարակում այսօր հավաքվող հասարակության հետագա կեցվածքով: Բոլո՞րն են գիտակցում, որ միայն մեկ անընդունելի օրենքի դեմ բողոքի ալիքն ընդամենն այն հանգրվաններից մեկն է, որը քայլ առ քայլ պետք է հասցնի գլխավոր նպատակին` վերից վար կազմաքանդել այն արատավոր բուրգը, որի գագաթին նստած է ապօրինությունների և հանցագործությունների ծանրության տակ կքած գլխավոր հանցագործ Սերժիկ Սարգսյանը` դեմքը վաղուց ի վեր կորցրած մի մարդ, որը մինչ օրս ոչնչի առաջ կանգ չի առել իր իշխանությունը երկարաձգելու համար, և առնվազն հավկուրություն է հուսալը, որ երբևէ կանգ կառնի: 

Չորս խորհրդարանական ուժերից որ մեկն ինչպիսի հեռահար հաշվարկներ է արել Ազատության հրապարակ ներկայանալուց առաջ, անշուշտ`էական է: Հնարավոր է` այս ուժերից բոլորը չեն պատրաստ պայքարելու մինչև վերջ: Սակայն հենց հասարակության հաստատակամությունից է կախված, թե որ ուժն իրեն ինչպես կպահի հետագայում:

Իսկ հաստատակամ լինելու համար ընդամենը չպետք է մոռանալ, որ Հայաստանի ներկա իշխանությունները մինչև կոկորդը խրված են հանցագործությունների ճահճի մեջ, և եթե նույնիսկ մի օր ինչ-որ հրաշքով որոշեն ոչ թե մտածել իրենց գրպանի և ստամոքսի մասին, այլ` Հայաստան պետության ու ՀՀ քաղաքացու, միևնույն է` չեն կարող, որովհետև պետության ու հասարակության մասին մտածելու համար, նախ, պետք է բանտերը լցնեն երկիրն այս վիճակին հասցնող հանցագործներով, իսկ դա չեն կարող անել, որովհետև այդ հանցագործները հենց իրենք են: 

Ուրեմն` փոքրիկ հաջողությունը չպետք է շփոթել վերջնական հաղթանակի հետ, եթե նույնիսկ վախից գլուխը կորցրած իշխանություններն ինչ-որ բան զիջեն: Հետդարձ չկա, որքան էլ որ իշխանական «վարձկանները» ժողովրդին վախեցնեն զանազան «բոբո»-ներով, որոնք, իբր, եթե գան` սրանցից ավելի վատն են լինելու:

Նախ` ավելի վատ չի կարող լինել: «Ավելի վատը» արդեն բախում է մեր դուռը, և այդ «ավելի վատ»-ի անունն է` Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Երկրորդ` հենց հասարակությունն է որոշելու` ում վստահել իր հետագա ճակատագիրը:

Ուրեմն` բոլորս դեպի Ազատության հրապարակ: Մինչև վերջ կանգնելու հաստատակամությամբ: 

Նախորդ հոդվածը‘Կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Ստեփանակերտի մոտ’