‘Խմբագրական. Մի քիչ ծանր պահիր քեզ’

2900

Սերժ Սարգսյանը մասնակցել է այսինչ հյուրանոցի բացմանը, այսինչ խաղահրապարակի, սրճարանի բացմանը, գնացել է վարունգի ջերմոցներն է նայել, ընդունել է այսինչ երկրի այսինչ նախարարության այսինչ բաժնի պետին, այսինչ երկրում գործող այսինչ ընկերության տնօրենին:

 Սարգսյանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեծ մասը մոտավորապես այսպիսի բովանդակություն ունի: Անբովանդակ, ցածր մակարդակի հանդիպումներ, որոնք նույնիսկ Հայաստանի պես փոքր երկրի «նախագահին» հարիր չեն: Հարիր չեն անգամ այն դեպքում, երբ այդ պետության ներկայիս գլուխ կոչվածն այդ պաշտոնը ստացել է կեղծիքներով, սպանություններով, բանտարկություններով եւ հետապնդումներով: Նույնիսկ ոչընտիրին հարիր չեն, որովհետեւ անգամ ոչընտիրը պիտի հասկանա իր կողմից արդեն քանի տարի զբաղեցված պաշտոնի ամբողջ ծանրությունը: Բայց ոնց նայում ենք, Սարգսյանի համար այդ ծանրությունը՝ յա եղած, յա չեղած: Նա ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար նախագահ չէ, այլեւ, ըստ էության, ինքն իր համար էլ նույնիսկ նախագահ չէ: Նա գիտի, որ ինքը ոչ թե նախագահ է, այլ «սովորական մի սագագող», որը բախտի բերմամբ հայտնվել է նախագահի աթոռին, ուստիեւ ձեւեր չի թափում իր պաշտնի ողջ ծանրության տակ կքելու համար: Ձեւեր թափի, որ ի՞նչ անի, իյա, իրո՞ք, մեկ է, դրանից հետո հո խիյարը չի՞ դադարելու թարս բուսնել, ինքն էլ գիտի, որ իրեն ցանկացած մեկը կարող է ասել՝ եկել ես ստեղ, որ ի՞նչ անես, ուստիեւ ինչքան ուզում, էդքան մխտռում է իր կողմից զբաղեցված պաշտոնը:

Սա է, որ կա: Մարդը եթե հասկանար, թե ինչ լուրջ գորՁի է ինքը, իսկապես լուրջ գործերով էլ կզբաղվեր: Բայց եթե մարդու իղձերը որեւէ աղերս չունեն ՀՀ քաղաքացիների իղձերի հետ, եթե այդ մարդու նպատակներն ու ծրագրերը էականորեն տարբերվում են, եթե չասենք՝ հակասում են ՀՀ քաղաքացիների շահերին, ապա բնական է, որ նա սեփական ծրագրերը կյանքի կոչելուց զատ՝ պետք է աշխատելու իմիտացիա ստեղծի: Իսկ ինչպե՞ս ստեղծի այդ իմիտացիան, եթե ինքը հասնում է ԱՄՆ, իր իսկ ոտքով գնում է այդ երկրի Պետքարտուղարություն, բայց անգամ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման չի արժանանում, եթե բոլոր լուրջ գործիչները թքած ունեն իր վրա, ուստիեւ՝ մնում է իմիտացիան: Դե, իրեն ասել են, որ եթե մարդը նախագահ է աշխատում, ապա պարբերաբար պետք է այցելություններ ունենա, մարդկանց ընդունի, շրջի այդ երկրի մարզերով, հանդիպի մարդկանց, ինքն էլ անում է այդ ամենը՝ ուժերի ներածի չափով: Դե եթե ԱՄՆ, ՌԴ նախագահները նրա հետ հանդիպելու «զայլա» չեն անում, ինքը հո ձեռքերը ծալած չի՞ նստելու, ինքն էլ իր «յորղանի գյորա» հանդիպումներ է կազմակերպում՝ ինչ-որ երկրի Պաշտպանության նախարար է, մյուս երկրի՝ ՍԴ նախագահ է, մեկ այլ երկրից ժամանած ինչ-որ մասնավոր ընկերության տնօրեն-բան, հրավիրում է իր նստավայր, պաշտոնական ընդունելություն է կազմակերպում, այդ ամենը, բնականաբար, նկարահանվում է, եւ ժամեր ու օրեր շարունակ ցուցադրվում է եթերում, մինչ որ մի նոր նախարար կամ վարչության պետ բռնացնեն, որի հետ կնկարահանեն «Նախագահն ընդունել է…» սերիալ սիթքոմի հերթական սերիան:

Հ.Գ. Ի դեպ, մի առիթով էս «լուրջ» մարդն ասել էր, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Միտքն, իհարկե, մեծ հաշվով՝ ճիշտ է, մենք, իրապես, կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Համա թե պարզ չէ միայն, թե բա, էդ դեպքում, հյուրախաղերի եկած էս թափառական կրկեսի ներկայացումները ե՞րբ են ավարտվելու, եւ ե՞րբ է այս կրկեսը, ի վերջո, լքելու մեր հայրենիքը:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Գանայում ավելի քան 100 մարդ է զոհվել ավտոլցակայանի պայթյունից’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Ինչպես ուռին եւ բարդին. Թանկան թանկ ա’