‘Խմբագրական. Մնալու ժամանակը’

1974

Կառավարությունը երեկվա արտագնա նիստում ընդունել է Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, որովհետեւ Բայանդուր համայնքի ղեկավարը ընտանիքով արտագաղթել է: Ռուսաստան:

Այս համայնքում թե 2008-ի եւ թե 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով հաղթել է Սերժ Սարգսյանը:

Վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ էլ՝ ՀՀԿ-ն: Իմիջիայլոց:

Կասենք՝ գյուղ է, բաց քվեարկություն են անցկացրել ադաթի համաձայն, ծանոթ-սպառնալիքով կեղծել են ու իրենց փայ կնիքը դրել երկիրը դեպի «գաղջություն» տանելու նախագծի տակ: Հնարավոր է՝ արտագաղթած գյուղապետն էլ իր բաժինն  արած լինի: Բայց արդեն թերեւս էական չէ:

Եւս մեկը արտագաղթել է: Իշխանությունը «մոր փորն է» ընկել: Հուսահատները ձեռքները թափ են տալիս ու հեռանում: Պարարտ հող են ստեղծել՝ ավետելով «գնալու» ժամանակները: Մեր հայրենիքը փոքրացրել են:

«Դատարկվող» երկրի անծայրածիր օդը քչություն է անում:

Եկել իրար հետ կռիվ են տալիս գնալու եւ մնալու ժամանակները: Բայց եթե առաջինի համար միշտ էլ ժամանակ կա, ապա երկրորդը պետք է ընտրել, հետո պայքարել, հետո արարել, ու հոգնել: Սա մեր երկիրն է, այս երկրում ժամանակները մենք պիտի հաստատենք: Ու մենք պիտի հաստատենք մնալու ժամանակները: Որովհետեւ հայրենիքի դատարկը հաստատ լավը չի: Հայրենիքի մարդաշատն է լավը: Ազատն է լավը:

Դատարկն ազատ լինել չի կարող: Հայրենիքին մարդ է պետք, պետությանը՝ քաղաքացի: Մարդուն էլ՝ հայրենիք: Բայց ոչ հեռվում: Այստեղ՝ պատուհանի տակ:

Ընտրության հարց է: Կամ մենք ենք գնում, կամ՝ մեզ ազատություններից զրկողները: Գնալ միշտ էլ կարելի է: Բայց մենք գնացողը չենք: Եթե մնանք, երկիրը դատարկողներն են գնալու: Մնացողներն են ժառանգելու «արքայությունը»:  

Նախորդ հոդվածը‘Բարեգործները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով’