‘Խմբագրական. Մշակն ու ազնվականը. նոր քաղաքական որակ’

1436

Արդեն երեք ամիս է iLur.am-ը անդրադառնում է հասարակական, քաղաքական կարևոր խնդիրներին՝ խմբագրականի ձևաչափով: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին խմբագրականը, որը մեր կայքում հրապարալվել է երեք ամիս առաջ:


Այսօրվանից iLur.am-ը կանդրադառնա հասարակական կարեւոր խնդիրներին նաեւ մեզ համար նոր՝ խմբագրականի ձեւաչափով:

Հայաստանում կրկին սկսել են խոսել նոր ուժի անհրաժեշտությունից: Հայաստանին, սակայն, պետք է ոչ թե նոր ընդդիմադիր քաղաքական ուժ, այլ ընդդիմադիր քաղաքական գործունեության նոր որակ

Վերջին տարիներին ունեցանք երկու, թեև համեստ (համեմատած հռչակված մեծ նպատակների հետ), սակայն, չափազանց արժեքավոր ձեռքբերումներ: Այդ ձեռքբերումներն են՝ ընդդիմադիր քաղաքական պայքարի անընդհատությունը և քաղաքական աննախադեպ փորձ ձեռք բերած ակտիվ կորիզի համախմբումը հասարակական կարևոր նպատակի շուրջ: Այս ձեռքբերումներն առնվազն պետք է պահպանել: Ցանկացած ոք, ով գոնե մի քիչ ընդդիմադիր քաղաքական պայքարի փորձ ունի Հայաստանում, առանց հավելյալ բացատրությունների կարող է հասկանալ, որ զրոյից նոր քաղաքական ուժ ձևավորելը և ազդեցության որոշակի մակարդակ պահելը, առանց չափազանցման, գրեթե խենթության աստիճան «անհույս» զբաղմունք է:

Բայց եթե նպատակ դնենք զուտ եղածի պահպանումը, ապա, վստահ եմ, հաջողության չենք հասնի: Պահպանման լավագույն ձևը զարգացումն ու առաջմղումն է: Նոր որակը ենթադրում է նախևառաջ ամեն օր աշխատող ընդդիմադիր ուժ: Սա օդից վերցված, հայաստանյան դատարկախոսություն չէ «նոր»-ի մասին («նոր գաղափարներ», «նոր ուժեր» և այլ «նոր հեծանիվներ», որոնց մասին խոսողները սովորաբար ոչ թե նոր, այլ նույնիսկ «հին» գաղափարներ ոչ սերտելու, ոչ էլ արտադրելու կարողություն չունեն): Սա նախորդ փուլերում կուտակված փորձի իմաստավորումից բխող հրամայական է, որը կարող է միս ու արյուն ստանալ հենց միայն այդ փորձի հիման վրա:

Ի՞նչ է նշանակում ամեն օր աշխատող ընդդիմադիր քաղաքական ուժ: Նշանակում է՝ ոչ միայն քաղաքական հրապարակային ակտիվությունը կամ կենտրոնական գրասենյակային գործունեությունը պետք է կարգավորվի չընդհատվող աշխատանքային ռեժիմով, այլև ժամանակացույցային և կառուցվածքային աշխատանքի հիմքերի վրա պետք է դրվի ողջ թիմի գործունեությունը: Սա ենթադրում է, նախևառաջ, համապատասխան կառուցվածքների ձևավորում և մարդկանց ներգրավվածություն: Ցայսօր Հայաստանում որևէ ընդդիմություն լիարժեք կերպով չի գործել նման ռեժիմով: Մինչդեռ երբ գալիս է, օրինակ, ընտրությունների ժամանակը, պարզվում է, որ, ի տարբերություն ընդդիմության, իշխանությունը գործել է ոչ միայն քաղաքական առավել երևացող՝ բարձր հրապարակային, այլև պակաս երևացող՝ միջին և ստորին, ամենօրյա մակարդակներում:

Միջին և ստորին մակարդակ՝ չի նշանակում միայն, այսպես ասած, տեղական, տեխնիկական աշխատանք, թեև, իհարկե, նաև դա է ենթադրվում: Ընդդիմությունը պետք է տա ամենօրյա ինտելեկտուալ արդյունք, «ամենօրյա» պատասխաններ հասարակությանը հուզող հիմնական հարցերի շուրջ, ոչ միայն քննադատի և պաշտպանվի, այլև նախաձեռնի հասարակական օրակարգերի ձևակերպումը, թեմաներ թելադրի. ոչ միայն ձևակերպի երկրի իր դրական տեսությունը, այլև դա իրականություն դարձնի այն փոքրիկ տարածքում, որն իր վերահսկղության տակ է, շոշափելի նոր Հայաստան ձևավորի հենց իր ներսում և իր շուրջը: Անշուշտ, այս ամենն իդեալական պատկերն է և պահանջում է ռեսուրսներ, բայց խնդիրը ոչ թե այդ վիճակին մեկ օրում կամ մեկ ամսում հասնելն է, այլ, ինչպես ցանկացած իդեալի դեպքում՝ դրան ձգտելն է, որի արդյունքում էլ իդեալական պատկերը որոշակի ժամանակահատվածում կարող է իրականանալ գոնե իր զգալի մասով:

Երկու կարևոր հոգեբանական որակներ են անհրաժեշտ այս տեսության իրականացման ճանապարհին: Մեկը պայմանական կկոչեի մշակի որակ, մյուսն՝ ազնվականի: Մշակի խնդիրը ձևակերպել է դեռևս Գրիգոր Արծրունին.  «Նոցա դրոշակի վերա գրած է լուսավորություն խոսքը, բայց դժբախտապես մենք պետք է խոստովանենք, որ նոցա պակաս է լուսավորության առաքելության համար ամենանշանավոր գործիչ, այն է աշխատանք: … Նոքա հարձակվում էին ծերերի դեմ, բայց նոցանից ոչ մեկը չմտածեց որոշել հասարակության մեջ նորերի պարտականությունները: Ես ասեցի, 19 դարի լուսավորության գլխավոր գործիչը աշխատանքն է: …. Էգուց մենք պետք է աշխատողներ դառնանք»: Պետք է թիմ, որը կաշխատի ջանասիրաբար, կազմակերպված, համեստորեն, այնպես՝ ինչպես իդեալական մշակն իր հողն է մշակում: Պետք են քրտինք ու ծառայողական հոգի:

Այստեղից էլ մոտենում ենք երկրորդ՝ ազնվական որակին: Առաջին հայացքից թվում է, թե մշակի և ազնվականի որակներն իրար հակասում են: Բայց երկուսն էլ ունեն նաև ընդհանուր կետեր: Ազնվական, ասպետական կարևորագույն հատկություններն են հավատարմությունն ու ներքին ազատությունը՝ ներքին ճիշտ հեռավորության պահպանումը ե՛ւ սեփական կրքերից ու հույզերից, ե´ւ արտաքին աշխարհի վայրիվերումներից: Պատահական չէ, որ «ազատ» բառը ծագմամբ նշանակում է հենց ազնվական, ասպետ, իսկ ազնիվն էլ նույն ազնվականն է: Ազնվական է նա, ով ով կարողանում է պահել ճիշտ չափը:

Եթե Հայաստանում գտնվի մարդկանց գեթ ոչ շատ մեծաքանակ խումբ, որի անդամները պատրաստ կլինեն կազմակերպված երկարատև և չընդհատվող աշխատանքի, ապա՝ համադրված քաղաքական մարտավարության ճիշտ ընտրության և հոգեբանական ազնվականության հետ, եթե սարեր չկարողանա շարժել, ապա հաստատ իրավիճակ կփոխի երկրում: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ելույթից հետո Սաակաշվիլիին Վրաստանում ընդունել են ծափողջուններով’
Հաջորդ հոդվածը‘Ռուդի Գարսիա. Կտեսնենք, թե ինչի ենք իրականում մենք ունակ, երբ կխաղանք «Նապոլիի» կամ «Յուվենտուսի» դեմ’