‘Խմբագրական. Նազարյանի շուրթերով խոսում է Բաղրամյան 26-ը’

2599

Եւ ուրեմն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ, ուշադրություն, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.9-7 դրամով:

Նա հավելել է, թե չնայած էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու՝ ՀԷՑ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, բայց ընկերության կուտակած ավելի քան 107 միլիարդ դրամի պարտքի մի մասը՝ մոտ 37 մլրդ դրամը, պետք է վճարվի սպառողների հաշվին, քանի որ այն, ըստ նրա, գոյացել է ոչ թե ՀԷՑ-ի վատ կառավարման, այլ ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով:

«Ես կարծում եմ՝ վերջին հարցերն էլ որ ավարտենք, մոտավորապես 7 դրամից ցածր կլինի»,- հայտարարել է Նազարյանը: Եւ ուրեմն՝ չնայած հայտի ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, չնայած այն բանին, որ Նազարյանը ոչ թե թանկացնելու հայտ ներկայացրած ընկերության փաստաբանն է, այլ Հայաստան պետությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահ, որը աշխատավարձ է ստանում մեր՝ քաղաքացիներիս հաշվին, եւ որի պարտականությունն է ներկայացնել ու պաշտպանել հենց մեր շահերը, այդուամենայնիվ, Նազարյանը իրեն հենց փաստաբանի պես է պահում՝ ձեւացնելով, թե չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր իսկ կողմից ղեկավարվող հանձնաժողովը: Բայց Նազարյանի հասկանալ-չհասկանալու գլուխն էլ քարը, մենք էլ հո հասկանում ենք, որ խնդիրը Նազարյանի հասկանալը չէ: Եթե Նազարյանն ուզենար, ապա նույն կերպ՝ ջանասիրությամբ կհիմնավորեր, թե ինչու էլեկտրաէներգիան ոչ միայն չպիտի թանկանա, այլեւ՝ դեռ մի բան էլ պիտի էժանանա, ապա դա կաներ՝ ավելի իրական փաստեր բերելով եւ ավելի մեծ փութաջանությամբ: Բայց՝ եթե Նազարյանը ցանկանար: Եւ ողջ խնդիրը հենց այդտեղ էլ թաքնված է. իսկ ինչո՞ւ Նազարյանը չի ցանկանում: Շատ պարզ պատճառով. որովհետեւ Նազարյանին ցանկանալ-չցանկանալու իրավունք չեն տվել, ինչպես եւ մյուս հարցերում, այս մի հարցն էլ քաղաքական, միայն ու միայն քաղաքական հարց է, եւ որոշումները կայացվում են այլ հասցեներում: Ընդ որում՝ չզարմանաք, ամենեւին էլ ոչ ՀԷՑ-ի շենքում, կամ էլ՝ ո՛չ միայն ՀԷՑ-ի շենքում: Սա այն հարցն է, որը որոշվում է նախագահականում ու կառավարությունում, եւ ինչ որոշում որ կայացվում է, այդ որոշումն էլ դակում են Նազարյանն ու իր կոլեգաները: Այո, Նազարյանի հանձնաժողով գոյություն չունի իրականում, կա դակիչների մի խումբ, որոնք պարզապես խոսել էլ գիտեն: Բայց նրանց ֆունկցիան խոսելը չէ, առաջարկներ անելը չէ, քննարկումներ կազմակերպելը չէ, պատասխաններ տալը չէ, ամենեւի՛ն, դակել, դակել ու միայն դակել:

Իսկ այն, որ Նազարյանն ասում է, թե հոսանքը թանկանալու է հայտից քիչ,  բայց թանկանալու է, նշանակում է միայն մի բան. Նազարյանին արդեն զգուշացրել են, որ պետք է կողմ քվեարկի հայտին, եւ թե որքանով պիտի «համաձայնեն» բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը: Նազարյանի շուրթերով խոսում է Բաղրամյան 26-ը: Ընդամենը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ստեղծված Shadowmatic խաղը արժանացել է Apple Design Awards-ի մրցանակին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Խախտվել է հանրաքվեի լեգիտիմությունը. Տեսանյութ’