‘Խմբագրական. Նախնական եզրակացություններ’

2136

Անցնող շաբաթը, իհարկե, երևանյան փողոցներում ու կանգառներում իրենց բողոքի ձայնը բարձրացրած երիտասարդներինն էր: Նրանք էին իրադարձությունների կենտրոնում, և նրանք էին, որ կարողացան ստիպել իշխանությանը զիջել, այս պարագայում՝ ի դեմս տասնյակ միլիոնավոր դոլարներ հափշտակած ու յուրացրած քաղաքապետ Տարոն Մարգարյանի (իր իսկ ձեռքով գրված և ստորագրված հայտարարագիրը կցվում է՝ եթե դեռ մարդ կա, որ չի տեսել, թե ինչպես են, պետությունը ընտանեկան բիզնես դարձրած՝ գրպանում հսկայական հանրային և պետական միջոցներ):

Ճիշտ է՝ դեռ որոշակի զարգացումներ տեղի կունենան, արդե՛ն տեղի ունենում են՝ մասնավորապես, բայց քանի որ իրադարձությունների պիկն անցել է, թերևս ժամանակն է որոշ նախնական եզրահանգումներ անել, թե ինչ ցույց տվեցին այս ակցիաները, և ինչ մտահոգություններ ու հեռանկարներ ուրվագծվեցին հայաստանյան հասարակության համար:

Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրան պատկերացնում են

Ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ իրեն հասարակության աչքին զրահապատ ներկայացնող իշխանությունն իրականում ամբողջ մի շաբաթ խեղճի դեմքով, հուսահատ հայտնվում էր էկրանին՝ մեզ մատուցելու տգիտության, ցինիզմի, անբարոյականության ու ստի հերթական նմուշները: Բայց երբ երիտասարդները չնահանջեցին, ընկավ հայտնի մուլտֆիլմի խավարասերի օրը: Եթե ռեժիմի փտածությունը մինչ այդ տեսանելի էր առավելապես քաղաքական ուժերին, ապա այժմ դա «իրենց մաշկի վրա» զգացին ու գիտակցեցին նաև հազարավոր երիտասարդներ, ինչպես նաև՝ մինչ այս քաղաքականության նկատմամբ անտարբերություն դրսևորած շատուշատ քաղաքացիներ: Իսկ այս գիտակցությունը մահացու է իշխանությունների համար:

Դանեմարքում ամեն ինչ չէ, որ կարգին է

Իշխանության ներսում օր օրի խորանում են հակասությունները, գզվռտոցը: Սերժ Սարգսյանի ռեժիմն օր օրի սկսում է ապրել ջունգլիների օրենքով՝ каждый сам за себя (մատ ունես՝ սեփական գլուխդ քորի): Իշխանության ներսում բոլորը քմծիծաղով նայում էին, թե ինչպես է նվաստանում իրենց թանկարժեք տղան: Բացի իշխանության՝ բոլորիս հայտնի իշխանական ծաղրածուներից, ո՛չ մի իշխանական կենտրոն ո՛չ մի որոշում կայացնող ձեռք չմեկնեց տասմիլիոնդոլարանոց  «լավ ախպորը»: Ինչպես արդեն նկատել էինք Տիգրան Օֆշորցու պարագայում, իշխանությունում այլևս ոչ ոք ժամանակ ու ցանկություն չունի կողքինին տեր կանգնելու: Բոլորն ապրում են այս օրով և քորում բացառապես սեփական գլուխը: Ինչպես միշտ՝ չկա պարագլուխը, չկա նրան բանի տեղ դնող (հանուն արդարության՝ պետք է նշել, որ այս պարագայում նրա լռությունն ավելի հիմնավոր է՝ այսպիսի շուխուռներն էապես նվազեցնում են Բադեն-Բադենյան ժամանցում գրանցվելիք հաջողությունները, նա չպետք է շեղվի այդ կարևոր պահին):

Ռեժիմն անհուսալի տնտեսական գործընկեր է

Այն, ինչ տեղի ունեցավ տրանսպորտային բիզնեսով զբաղվող ընկերությունների հետ, փայլուն կերպով ցույց է տալիս, թե ինչպիսին է այս իշխանության բնույթը, և ինչպես է նա վարվելու «բիզնես» միջավայրի հետ: Ինչպես է, իր հերթին, հակադրելու բիզնեսը քաղաքացիներին, դեմոկրատական ուժերին, օրինականության ջատագովներին և վերջում փալաս սարքելով՝ նետելու մի կողմ: Ընթերցողը կառարկի, թե գծատերերի ճնշող մեծամասնությունը հենց իշխանության ներկայացուցիչներ են: Եւ չի սխալվի: Բայց միևնույն է, այս ամենը տեսնում է ողջ բիզնես միջավայրը՝ նրանք, ովքեր ձեռներեցությամբ փորձում են բարիք ստեղծել, բայց կա՛մ ձախողում են, կա՛մ էլ ստիպված են ապրել հանցավոր իշխանության կրնկի տակ ու նրան փայ տալ իրենց քրտինքից: Եւ սա պետք է ուղեցույց ու դաս լինի նրանց` հասկանալու համար, որ այս ռեժիմի հետ ճակատագիր կապելն անհեռանկար և ձախողված ներդրում է, և որ միայն դեմոկրատական քաղաքական միջավայրն է, որ կապահովի օրենքի և  իրավունքի գերակայությունը երկրում, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը: Այս իշխանությունն այլևս անախրոնիզմ է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք,  տգիտությունից, անբարոյականությունից, ստից, ցինիզմից ու քրեականությունից զատ՝ այլ «արժանիքներ» չունի:

 P.S. Այս ակցիաների մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան ավելի հանգիստ պայմաններում վերլուծելու տեղի ունեցածը, շտկելու թերությունները և դասեր քաղելու դրանցից, հասկանալու, թե ինչպիսի քայլերից արժեր խուսափել, կամ որոնք էին այն քայլերը, որոնք ցավալիորեն չարվեցին: Վերջինը հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ նախօրեին քաղաքապետարանի դիմաց ընթացող նստացույցի ժամանակ հնչող հռետորաբանությունը և հետագա պայքարի ռազմավարությանն առնչվող առաջարկները, այսպես ասած՝ оставляли желать лучщего (է՛ն չէին): Միգուցե դա նրանից էր, որ երիտասարդությունը խուսափեց ավելի լայն և ընդգրկուն պահանջներ դնել ինչպես ռեժիմի, այնպես էլ ինքն իր առջև: Եթե այդպես է, ապա թող այս փորձն ուսանելի լինի ապագայի համար:

 

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից’
Հաջորդ հոդվածը‘2014-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով կոմիտեն Արցախին օգնությունն առաջնահերթ է համարում’