‘Խմբագրական. Նրանք «մարտնչել են» Սերժի համար’

2425

Տարիներ անց, երբ վերլուծության ենթարկվեն Սերժ Սարգսյանի իշխանության տարիները, առանձին հետազոտության առարկա կլինի նաեւ հարցը, թե ինչպես Սարգսյանը կարողացավ, երկիրը բոլոր ոլորտներում ձախողման տանելով հանդերձ` մի քանի տարի մնալ իշխանության: Տեսականորեն՝ Սարգսյանի իշխանության նման իշխանությունը երկար կյանք ուղղակի չի կարող ունենալ, քանի որ չկա հասարակական եւ քաղաքական լայն շերտերի աջակցությունը՝ որպես հենարան: Բայց Սարգսյանի իշխանության «զարմանալի» երկարակեցության գաղտնիքը, թերեւս, միաշերտ հենարան ունենալու մեջ չէր. «գաղտնիքը» նաեւ հենարանների հենարաններն էին: Սերժ Սարգսյանը շատ արագ հասկացավ, որ եթե չի կարողանում վայելել հանրության աջակցությունը, ապա պետք է ձեռք բերի հանրության մոտ կարծիք ձեւավորողների աջակցությունը: Դրանով իսկ, եթե հանրային աջակցություն չլինի էլ, ապա տեղեկատվական մուտիտների այնպիսի թոհուբոհ կսկսվի, որ բոլորը կսկսեն կասկածել բոլորին, իրականությունը դժվար կլինի տարբերել մտացածին ինֆորմացիաներից:

Սարգսյանի իշխանության օրոք հղկվեց եւ գրեթե անխափան աշխատող մեխանիզմի վերածվեց «իմ հենարանների հենարանները իմ հենարաններն են» բանաձեւը: Դրանք մի քանիսն են, փորձենք դիտարկել դրանցից երկու ամենակարեւորները:

 

Արտաքին հենարանների հենարանները

Սկզբում Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար սկսեցին աշխատել Հայաստանում` արտաքին քաղաքական կենտրոնների հենարանները հանդիսացող գործիչները եւ ուժերը: Երբ Սարգսյանը հագավ արեւմտյան կենտրոնների եւ հատկապես՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի «ուսադիրները», այս կենտրոնները գործի դրեցին իրենց հայաստանյան հենարաններին: Սարգսյանի իշխանությանն աջակցելու «օտմազկան» էլ բավականին պարզունակ էր. մենք «սիրում» ենք Արեւմուտքը, Սերժը «սիրում է» Արեւմուտքը, հետեւաբար՝ մենք գնում ենք նույն ուղղությամբ, հետեւաբար՝ ով դեմ է Սերժ Սարգսյանին՝ դեմ է արեւմտյան արժեքներին, հետեւաբար՝ նա մեր դեմ է, հետեւաբար՝ մենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողներից պաշտպանում ենք արեւմտյան արժեքները, հետեւաբար՝ պետք է պայքարենք ոչ թե Սարգսյանի, այլ նրա դեմ պայքարողների դեմ: Հենց այսպես սկսվեց ընդդիմության հրաժարականը (՞) պահանջողների թատերաշրջանը: Ավելին, երբ շատերի համար անսպասելիորեն՝ Սարգսյանը հայտարարեց, թե երկիրը ոչ թե դեպի Եվրամիություն, այլ Մաքսային միություն է տանում, հենարանների հենարանները նորից տեղից չշարժվեցին: Էլի բոլորը մեղավոր էին` Պուտինը, ընդդիմությունը, մասոնները, չար ուժերը, լուսնային անբարենպաստ դիրքերը, աստղերը, ացտեկներն ու մայաները, շումերներն ու աքքադները, կախարդներն ու չար ոգիները, Անդերսենն ու Օմար Խայամը, բախտագուշակներն ու տիեզերական ձգողականությունը, բայց ո՛չ Սերժ Սարգսյանը:

Պարզունակ է, չէ՞: Բայց մեխանիզմն աշխատեց բավականին երկար: Որոշ դեպքերում, նույնիսկ, աշխատում է մինչ այժմ. նրանցից շատերն, օրինակ` «դուք պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը» ուղիղ հարցին այսօր էլ պատասխանում են` «ոչ»: Իսկ ընդդիմության հրաժարակա՞նը (՞): «Օ՜, իհարկե, մեծ սիրով, ընդդիմությունը պետք է հեռանա, այո՜, մեզ նոր, թարմ, յուղը վրեն ընդդիմություն է պետք»:

Եւ ի՞նչ ունենք արդյունքում: «Արեւմտյան արժեքների» համար «պայքարող» առաջամարտիկների մի բանակ, որոնք իրականում մարտնչում են Սարգսյանի իշխանության պահպանման համար: Ընդ որում՝ այս պարագայում նույնիսկ էական էլ չէ, թե հանուն ինչի էին նրանք նպաստում Սարգսյանի իշխանության երկարաձգմանը. տարիներ անց դա ամենեւին էլ կարեւոր չի լինելու: Պատմությունը ֆիքսելու է միայն այն, որ Սարգսյանը երկիրը տարել է ձախողման, իսկ սրանք նպաստել են Սարգսյանին: Մոտավորապես՝ այնպես, ինչպես հիմա` ժամանակին նացիստներին աջակցածների դրդապատճառները ոչ մեկին չեն հետաքրքրում: Աջակցե՞լ ես՝ ուրեմն, աջակցել ես: Հանուն ինչի՞՝ ոչ մեկին չի հետաքրքրում:

 

Ներքին հենարանների հենարանները

Սարգսյանի իշխանության օրոք կատարելագործվեց նաեւ իր ներքին հենարանների հենարաններին իր համար աշխատեցնելու պրակտիկան: Այստեղ առաջամարտիկների դերում են ոչ այնքան քաղաքական գործիչները, որքան հայտնի գործիչները, արվեստագետ-երգիչները, լրատվամիջոցները, առանձին լրագրողներ եւ փորձագետներ: Այստեղ մեխանիզմն ավելի պարզունակ է:

Սեփական իշխանությունը պահելու համար Սարգսյանը իշխանության ներսում պետք է ունենա ամուր հենարաններ` ուժային կառույցներում (Բանակ, Ոստիկանություն, ԱԱԾ եւ այլն), Աժ-ում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, ապա նաեւ այլ կենտրոններում, այդ թվում`օլիգարխների շրջանում, հեռուստաընկերություններում եւ այլն:

Մյուս կողմից՝ այդ հենարանները, իրեն անհրաժեշտ չափի ամուր լինելու հետ մեկտեղ՝ չպետք է լինեն այնքան ամուր ու ուժեղ, որ ինքնուրույնություն դրսեւորեն:

Այդ նպատակով էլ ակտիվորեն ներդրվեց եւ կատարելագործվեց մինչ այդ գործող սեփական հենարանների հենարանների մեխանիզմը: Այս գործում իրենց մեծ դերակատարությունը ունեն ԶԼՄ-ները: Սերժ Սարգսյանի հենարան օլիգարխներն ու պաշտոնյաները, ըստ էության, ներթափանցեցին լրատվական դաշտ, իրենց ազդեցության տակ վերցրին, այսպես կոչված՝ «անկախ» ԶԼՄ-ները, կամ նույնիսկ բացեցին սեփական վերահսկողության տակ գործող «անկախ» ԶԼՄ-ներ, որոնք, ֆորմալ քննադատության ենթարկելով նաեւ Սերժ Սարգսյանին, իրականում խնդիր ունեն աջակցել իրենց դոնորների քաղաքական օրակարգին, որն էլ, ի վերջո, նպաստում է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը:

Իսկ ի՞նչ ունենք սրա արդյունքում:

Ունենք այն, ինչ խիստ անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին: Համապատասխան վճարի դիմաց փորձ է արվում «մաքրել» Սարգսյանի ռեժիմի հենարաններին, որպեսզի հանրության տարբեր հատվածներ, վստահելով իրենց «տեսակետ» մատուցողներին, սկսեն  ինքնըստինքյան լոյալ վերաբերմունք ցուցաբերել այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, որպեսզի ամբողջական հանցավոր բուրգը արդեն որպես մեկ միասնական հանցավոր ռեժիմ չդիտարկվի, իսկ թալանով զբաղվող պաշտոնյաներն էլ ներկայանան «մարդկային կերպարանքով»:  

Միաժամանակ՝ այս հենարանները անընդհատ ստիպված են լինում գոյության կռիվ տալ «արեւի տակ» իրենց տեղի համար, ծախսում են հսկայական ռեսուրսներ, որպեսզի Սերժ Սարգսյանին ապացուցեն իրենց հավատարմությունը, եւ սեփական հենարանների միջոցով «բոչկա գլորելով» իրենց օպոնենտների դեմ` Սարգսյանի համար լիովին կառավարելի են դարձնում իշխանական «էլիտան» վերահսկելու գործը: Եւ եթե այդ ընթացքում չնախատեսված հանգամանքներ չեն լինում (Դոմինգոյի համերգ, Հարսնաքարի գործ, Բուդաղյանների սպանություն եւ այլն), ոչխարները ողջ են մնում, գայլերը` կուշտ:   

 

Ամփոփում

Ինչպես արդեն նշեցինք, սակայն, տարիներ անց այլ աչքերով են նայելու այսօրվան: Ժամանակի հեռավորությունից մարդկանց հետաքրքրելու են միայն չոր փաստերը, պատմաբաններին ու քաղաքագետներին չի հետաքրքրելու` դուք արեւմուտքի խաթե՞ր եք պահել Սարգսյանի թիկունքը, թե՞ բնակարան, մեքենա գնելու, կամ մի քիչ ավելի կուշտ փորով հաց ուտելու խաթեր: Բոլորի անունները մեկ տրցակում են լինելու` «Նրանք մարտնչել են Սերժի համար» վերտառությամբ: 

Նախորդ հոդվածը‘Երեւան-Եղվարդ ճանապարհին այրել են արագաչափը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը խոչընդոտում է հանուն Շանթի եւ մյուսների ազատության երթը (տեսանյութ)’