‘Խմբագրական. Ո՞նց էր համը նրա սովալլուկ ձագի’

2603

Չէ, «անեծքը» քաղաքական կատեգորիա չէ, ոչ էլ մի երկու «լավ» բարեմաղթանքը: Եւ իհարկե, որդիները պատասխանատվություն չեն կրում իրենց ծնողների արարքների համար: Իհարկե, մենք հասկանում ենք այդ ամենը, եւ անգամ հասկանում ենք, որ, հնարավոր է՝ տարիներ առաջ իր երեխայի մահը տեսած հրեան անգամ, նույնիսկ` մտքում, ոչ թե գերմանացի սպայի զավակի մահն էր ցանկանում, այլ նրան երկար կյանք էր մաղթում: Դե, որովհետեւ, ասացինք՝ զավակները պատասխանատու չեն ծնողների արարքների համար: Հասկանում ենք, հա, բայց դասականի (Ս.Ս.-ի) ասած` «պանիմայու, նո նի վասպրինիմայու»:

Որովհետեւ հասկանալ չի լինում, թե ե՞րբ են այս իշխանությունները հասկանալու, որ եթե անգամ մարդկայնորեն, իրավական ու քաղաքական բոլոր հնարավոր տեսանկյուններից` երեխաները պատասխանատու չեն ծնողների արարքների ու ասածների համար, դա չի նշանակում, որ իրենց ցինիզմը չպիտի ավարտ ունենա, եւ որ իրենք այսօր կավերեն, որ իրենց զավակները վաղը վայելեն: Ու սարսափելին այն է, որ այդ ցինիզմի շարքերում անշլագ է, ասեղ գցելու տեղ չկա, հերթը երկարում ու չի ավարտվում: Ըհը, հրեն՝ նոր մարդ միացավ հերթին՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե բա չիմացաք՝ իրականում երկրի տնտեսական վիճակը հրաշալի է, մարդիկ միջինը «մարդա» մի 200 հազար աշխատավարձ են ստանում (մեղա-մեղա), եւ որ այս ամենի ֆոնին «խոսել համատարած աղքատացման, սովալլուկ մանուկների և այլ լալահառաչ իրականության մասին, տեղին չէ»:

Լավ, մի կերպ դեռ կարող ենք հասկանալ, որ դուք բոլորդ, որպես իշխանության մի մասնիկ, պետության փողերը չեք կարող չթալանել, որովհետեւ դուք բոլորդ անխտիր այդ մտածողության կրողն եք՝ հերիք չէ, դեռ մի բան էլ սովորական կլեպտոմաններ եք, ձեռքներդ նույնիսկ ձեզանից անկախ գողանում են, անգամ վերջին ատամի չոփը, որովհետեւ դա է արդեն ձեր բնույթը: Դեռ կարող ենք հասկանալ, որ պետության վրա թքած ունեք, ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ապագայի վրա էլ՝ հետը, բայց լավ, մի՞թե ձեր ցինիզմը սահման չունի, եթե խոսքը ձեր զավակներին է վերաբերում: Ասենք՝ կտրեցիք ազատամարտիկի, բժշկի, ուսուցչի զավակի բերանից այդ երկու կոպեկն ու տարաք ձեր տուն, ձեր զավակներին մի կուշտ կերակրեցիք, զբոսանքի էլ տարաք, աչքները կուշտ եղան, սրտի ուզածներն էլ արեցիք, բայց դրանից սոված քնող երեխաները դադարեցի՞ն գոյություն ունենալ: Թե՞ ձեզ թվում է, որ բոլոր ծնողներն են ձեզ պես «շուստրի», որ կարողանում են այնպիսի թեթեւությամբ ու հեշտությամբ տուն տանել ու վայելել ուրիշի վաստակը, ասես առավոտյան մի բաժակ սուրճ խմելիս լինեն:

Հիմա՝ դուք, Վաչե Գաբրիելյան. եթե ձեր տանը սովալլուկ երեխաներ չկան, դա դեռ չի նշանակում, որ կարող եք ԱԺ ամբիոնից նման ամպագոռգոռ հայտարարություններ անել, եթե ձեր զավակները քաղցրի կամ մսի կարոտ չեն քնում (Հայաստանի բնակչության 1/3-ը, ի դեպ՝ պաշտոնական տվյալներով, աղքատ է), դա ձեզ իրավունք չի տալիս հայտարարություններ անել «լալահառաչ իրականության եւ սովալլուկ մանուկների» մասին: Ի վերջո, հիշեք, որ քաղաքական կարիերան անվերջ չէ, մի օր դուք քաղաքականության մեջ չեք լինելու, եւ հնարավոր է՝ շատ ավելի շուտ, քան կպատկերացնենք, մի օր նույնիսկ, հնարավոր է՝ իրավական պատասխանատվության ենթարկվեք ձեր ներկայիս գործունեության համար, կարող է՝ իհարկե, այդ ընթացքում հասցնեք նույնիսկ «թռնել» երկրից, բայց ամենակարեւորը՝ հիշեք, որ ձեր ասածները հիշելու են, հատկապես ուրիշի զավակների մասին ասված ցինիկությունները, եւ այդ խոսքերի պատասխանները հետ են դառնալու ձեր դուռը: Բայց ամենավատն այն է, որ ինքներդ կարծես չեք էլ հասկանում, որ եթե դուք ձեռ եք առնում, ձեր ասելով՝ լալահառաչ իրականությունն ու սովալլուկ մանուկներին, ապա պատասխանի ու հակադարձ խոսքերի թիրախն եք փոխում, դուք միտումնավոր թիրախ եք դարձնում ոչ թե ձեզ, այլ ձեր զավակներին: Հնարավոր է՝ պաշտոնը ձեզ համար քաղցր է, բանկային կլոր հաշիվն՝ առավելեւս, բայց մի՞թե այդ ամենն արժե այն բոլոր խոսքերին, որոնք հետ են դառնալու ձեզ մի օր կամ հենց այս պահից, մի՞թե ձեր զավակների ապագան ձեզ համար պակաս կարեւոր է, քան ձեր պաշտոնն ու ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին ամեն գնով ծառայություն մատուցելու մոլուցքը: Վաղը ձեր ՀՀԿ-ն էլ չի լինելու, ձեր Սերժ Սարգսյանն էլ չի լինելու, բայց սովալլուկ երեխաների եւ այլ լալահառաչ պատմությունների համար պատասխան եք տալու: Դուք էլ դա գիտեք, զարմանալի է միայն, թե իմանալով հանդերձ՝ ինչո՞ւ եք այդ ամենի մեջ ներքաշում ձեր սերունդներին:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Ուորները կասկածում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կարող են արդար հետաքննություն երաշխավորել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’