‘Խմբագրական. Ո՞րն է քարոզչամեքենայի ուրախության պատճառը’

2583

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան հերթական թեզն է առաջ քաշել: Իշխանական տարբեր տրամաչափի սպասավորները, ընդդիմության նկատմամբ գորովանքով լցված ու ձեռքերը շփելով՝ հարցազրույցներ են տալիս, հոդվածներ են գրում առ այն, որ հիմա միասնականության ժամանակն է, որ պետք է մի կողմ դնել տարաձայնություններն ու իշխանության քննադատությունը և համատեղ ուժերով ծնկի բերել Ադրբեջանին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ ինչ այս թեզը մտել է շրջանառության մեջ, վարչախմբի ներկայացուցիչների դեմքին, չգիտես ինչու՝ ժպիտ է հայտնվել:

Այն, որ ռեալ ռազմական վտանգի, այսինքն` պատերազմի պարագայում երկրի ներսում քաղաքականությունը պետք է դադարի, և բոլոր քաղաքական, հասարակական ուժերն ու քաղաքացիները պետք է լծվեն պետության պաշտպանության գործին՝ պարզից էլ պարզ է: Միայն անմեղսունակը կարող է վիճել դրա հետ: Ընդդիմությունը նույնիսկ ներքաղաքական ամենաթեժ ժամանակներում է այդ մասին խոսել: Բազմիցս: Մասնավորապես, դեռևս 2008թ. մայիսի 2-ին համաժողովրդական շարժման 2-րդ Կոնգրեսի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «…Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։
Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքականությանը…»:

 

Այսինքն՝ արձանագրենք, որ պատերազմի վերսկսման պարագայում ներքին միասնականության ապահովման ճանապարհին խոչընդոտ չկա. և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը իրենց հայտարարություններում կողմ են արտահայտվել դրան:

Մնում է հասկանալ, թե այդ դեպքում ի՞նչն է վերջին օրերին վարչախմբի ու նրա ներկայացուցիչների այս դժվար թաքցվող ուրախության պատճառը: Չէ՞ որ անկախ նրանից, որ Ադրբեջանը կրել է մի քանի անգամ ավելի կորուստներ ու չի հասել որևէ ռազմական հաջողության, առկա է լարվածության շեշտակի աճ, ունենք զոհեր: Հատկապես՝ եթե այս ամենը դնում ենք այսօրվա անկայուն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում,  դա (նույնիսկ եթե մենք ազգովին այլևս միահամուռ ենք ու պատրաստ՝ հետ մղելու Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ցանկացած ոտնձգություն) միմիայն մտահոգության առարկա պետք է լիներ:

Պատճառները երկուսն են.

Առաջին պատճառն այն է, որ Ալիևի գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանն ու նրա վարչախումբը հնարավորություն են ստացել հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից, պետությունն այս իրավիճակին հասցնելու համար իրենց պատասխանատվության, ինչպես նաև մոտալուտ իշխանափոխության հեռանկարից: Մինչ սահմանային իրավիճակի շիկացումը՝ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ իշխանական սազանդարները շվարած գնում էին դեպի աշուն, միասնական ընդդիմության կազմակերպելիք բողոքի ալիքին ընդառաջ՝ չունենալով որևէ հակամիջոց: Սահմանադրական «բարեփոխումների» անցկացումն արդեն անհնարին է, Կոնգրեսի և Բարգավաճի միջև պառակտում առաջացնելու բոլոր փորձերն ավարտվել են (եւ կավարտվեն) անհաջողությամբ: Աշնանային քաղաքական գործընթացներում ընդդիմությանը դիմագրավելու տարբերակ չկար: Եվ ահա, օգնության է հասնում սահմանային լարվածությունը: Օգնությա՛ն, և այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև երբ երկրիդ իշխանությունն էլ, արտաքին հակառակորդդ էլ պետությանդ թշնամին են, անհնար է, որ նրանց շահերը չհատվեն որևէ կետում: Իսկ որ ինչպես Ալիևը, նույնպես և այս վարչախումբը Հայաստան պետության թշնամին են՝ երկու կարծիք լինել չի կարող:

Պակաս կարևոր չէ նաև երկրորդ պատճառը : Այս իրավիճակը թույլ է տալիս քողարկել նաև հենց այս օրերի իշխանական ամբողջ անգործությունը: Իշխանությունը, զբաղվելով միմիայն քարոզչական հնարքներով ու սահմանային լարվածությունը թողնելով բանակի՝ մեր զինվորների, սպաների ու գեներալների ուսերին, որևէ այլ բան չի անում: Կատարյալ անգործություն է դիվանագիտական ճակատում: Նման պահերին է, որ դիվանագիտական ապարատը, Սերժ Սարգսյանի ու Նալբանդյանի գլխավորությամբ (Սահմանադրությամբ և օրենքներով նրանք են պատասխանատու այդ ոլորտի համար), պետք է փոթորիկ կազմակերպեին, որոնք կարտահայտվեին  հանդիպումների, բանակցային գործընթացում նոր առաջարկների ու հնարքների, արտաքին դաշնակիցներին Ադրբեջանի դեմ գործի դնելու և այլնի միջոցով: Այս ամենի փոխարեն՝ կա, ըստ էության, լռություն: Սերժ Սարգսյանը տարված է քեֆերով ու անիմաստ այցելություններով: ԱԳՆ-ն բավարարվում է երկչոտ հայտարարություններով: Ուրիշ ոչինչ: Բայց, ա՛յ, շարմազանովներն ու ասրյանները ծաղկում են:

Երկու պարագաներում էլ իշխանությունը մատնում է իր գոյության միակ նպատակը՝ պահել իշխանություն: Ինչ գնով էլ լինի: Ալիևի հետ պատահական դաշնակցությամբ, թե ոչ: Հայրենասիրական հիստերիայի, բայց նաև արտագաղթի ծավալման, տնտեսական արդեն չեղած պոտենցիալի է՛լ ավելի փոշիացման ու պետության թուլացման  ֆոնին:

Եվ այս երկու պատճառներն էլ «բուրում» են պետական դավաճանության գարշահոտով:

Նախորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիև հանդպում նախատեսված չէ. Պաշտոնական’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Ադրբեջանում գերեվարվել է հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի’