‘Խմբագրական. Որտեղ կտրեց կապը, էնտեղ՝ տիրու պապը… կամ գողանալ, քանի դեռ հնարավոր է’

3537

Ղարաբաղյան կարգավորման հարցում նորից սև ամպեր են կուտակվել: Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի ավելացել է, Ադրբեջանը կրկնապատկել է միջազգային քաղաքականությունում Հայաստանի մեկուսացմանն ուղղված իր ջանքերը: Միացյալ Նահանգները, չնայած միջնորդ և դրանով իսկ՝ չեզոք լինելու պարտավորությանը, պաշտոնապես` դեսպանի շուրթերով (բանավեճ ծավալելու պատրվակով) հայտարարում է, որ խնդրի լուծումը ենթադրելու է 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին (բացառությամբ Լաչինի միջանցքի): 

Այս իրավիճակում, թվում էր, թե Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է մի քանի հերթափոխով աշխատեին՝ այս մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ: Սակայն անցնող շաբաթվա մեջ միակ բանը, որ արել է պաշտոնական Երևանը… առաջին անգամ փոխզիջումներ հասկացության փոխարեն խոսել է զիջումներից և այն էլ՝ պատրաստակամության համատեքստում (տե՛ս ԱԳՆ խոսնակի արձագանքը):

Շատ ավելի «կարևոր» գործով է զբաղված նաև արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն՝ Սերժ Սարգսյանը: Վերը նշված «մանր-մունր» հարցերի փոխարեն՝ Սերժ Սարգսյանը լծվել է մի նոր առաքելության. որ «Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածաշրջան: Հայաստանն էլ կարողանա կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ» (թե ասա՝ ԱՊՀ կամ ՄՄ երկրները քո միջոցո՞վ պիտի կապվեն Արգենտինայի ու հարավամերիկյան տարածաշրջանի հետ):

Դատելով Սերժ Սարգսյանի վարքագծից՝ արտաքին քաղաքականության ոլորտում վարչախումբն ուղղակի թուլացել և հաճույք է ստանում: Սերժ Սարգսյանն ու իր թիմ կոչվածը հասկացել են, որ այլևս ոչ մի կերպ չեն կարող ազդել Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա: Դրա համար էլ ամեն ինչ թողել են ինքնահոսի: Որտեղ կտրեց կապը… իսկ մինչ այդ, նույնպիսի համառությամբ ու լկտիությամբ շարունակում ու շարունակելու են կեղեքել Հայաստանն ու հայ ժողովրդին:  Քանի դեռ, որպես իշխանություն, ուժները պատում է: Սա պայմանավորված է մեկ պարզ իրողությամբ. Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, և այդ ընթացքում զահլա չունի զբաղվել պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող` անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով: Այս մնացած ժամանակը նա օգտագործում է մեկ բանի համար՝ ժողովրդից, պետությունից, գործարար միջավայրից տանել հնարավորին չափով ռեսուրս, շա՜տ ռեսուրս` փողի, անշարժ ու շարժական գույքի, բաժնեմասի, անտիկվարիատի և այլնի տեսքով: Ու այս վարքից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը կորցնելուց  (եթե չհաջողվի այն փոխանցել իրեն հավատարիմ մեկին) հետո Հայաստանում չի ապրելու (իր տեսանկյունից նայեք` իմաստ չկա): Ու ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում մտահոգվել մի երկրի մասին, որտեղ ո՛չ ապրելու ես, ո՛չ էլ մեռնելու: Դրա համար, մինչև վերջին օրն ու հնարավոր առիթը, ամենայն անպատկառությամբ ու անամոթությամբ քերել-տանելու են այն ամենը, ինչ կարող են: Ինչպես ժամանակին դիպուկ նշել էր Վանո Սիրադեղյանը. «…որովհետեւ ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարեւան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի»:

Ու՝

— թքա՛ծ, թե այս ընթացքում Հայաստանը դատարկվում է՝ բառիս բուն իմաստով,

— թքա՛ծ, թե Հայաստանի միջազգային նվաստացումները դարձել են սովորական երևույթ ու առօրեական մի բան,

— թքա՛ծ, թե ժողովրդին պատել է անելանելիության ու անհեռանկարայնության ծանր զգացումը,

— թքա՛ծ, թե էսպես շարունակվելու դեպքում առարկայորեն վտանգվում է թե՛ Հայաստանի ու թե՛ Ղարաբաղի գոյությունը,

— թքա՛ծ, թե Հայաստանում չի մնում որևէ անբեկանելի արժեք, որի շուրջ հնարավոր լինի համախմբել ազգին:

Սա պետք է հասկանան նաև նրանք, ովքեր այսօր ծառայում են Սերժ Սարգսյանին (հանրապետական, ոստիկան, բյուրոկրատ, զինվորական, դատավոր և այլն), բայց մտադիր են մնա՛լ ու ապրե՛լ Հայաստանում: Ու ընտրություն կատարեն` կանգնեն ժողովրդի կողքի՞ն, թե՞ իրենց վրա վերցնեն օֆշորային մի երկրում բնակություն հաստատած Սերժ Սարգսյանի, Սաշիկ Սարգսյանի, Միշիկի ու այլ մերձավորների գործած հանցանքների եթե ոչ իրավական, ապա հանրային պատասխանատվությունը:

Իսկ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբն այս ամենը ժողովրդի ու երկրի գլխին բերելուց հետո դեռ իրենց իրավունք են վերապահում խոսել Ղարաբաղից, նրա անվտանգությունից, Ղարաբաղի ժողովրդի բարեկեցությունից: Ու նույնպիսի անպատկառությամբ կխոսեն այնքան ժամանակ, քանի դեռ իր խոսքը չի ասել ժողովուրդը:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն իրականացրել է ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանին խոստացել էին, որ նախագահն իրեն կընդունի, սակայն, երկար սպասեցնելուց հետո նրան դիմավորել են այլ անձինք. Արգենտինական մամուլ ‘