‘Խմբագրական. «Որ յԵգիպտոս միշտ ունիս զսրտիդ զդարձն»’

1760

Հայաստանցիների ուշադրությունը շարունակում են գրավել իրադարձություններն Ուկրաինայում. կարելի է կանխատեսել, սակայն, որ այդ ուշադրությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում տեղի ունեցողն ի զորու է ստեղծել տպավորիչ պատկերներ, իսկ երբ իրավիճակը, այս կամ այն հանգուցալուծումը ստանալով, կավարտի ակտիվ «պատկերարտադրության» փուլը, քչերը կշարունակեն հետաքրքրվել հետագա զարգացումներով: Մինչդեռ «հետհեղափոխական» իրավիճակները հաճախ նույնիսկ ավելի օգտակար են անհրաժեշտ փորձ ձեռք բերելու եւ եզրակացություններ անելու առումով, քան բուն հեղափոխական «տաք» փուլերը: Այդ իմաստով, կհամարձակվենք այս պահին շեղել հայաստանցի ընթերցողի ուշադրությունն Ուկրաինայից եւ տեղափոխել այն Եգիպտոս, ուր այս պահին պատրաստվում են նախագահական ընտրությունների, եւ որպես ընտրությունների ֆավորիտ՝ դիտվում է բանակի կողմից առաջարկված թեկնածուն: Կարիք չկա հիշեցնելու, որ չնայած 2010-ին մեկնարկած արաբական գարնան սկիզբը դրվեց Թունիսում, հե՛նց Եգիպտոսը՝ շատերի համար անսպասելի՝ դարձավ հեղափոխական ալիքի տարածման կատալիզատորը և ուշադրություն գրավողը: Այդ պահից անցել է արդեն երեք տարի, եւ հետաքրքիր է, այդ թվում ՝մեզ հուզող խնդիրների տեսակետից՝ կառուցել Եգիպտոսում այդ ընթացքում տեղի ունեցածի ընդհանուր եւ սխեմատիկ «քարտեզը»՝ չհավակնելով, անշուշտ, մասնագիտական վերլուծության:

Նախ՝ վերհիշենք 2010-ի հեղափոխությունը՝ ուժերի դասավորման տեսակետից: Ընդհանուր առմամբ, չնայած բախումների եւ զոհերի, եգիպտական հեղափոխությունը պետք է բնութագրենք որպես խաղաղ, այնքանով, որքանով ապստամբած ժողովրդի ներկայացուցիչները ստիպված չեղան դիմել պայքարի զինված միջոցների: Զանգվածային հրապարակային շարժման երկու հիմնական հասարակական տանող ուժերն էին՝ ժողովրդավարական եւ ազատական ձգտումներ ունեցող քաղաքաբնակ միջին շերտը եւ ավելի պահպանողական, հիմնականում՝ չափավոր իսլամիստական հայացքներ ունեցող միջինից ցածր խավը: Առաջինները ինստիտուցիոնալ առումով որեւէ կերպ կազմակերպված չէին՝ հանդես գալով, մեզ մոտ ընդունված եզրով՝ ընդհանուր «քաղաքացիական» դիրքերից: Երկրորդ շերտի շահերը ներկայացնում էր աշխարհի հնագույն իսլամիստական կառույցներից մեկը՝ «Մուսուլման եղբայրները»: Ընդ որում՝ իսլամիստների դերը բուն հրապարակային գործընթացում, կարծես, մի փոքր ավելի նվազ էր, քան պայմանական «քաղաքացիականներինը»: Այս երկու խմբերը կարողացան հաջողության եւ, ըստ էության՝ խաղաղ իշխանափոխության հասնել՝ շնորհիվ երկու գործոնների. ա. հասարակական միջին եւ ստորին շերտերի լայն համախմբման, բ. վերնախավի պառակտման: Վճռական դեր խաղաց եգիպտոսյան վերնախավում կարեւորագույն դեր կատարող եւ արտաքին լուրջ կապեր ունեցող բանակի դիրքը, որը հրաժարվեց գործել զանգվածների դեմ: Այսինքն՝ եգիպտոսյան վերնախավը ոչ միայն պառակտվեց, այլեւ զրկվեց ուժային վճռական գործոնի կիրառման հնարավորությունից: Այդպիսով՝ հասարակական լայն համախմբումը կարողացավ ապահովել ուժային հավասարակշռության խախտում՝ ընդդեմ գործող ռեժիմի: Եթե բանակը միջամտեր գործընթացին՝ Մուբարաքի վարչակարգի կողմից, ապա եգիպտոսյան հեղափոխությունը կա՛մ ճնշվելու էր արյան մեջ, կա՛մ զարգացումները Եգիպոտսում պետք է ընթանային լիբիական-սիրիական՝ քաղաքացիական պատերազմի սցենարով:

Այժմ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ հեղափոխությունից հետո: Նախ՝ ժամանակավորապես իշխանությունն իր ձեռքը վերցրեց բանակը: Ապա՝ որոշ ժամանակ անց, ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության եկավ չափավոր իսլամիստների ներկայացուցիչ Մուրսին: Վերջինս բավականին արագ հասցրեց խորացնել առկա հակասությունները թե՛ բանակի, թե՛ «միջին դասի» հետ, որոնք երկուսն էլ աշխարհիկ հասարակության իդեալի կրողներն են: Արդյունքում՝ միջին դասը ապստամբեց նաեւ Մուրսիի դեմ, իսկ բանակը կրկին կատարեց վճռական դեր՝ այս անգամ արդեն իսլամիստ նախագահին գահընկեց անելու գործում: Եվ նորից երկրի կառավարումն անցավ բանակի ձեռքը: Այս անգամ, կարծես, կան բոլոր միտումներն առ այն, որ բանակն արդեն ոչ թե ժամանակավոր, այլ ավելի երկարատեւ ժամանակով վերցնի երկրի կառավարման ղեկն իր ձեռքը: Համենայն դեպս, ինչպես, նշեցինք՝ սպասվելիք նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուն ներկայացնում է հենց բանակը: Ի՞նչ է հետեւում այս ամենից:

Տեսնում ենք, որ չնայած հեղափոխության իրականացմանը մոտավորապես հավասար ներդրում են ունեցել երեք հասարակական ուժեր՝ «քաղաքացիականը», իսլամիստները, բանակը, սակայն հետհեղափոխական իրավիճակում իշխանությունը հաջորդաբար ստանձնել են դրանցից երկուսը՝ իսլամիստները եւ բանակը: Այսինքն՝ անկախ հեղափոխության իրականացման մեջ ունեցած չափաբաժնից, իշխանությունը հասել է այն ուժերին, որոնք կազմակերպված են եղել որպես կառույց: «Քաղաքացիականները», որոնք թեպետ եղել են ոչ միայն հեղափոխությանը մասնակցած ուժերից մեկը, այլև, կարելի է ասել, դրա նախաձեռնողն ու տանող շերտը, ի սկզբանե զուրկ լինելով կառույցներից, այսինքն՝ կազմակերպչական ռեսուրսից, հետհեղափոխական իրավիճակում վճռորոշ ուժ չեն, եւ նրանց մնում է միայն նույն ծայրահեղ զենքը՝ հրապարակային բողոքը, ընդ որում՝ նույն բանակի աջակցության հույսով: Այլ կերպ ասած՝ Եգիպտոսի հետհեղափոխական զարգացման օրինակով պարզ երեւում է, որ այսօրվա աշխարհում, ինչպես եւ նախկինում, ուժի մեջ է մնում կազմակերպության գործոնը, եթե մարդիկ ուզում են ոչ միայն «բունտ» անել, թեկուզ եւ՝ հաջողելով այդ գործում, այլեւ իրական ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա: Կառույցը մնում է կարեւոր ռեսուրս՝ ուժային հաշվեկշռի կարեւոր բաղկացուցիչ տարր: Հայաստանը չի կարող բացառություն լինել, եւ փոփոխությունների ձգտող հայաստանյան միջին շերտը եւս պետք է առաջին հերթին մտածի ինքնակազմակերպման, «կառուցապատման» մասին, այլ ոչ թե տապակվի «սրա-նրա» ժամանակն անցել է դատարկաբանության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանի կազմ ԼՂՀ վերադարձ նախատեսող աշխարհաքաղաքական փոխդասավորություն գոյություն չունի’