‘Խմբագրական. Ու՞մ «մահն» է գուժում «Հետքը»’

3530

Ասել, որ Տիգրան Սարգսյանի ձեռքից հիմա շունը հաց չի վերցնի, կնշանակի ոչինչ չասել: Օֆշորային պեղումները բավականին արգասաբեր են և նրա առօրյան դարձրել են մղձավանջ: Օրեր առաջ «Հետքը» ներկայացրեց Տիգրան Սարգսյանի հանցագործությունների շղթայից ևս մեկ օղակ, որն ավելի ընդգրկուն դարձրեց օֆշորներում նրա  գործունեության ծավալները: Իսկ վերջը դեռ չի երևում:

Ո՞ր մի բացահայտմանը արձագանքել, ո՞րը հերքել, ո՞րը խեղաթյուրված մեկնաբանել, ո՞րը գցել ուրիշի վրա: Սրանք բոլորը օֆշորային բիզնեսմեն վարչապետի համար դարձել են շեքսպիրյան հարցեր, որոնցից գլուխ հանելու համար նա ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ունակություն` մեր մեջ ասած: Միակ բանը որ կարողացել են անել կառավարական վերլուծագանգերը, վերստին պեղել են 90-ականների քաղաքական կլոունադայի առաջամարտիկներից՝ Սադոյանին, ով պատրաստ է կանխիկով միացնել վաղուց հնացած սկավառակը 90-ականների «ահասարսուռ հանցագործությունների» մասին: Հերթակա՛ն անգամ մի փոքր վարձատրության դիմաց ինքնակամ հայտնվելով հիմար դերում: Ընդհանրապես 90-ականների թեման շատերին հասցրել է մառազմի դուռը: Բայց սա այլ թեմա է, որին արժե անդրադառնալ առանձին:

Բայց վերադառնանք օֆշորային սկանդալի քաղաքական համատեքստին: Իրադարձությունների նման զարգացումը ծնում է հետևյալ հարցը. ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն այս սկանդալի հետ: Դատելով լռությունից՝ կարելի է առաջ քաշել երկու ենթադրություն: Առաջին. այս ամենի նախաձեռնողն ինքը Սերժ Սարգսյանն է ու հիմա լուռ, քայլ առ քայլ առաջ է տանում Տիգրան Սարգսյանի նոխազացման ծրագիրը: Սա, սակայն, քիչ հավանական տարբերակ է, որովհետև ինչո՞ւ պիտի Սարգսյանը մյուս Սարգսյանին (որին իշխանության մյուս հատվածներում այնքան էլ բարեկամաբար չեն վերաբերվում) վերանշանակեր վարչապետի պաշտոնում, եթե  պիտի երկու ամիս անց, նաև իրեն իսկ վարկաբեկող սկանդալով փուռը տար նրան: Իրեն վարկաբեկող, որովհետև միայն դաունները, մեկ էլ պալատական մտավորականները կարող են հավատալ, որ Տիգրան Սարգսյանը փողերի լվացմամբ, օֆշորային եկամուտների դիզմամբ է զբաղվել առանց Սերժի գիտության, դաբրոյի, կամ որ հեչ չի բացառվում՝ գործընկերության: Առավել հավանական է, որ այս բացահայտումներն, այնուամենայնիվ, անակնկալի են բերել նրան և արված են ոչ իր հրահանգով (ամենայն հավանականությամբ՝ իշխանության ներսից կամ մերձակայքից՝ Ժառանգորդ-2018 օպերացիայի շրջանակներում): Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի ազդեցությունը բուրգի ներսում, որպես հեռացող պարագլուխ, գնալով նվազելու է, գահին հավակնողները, լինեն ԱԺ-ում, գործադիրում, թե մառախլապատ ալբիոններում, ավելի ագրեսիվ վարքագիծ են որդեգրելու ներիշխանական պայքարում: Տիգրան Սարգսյանի օֆշորային արկածները դեռ առաջին ծաղիկներն են, որ տեսանելի են դարձել հայաստանյան հասարակությանը: Առջևում սպասվում են դաժան ծաղկեփնջեր:

Իրադարձությունների նման զարգացման պարագայում Սերժ Սարգսյանի խնդիրն ավելի է բարդանում. նրա և վարչախմբի առջև բացվում է ներիշխանական բախումների, հարուստ զինանոցով կոմպրոմատային պատերազմների մի երկար ու փշոտ ճանապարհ՝ անկանխատեսելի վերջաբանով: Ովքեր այս ճանապարհից դուրս կգան ողջ (իմանալով ներկայիս ռեժիմի բնույթը՝ սա ամենևին էլ չափազանցություն չէ), իսկ ովքեր՝ քիչ տուժած՝ բուրգի անդամներից ոչ ոք չի կարող իմանալ:  Եվ այդ ճանապարհին չի լինելու իրավագիտակցության, բարոյականության, պետական մտածողության որևէ դրսևորում: Ավազակապետական բուրգի քաոտիկ վիճակը, ինչպես նաև ներսում գործող վարքականոնները ստիպում են վարչախմբի անդամներին չխորտակվելու համար անխնա խորտակել կողքիններին: Առանց աչք թարթելու՝ ուրանալով խնամիությունն ու քավորսանիկությունը, ինչպես նաև նախկինում գործած համատեղ հանցանքների հետևանքով առաջացած փոխադարձ կապվածությունը: Եվ այս ամենը՝ Եվրամիություն-Եվրազես երկընտրանքի, Ադրբեջանի՝ արագ տեմպերով զինվելու, գազի, հոսանքի ու ամեն ինչի թանկացման, ինչպես նաև խորացող արտագաղթի ֆոնին:

Նախորդ հոդվածը‘Պետի տեղակալի սիրած զբաղմունքը կալանավոր ծեծելն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’