‘Խմբագրական. Ուժ և բանականություն’

1867

Չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունն աննախադեպ է անկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ (եթե չհաշվենք անկախության առաջին տարիների շրջանը)։ Այդ համագործակցության հեռանկարներն առայժմ պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել, սակայն փաստն ինքնին համարենք զգուշորեն հուսադրող։ 1995 թվականից ի վեր՝ երբեք ոչ իշխանական ուժերը խորհդարանում այդքան քանակ չեն ունեցել, ու չնայած նույնիսկ ա՛յդ քանակի դեպքում նրանք չունեն ԱԺ-ում վճռական մեծամասնություն, սակայն բոլորն էլ հասկանում են, որ դա այնքան էլ կայուն իրականություն չէ, որովհետև համապատասխան պայմաններում խորհրդարանական մեծամասնության անդամների մի կամ նույնիսկ զգալի մասը կարող է արագորեն «ճամբարափոխվել», ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, 1998-ին։ Գաղտնիք չէ, որ հետխորհրդային տարածքում իշխող կուսակցությունները մեծամասամբ ոչ թե իրական քաղաքական ուժեր են, այլ կոնյուկտուրային բյուրոկրատական խմբեր, որոնք արագ փլուզվում են, երբ առաջանում է ուժի վակուում իշխանության ներսում։ Սա իրականության մի կողմն է, կա, սակայն, և հակառակ կողմը։ Նույն խորհրդարանական ոչ իշխանական ուժերն այնքան էլ միատարր չեն, և սա էլ գաղտնիք չէ. Դրանցից յուրաքանչյուրն ինքը ենթակա է իշխանական հնարավոր «դիվերսիոն» գործողությունների ազդեցությանը, այնպես որ՝ եթե իշխանական ուժից հնարավոր առնետավազքը սցենարներից մեկն է, ապա դրա ծայրահեղ հակադիր բևեռում են ոչ իշխանական ուժերի ներքին պառակտումները։

Ինչևէ, կուտակային թոշակային համակարգի դեմ ուղղված շաբաթօրյա հանրահավաքը, որը կազմակերպվել էր համապատասխան քաղաքացիական նախաձեռնության կողմից և աջակցություն ստացել նաև քաղաքական ուժերի կողմից, պարզորեն ցույց տվեց մեկ բան՝ Հայաստանի քաղաքացիները պատրաստ են հրապարակային  զանգվածային պայքարի։ Համենայն դեպս՝ եթե վստահենք աչքաչափի տպավորություններին, ապա կարելի է ասել, որ շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքն իր մարդաշատությամբ հասնում էր վերջին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հանրահավաքներից ամենատպավորիչներին։ Սա պետք է համարել որոշակի ազդանշան։ Սա նշանակում է, որ քաղաքական սուր օրակարգը կարող է պարզապես պայթյուն առաջացնել, եթե, իհարկե, ապահովվի համապատասխան տեխնոլոգիաներով։ Իհարկե, անցած հանրահավաքի նշանակությունն էլ պետք չէ ոչ միայն թերագնահատել, այլև գերագնահատել։ Ելնելով նախկինի փորձից՝ կարող ենք զգուշորեն կանխատեսել, որ այս տիպի հանրահավաքները մեծ հեռանկար չունեն՝ այն իմաստով, որ դրանց շուրջ հազիվ թե ձևավորվի ոչ միայն ձնագնդի էֆեկտ, այլև հնարավոր լինի քիչ թե շատ երկար ժամանակ պահել մարդկանց նույն քանակը։ Պետք է հաշվի առնել նաև, որ Հրապարակի քաղաքական և «քաղաքացիական» հատվածների միջև որոշակի չհասկացվածություն կար, որը, մի կողմից՝ շտկելի է, եթե կողմերը շարունակեն հետագա համագործակցությունը՝ առանց միմյանց «ներքին գործերի» խառնվելու, մյուս կողմից՝ անպայման օգտագործվելու է իշխանական քարոզչության կողմից, և այստեղ ամեն բան կախված է հասարակական գիտակցության հասունության և փորձից սովորելու ունակությունից։ Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական տարբեր ուժերի համագործակցությունը տվեց դրական ակներև արդյունք, և պարզ է, որ դրական արդյունքի ամրապնդումը կապված է հետագա համագործակցության հետ։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա նրանք պետք է ընդունեն հասարակության ուղերձը և հասկանան, որ, նախ՝ հասարակությանը չեն հետաքրքրում մանր վեճերը ընդդիմադիր դաշտում, որ հասարակությունը պատրաստ է հրապարակային համախմբան, և որ համապատասխան տեխնոլոգիաներով և քաղաքական համարժեք բովանդակությամբ ապահովված գործողությունները կարող են բերել երկրում հասարակական շարժման նոր ալիքի առաջացմանը։ Դրա համար, սակայն, քաղաքական ուժերն ու խմբերը պետք է սթափ վերլուծեն իրավիճակը և հասկանան, որ հասարակությունը հիմար չէ՝ նա սպասում է համարժեք առաջարկի: Իսկ համարժեք առաջարկը պետք է իր մեջ պարունակի երկու կարևոր տարր, որպեսզի հաջողվի ոչ միայն կարճաժամկետ, այլև ավելի երկարատև հեռանկարում։ Այդ երկու տարրերն են՝ բովանդակային քաղաքական օրակարգը և ուժի այնպիսի բևեռի ձևավորումը, որը հասարակությանը հույս կներշնչի։ Եթե առաջին տարրի խնդիրը քիչ թե շատ պարզ է թվում, ապա երկրորդը ենթադրում է որոշակի «կայծ», «սենսացիա», «ինտրիգ»՝ ոչ միայն զուտ բովանդակային, այլև հոգեբանական էֆեկտ։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է հոդաբաշխ խոսք և անվիճարկելի ուժ։

Նախորդ հոդվածը‘Հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Անցյալ շաբաթվա հինգ ամենաանհեթեթ լուրերը՝ ըստ Интерфакс-ի’