‘Խմբագրական. Ուկրաինական դասեր’

2051

Անկախ նրանից, թե ինչ զարգացում եւ ավարտ կունենան այս պահին Ուկրաինայում ընթացող իրադարձությունները (այս տողերը գրվում են դեկտեմբերի մեկի երեկոյան, եւ իրավիճակը շատ դինամիկ է), դրանք հերթական անգամ ակնառու են դարձնում մի քանի պարզ հասարակական ճշմարտություններ, որոնք մեզանում վերջերս, ցավոք, կարիք ունեն նորովի ապացուցման:

1. Հասարակությունները, հրապարակային զանգվածային պայքարը, ի վերջո՝ նաեւ ժողովրդի կամքը, ոչ պակաս կարեւոր գործոն են, քան «գեոպոլիԾիկան», որով վերջերս մեզանում տարված են գրեթե բոլորը: Այսինքն՝ «գեոպոլիծիկան» կարող է որոշել մի բան, իսկ հասարակության կամքը՝ պարտադրել իրենը: Իհարկե, հասարակական կամքը նույնպես կարող է պարտվել՝ դա չէ հարցը, քանի որ ուժային ցանկացած բախման մեջ  ելքն, ի վերջո, առավել անկանխատեսելի է, քան որեւէ այլ իրավիճակում, բայց հարցն այն է, որ հասարակության կամքը եւ արտաքին ազդեցությունները մոտավորապես հավասարազոր, իրար հավասարակշռող ուժեր են:

2. Ուժերի համախմբումը եւ զանգվածային հրապարակային մոբիլիզացիան շարունակում են մնալ ժողովրդավարական պայքարի արդյունավետ գործիքը՝ ի հեճուկս մեզանում վերջին մեկ-երկու տարվա մեջ տարածված, կներեք, զառանցանքի՝ դրանց հնացման ու դրանց փոխարեն՝ ինչ-որ իբր նոր, «կրիաԾիվ» լուծումների անհրաժեշտության մասին խոսակցությունների: Վստահ ենք, որ նույնիսկ նրանք, ովքեր Հայաստանում այդ բոլոր կոնյուկտուրային կարգախոսներն ակտիվորեն առաջ էին քաշում, Ուկրաինայի դեպքում չեն էլ հիշի դրանց մասին, դեռ մի բան էլ՝ հակառակը: Բնականաբար, սա չի նշանակում, որ իրապես ստեղծագործականը եւ նույնիսկ՝ «կայֆը», տեղ չունեն հասարակական գործընթացներում, բայց դա չի կարող լինել ինքնանպատակ «նորույթի», ամեն օր հեծանիվ հայտնագործելու եւ մարդկության տարրական փորձը վերամբարձ հերքելու տեսքով:

3. Տվյալ երկրի ինքնիշխանության հարցերը լուծվում են տվյալ երկրի ներսում եւ տվյալ երկրի հասարակության կողմից: Որքան էլ կարեւոր լինեն արտաքին գործոնները, սակայն կենտրոնական են ներքին օրակարգը եւ ներքին լծակները: Ի վերջո, տվյալ երկրի հասարակությունը քիչ բան կարող է փոխել այլ երկրների կյանքում, բայց ահա սեփական երկրի համար պատասխանատու է:  

4. Իշխանության հրաժարականի պահանջը մնում է նորմալ եւ ըստ էության՝ միակ հնարավոր քաղաքական օրակարգ քաղաքական այնպիսի տապալումների դեպքում, ինչպիսիք եղան վերջերս մեզանում: Ոչ մի բառային էկվիլիբրիստիկա այստեղ չի կարող հակափաստարկ լինել:

5. Հասարակությունները չեն ելնում պայքարի, որովհետեւ հաղթանակը երաշխավորված է: Նրանք ելնում են պայքարի, որովհետեւ ունենում են սկզբունքներ, կամք եւ ռեսուրսներ: Հասարակությունները նաեւ չեն զբաղվում հեծանիվ հորինելով, այլ օգտագործում են բոլորին հայտնի եւ հասանելի պայքարի մեթոդները: Հաջողության երաշխիք փնտրելը կամ ենթադրելը նույնն է, ինչ հավերժ շարժիչի գյուտն ակնկալելը:

6. Քաղաքական կոնկրետ տապալումների դեպքում պահանջում են կոնկրետ իշխանության եւ նրա առաջին դեմքերի հրաժարականը եւ փորձում են իրականացնել իշխանափոխություն: «Անձերի փոփոխությունը մեզ հետաքրքիր չէ», «մեզ համակարգափոխություն է պետք», «բա ո՞ւր մնաց ձեր գաղափարախոսությունը» եւ նման այլ հարցերն ու պնդումները արժեք չունեն: Խոսքն, ի վերջո, պատահական անձերի մասին չէ, այլ կոնկրետ գործողությունների պատասխանատուների, իսկ թե նրանցից հետո եկած անձերն իրենց ինչպե՛ս կդրսեւորեն՝ ապագայի, այլ ոչ թե ներկայի հարց է:

7. Խաղաղ սահմանադրական պայքարը մնում է հասարակությունների զենքը, եւ հասարակական դիմադրությունը ոչ թե «իսկական տղերքի», այլ լայն զանգվածների ու հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների գործն է:

8. Հրապարակային զանգվածային պայքարի ելած հասարակությունները կարող են եւ նույնիսկ պարտավոր են օգտագործել իշխանության ներսում եղած հակասությունները, ներքին բաժանումները, այլ ոչ թե մանկամտաբար մերժել եղած հնարավորությունները՝ հօգուտ հակառակորդի, տվյալ դեպքում՝ իշխանության ճակատի միասնության: Հազիվ թե մեկը խելամիտ համարի այն զորքին, որը հակառակորդի բանակում եղած տարաձայնությունները չփորձի օգտագործել կամ նույնիսկ չփորձի ինքը ստեղծել նման տարաձայնություններ:

Մեծ հաշվով՝ սա այլ բան չէ, քան ժամանակ առ ժամանակ գրվել է, այդ թվում՝ մեր կայքի խմբագրականներում: Բայց թերեւս հենց այս պահին զարգացող իրադարձությունները թարմացնեն նրանց ուղեղները, ովքեր դեռ կասկածներ ունեն այս հարցերում: Կարծում ենք՝ արդեն հեռու չէ այն ժամանակը, երբ Հայաստանում էլ հասարակական տարբեր ուժերի ավելի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ բացի համախմբումից, հստակ քաղաքական օրակարգից եւ հրապարակային զանգվածային պայքարից՝ այլ ճանապարհ չկա:

Նախորդ հոդվածը‘Խալաթ, սապոգ և «Ազատվենք Սերժիկներից». Երևանը դիմավորում է Վ.Պուտինին’
Հաջորդ հոդվածը‘4 քաղաքացի բերման է ենթարկվել պաստառներ փակցնելու համար’