‘Խմբագրական. Ուկրաինական դեպքերի հերթական դասերը’

2533

Ուկրաինայում այս պահին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները կարող են հերթական դասը դառնալ մեզ համար, եթե, իհարկե, մեր հասարակության մտածող համարվող մասն, այնուամենայնիվ, ի վիճակի է փորձ կուտակել եւ եզրակացություններ անել պարզ օրինակներից:

Համառոտ հիշեցնենք՝ ինչ է տեղի ունեցել վերջին օրերին Կիեւում: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ նման հիշեցման կարիքը չկա, սակայն հաշվի առնելով այսօրվա աշխարհի տեղեկատվական հոսքի հաճախ զուտ պատկերային բնույթը՝ ենթադրում ենք, որ չնայած տեղեկատվության առատությանը՝ շատերը, կարող է, այնքան էլ լավ չեն ընկալել տեղի ունեցողը: Իսկ տեղի է ունեցել հետեւյալը: Նախ՝ ուկրաինական խորհդարանը արագ կարգով ընդունել է մի շարք օրենքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են ընդդիմադիր ակտիվության, հատկապես՝ զանգվածային հրապարակային գործողությունների դեմ՝ բարդացնելով դրանց պայմանները: Սրան ի պատասխան՝ կիեւյան Մայդանի առավել արմատական տրամադրված հատվածն անցել է ուժային գործողությունների: Այս պահը պետք է շեշտենք՝ ուժային գործողությունների անցել է ոչ թե ամբողջ ուկրաինական ընդդիմությունը, ոչ թե ամբողջ Մայդանը, այլ դրա մի մասը միայն՝ այսպես կոչված՝ «աջ սեկտորը», որն, ինչպես համարվում է՝ հիմնականում բաղկացած է ուկրաինական ազգայնականներից (տվյալ դեպքում, ազգայնական ասելով՝ նկատի չունենք որեւէ բացասական երանգ, այլ պարզապես այդ մարդկանց քաղաքական կողմնորոշումը): Ի դեպ, նման իրավիճակ մի պահ ստեղծվել էր նաեւ անցյալ տարվա աշնան վերջին, երբ Եվրամայդանը նոր էր ձեւավորվում: Այդ ժամանակ Մայդանի արմատական հատվածը նույնպես փորձ կատարեց ուժային գործողությունների անցնելու, բայց այդ ժամանակ այդ անցումն ավելի փոքր աջակցություն գտավ: Ուկրաինական ընդդիմության մյուս, եւ, կարելի է ասել՝ հիմնական մասը, ի սկզբանե դեմ լինելով ուժային լուծումների, այս օրերին նույնպես ե՛ւ կոչերով, ե՛ւ գործողություններով փորձեց ամեն բան անել՝ կանխելու համար բախումները, ինչը, սակայն, չստացվեց՝ «աջ սեկտորը» պարզապես անտեսեց բոլոր նման փորձերը: Այս ամենը գրում ենք ոչ թե կողմերից մեկին արդարացնելու, իսկ մյուսին դատապարտելու (դա մեր գործն էլ չէ), այլ զուտ փաստն արձանագրելու, ինչպես նաեւ հայաստանյան ընթերցողին ինչ-որ տեղ ծանոթ իրավիճակ հիշեցնելու նպատակով: Այժմ տեսնենք, թե ինչ հետեւություններ կարող ենք անել այս իրավիճակից մենք:

1. Ինչպես տեսնում ենք՝ ուժային եւ խաղաղ գործողությունների կողմնակիցների բաժանման առումով իրավիճակը կարող է հիշեցնել մեր ներհայաստանյան վեճերը: Մեզանում էլ պարբերաբար առաջ է քաշվում այն միտքը, որ ընդդիմադիր պայքարի խաղաղ ձեւն անարդյունավետ է, եւ պետք են ուժային, այսպես կոչված՝ «վճռական» գործողություններ: Սա բնական գործընթաց է, քանի որ աշխարհում, այդ թվում՝ քաղաքական ոլորտում, չկա որեւէ մեթոդ, որն ի զորու լինի երաշխավորել 100 տոկոսանոց հաջողություն: Զանգվածային պայքարի ինչպես խաղաղ, այնպես էլ ուժային մեթոդները կարող են ե՛ւ հաջողվել, ե՛ւ ձախողվել՝ կախված ամենատարբեր հանգամանքներից, որոնց մի մասն էլ պարզապես դուրս է որեւէ կանխատեսումից: Բնական է, որ երբ մի երկրում տապալվում է այս կամ այն մեթոդների վրա հիմնված փորձերից մեկը, ապա հասարակության մեջ քննարկում է առաջանում այլընտրանքային մեթոդի մասին: Ի տարբերություն, սակայն, Ուկրաինայի՝ մեզանում ուժային, «վճռական» գործողություններից խոսողների ճնշող մեծամասնությունը երբեք խոսքը գործի չի վերածել: Միակ բացառությունը կարող ենք համարել Շանթ Հարությունյանի փորձը: Մնացածների դեպքում, հաշվի առնելով խոսքի եւ գործի անդունդային տարբերությունը (ոչ միայն ուժայինի չեն անցել, այլեւ հաճախ ճիշտ հակառակ քաղաքական վարք են դրսեւորել), կարող ենք պնդել, որ գործ ունենք սովորական դեմագոգիայի հետ: Ամփոփելով՝ արձանագրենք, որ ուկրաինական ընդդիմության արմատական հատվածն այսօր անում է այն, ինչ առաջարկվում էր շատերի կողմից անել հայաստանյան ընդդիմությանը 2008-ի փետրվար-մարտին: Ինչպես տեսնում ենք, սակայն, այդ տարբերակը չի երաշխավորում որեւէ հաջողություն: Բայց այս կետը չէ, անշուշտ, ամենաէականը: Սա ընդամենը հընթացս արված համեմատություն էր, որն արտացոլում է հարցի մակերեսը:

2. Ավելի կարեւոր է Ուկրաինայում այժմ տեղի ունեցողի օրինակով հասկանալ ուժային գործոնի խնդիրն ավելի խորքով: Ընդհանրապես՝ քաղաքական հարցերը, վերջին հաշվով, լուծվում են ուժով եւ միա՛յն ուժով: Ամբողջ խնդիրը միայն այն է, թե ի՛նչը համարենք ուժ: Երբ ասում ենք, թե քաղաքական խնդիրները լուծվում են ուժով, նկատի ունենք ուժային հաշվեկշռի խախտումն այս կամ այն կողմ: Իսկ ուժային հաշվեկշռի մեջ մտնում է ոչ միայն բիրտ ֆիզիկական ուժը, այլեւ շատ ավելի նուրբ ուժեր՝ հոգեբանականից մինչեւ մարդկային, ֆինանսական եւ այլն: Հանուն իշխանափոխության որեւէ պայքարի նպատակն ուժային հաշվեկշռի խախտումն է՝ ի վնաս գործող իշխանության: Այսինքն՝ այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ իշխանությունն ի զորու չլինի հարցն ուժով լուծել՝ լինի դա իշխանության կամքի թուլացման, ներիշխանական պառակտումների, ուժային կառույցների անվստահելիության, արտաքին գործոնների զսպիչ դերի, թե այլ ինչ- որ գործոններով պայմանավորված: Կախված հաշվեկշռի խախտման աստիճանից՝ իշխանությունը ստիպված է այս կամ այն չափի զիջումների գնալ՝ ընդհուպ մինչեւ հրաժարականը: Եվ այս իմաստով զուտ ֆիզիկական ուժային գործոնները, նույնիսկ՝ եթե համարենք, որ դրանք պայքարի ընդունելի եւ արդյունավետ միջոց են, երբեք չեն կարող իրենք իրենցով իրավիճակ վճռել: Ֆիզիկական ուժի կիրառումն ի վերջո կարող է միայն յուրահատուկ դեկորացիա լինել, հուզական տպավորություն թողնող պատկերներ ձեւավորել, գեղարվեստական էֆեկտ տալ, բայց բուն հարցը լուծվելու է այլ՝ նույնպես ուժային, բայց ոչ ֆիզիկական ուժային գործոնների միջոցով:

Ցանկացած իշխանություն այլ հավասար պայմաններում ֆիզիակական ուժի տեսակետից ավելի հզոր է, քան հասարակությունը, բայց այդ ուժը կարող է գործել կամ չգործել՝ կախված հանգամանքներից: Այսպես, օրինակ, եթե 1917-ի հոկտեմբերին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը չլիներ ծայրաստիճան հեղինակազրկված, եթե նրա կամքը կաթվածահարված չլիներ նախորդ զարգացումներից, ապա նա հեշտությամբ արյան մեջ կարող էր ճնշել մի փոքր խումբ բոլշեւիկների զինված հարձակումը Ձմեռային պալատի վրա: Նույնը կարելի է ասել ցանկացած այլ նմանատիպ դեպքի մասին: Նույնն այսօր տեսնում ենք Ուկրաինայում: Ուժային գործողությունների դիմած ուկրաինական ընդդիմության հատվածը չի կարողանում լուծել իշխանափոխության խնդիր, եւ չի կարողանա լուծել, եթե տեղի չունենա ուժային հաշվեկշռի խախտում՝ ի վնաս ուկրաինական իշխանության: Քանի դեռ ուժային կառույցները ենթարկվում են հրամանների, քանի դեռ իշխող վերնախավում լուրջ պառակտումներ չկան, քանի դեռ Յանուկովիչը կարող է հիմնվել արտաքին որոշակի աջակցության վրա, եւ քանի դեռ մյուս արտաքին ուժերի ճնշումները որոշակի սահմանից այն կողմ չեն անցնում, իշխանությունը հաղթելու է հասարակության հետ ցանկացած ուժային բախման մեջ: Այլ կերպ ասած՝ որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի՝ ուժային գործողությունները իրենք իրենցով ուժային հարց չեն կարող լուծել: Իհարկե, այս հարցերը երաշխավորված կերպով չի կարող լուծել նաեւ խաղաղ պայքարը: Բայց սա արդեն այլ խոսակցություն է. տվյալ դեպքում մեզ հետաքրքիր էր ակներեւ օրինակով վերլուծել մեր հասարակության մեջ տարածված որոշ կարծրատիպեր:

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք Վանաձորի զորամասում. 22-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է հոսպիտալ’
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղումներ և ազատումներ ոստիկանությունում’