‘Խմբագրական. Ուղղությունը՝ Ազատության հրապարակ ‘

2277

Իր կառավարման ընթացքում` տարեցտարի, օրեցօր Սերժ Սարգսյանը երկիրը բերել հասցրել է մի այնպիսի վիճակի, երբ փաստացի նրանից դժգոհ են գրեթե բոլորը: Չդժգոհողների շատ նեղ քանակի մեջ են մտնում մի քանի հատուկենտ`նրա նեղ շրջանակի մարդիկ: Սարգսյանի լայն շրջապատը գոհերի ցանկում վաղուց արդեն չկա: Նրանք սպասողների ցանկում են: Նրանք գիտակցում են, որ վերաբաշխման և թալանի ռեսուրսը գնալով սպառվում է, և հետևաբար՝ նրանից յուրաքանչյուրը կարող է լինել Սարգսյանի և նրա նեղ շրջապատի հաջորդ զոհը: Նրանցից յուրաքանչյուրը պոտենցիալ մատաղացու է, և դա նրանք մեզանից լավ գիտեն:

Սա մի քաղաքական մսաղաց է, որտեղ անգամ յուրայինները ցանկացած պահի կարող են դառնալ օտար և քավության նոխազ: Նրանք գիտեն, որ սա մարտ է առանց կանոնների, որտեղ միայն մեկ կանոն է գործում. եթե հաջորդը դու չես, դա դեռ չի նշանակում, որ հաջորդի հաջորդը դու չես լինելու: Նրանք գիտեն, որ այն, ինչ ունեն այսօր, հնարավոր է` իրենցն է այսօր, բայց չկա ոչ մի երաշխիք, որ իրենցը կլինի նաև վաղը: Սև «նալոգների» ավելացման, սնանկացման, բանտարկվելու վտանգը Դամոկլյան սրի պես կախված է Սարգսյանի լայն շրջապատի անդամներց յուրաքանչյուրի գլխին:

Այսպիսով, բացառությամբ մի քանի հոգու, Հայաստանում Սարգսյանից դժգոհ են բոլորը:

Սերժ Սարգսյանից դժգոհ են գյուղաբնակներն ու քաղաքաբնակները, տաքսիստներն ու մարզիկները, դերասաններն ու խանութպանները, բիզնեսմեններն ու վարորդները, երիտասարդներն ու թոշակառուները, ուսուցիչներն ու ազատամարտիկները, գործարարներն ու մանրածախ առևտրականները, բոլորը, բոլորը, բոլորը:

Խնդիրն այն է, սակայն, որ դժգոհողների մի մասը, խորապես գիտակցելով հանդերձ խնդրի լրջությունը, մինչ այժմ խուսափել կամ վախեցել է հրապարակայնությունից: Բողոքել` պատերի տակ, խոհանոցներում, փողոցում` հեռախոսներն անջատած, ականջներից ու աչքերից հեռու` թաքուն հիանալով երթերով քաղաքը դղրդացնող ընդդիմությամբ, լուսավոր երիտասարդներով, բայց հրապարակավ վախենալով միանալ նրանց, սպասելով, որ ընդդիմությունը, այսինչը կամ այնինչը մի բան անի:

Այժմ արդեն իրավիճակն այնպիսինն է, որ դժգոհությունները պետք է բաց թողել, դժգոհություններին պետք է ազատություն տալ: Բայց ոչ թե աննպատակ, այլ հասցեագրված: Բոլոր դժգոհությունները պետք է հրապարակայնացնել, վերցնել դրանք ու գնալ Ազատության հրապարակ: Սա պետք է լինի 2014 թվականի Հայաստանի միակ օրակարգը: Բոլոր դժգոհողությունների ուղղությունը` Ազատության հրապարակ: Միակ պահանջը` Սերժ Սարգսյանի հրաժարականն ու նոր` արտահերթ, թափանցիկ ու ազատ ընտրությունների անցկացում: Սա միակ օրակարգն է, որը կվերացնի բոլոր խնդիրների պատճառը: Ուղղությունը՝ դեպի Ազատության հրապարակ: 

Նախորդ հոդվածը‘Մի հապաղիր, կրակիր… «պավիշենյա» կտան. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘«Կնոպկա» սեղմողների և պատգամավորների աշխատավարձը այս տարի կդառնա 661.400 դրամ. «ՉԻ»’