‘Խմբագրական. Ուղղությունը՝ Ազատության Հրապարակ’

2652

Հայաստանի եվրաինտեգրումը պետք է սկսվեր ներքին գործընթացներից: Հայաստանն ուներ այդպիսի հնարավորություն, երբ 2008-ին հայ հասարակության զգալի մասը, համախմբվելով, ընդվզել էր իշխող համակարգի դեմ: Իշխանափոխությունը երկրում հասունացել էր, եւ իշխանությունը բավականին լուրջ ներքին ճաքեր էր տալիս: Թվում էր՝ մեկ-երկու քայլ է մնացել Հրապարակի հաղթանակին: Որ իշխանությունն իրոք ծանր վիճակում էր՝ վկայում է հենց այն, որ ընդվզումը ճնշելու համար նա ստիպված էր դիմել ուղիղ բռնության: Թեպետ ուզածդ իշխանություն, առավել եւս՝ բռնապետական, հիմնված է, վերջին հաշվով, բռնության վրա, սակայն իշխանության բնույթն այնպիսին է, որ այդ հիմքը խնամքով քողարկվում է, եւ միայն ծայրահեղ իրավիճակներում է բացահայտվում մերկ ճշմարտությունը: Դառնանք, սակայն, 2008-ի փետրվարին:

Այդ պայմաններում, երբ հասարակությունն ընդվզել էր, իսկ իշխանությունը սկսել էր ճաքեր տալ (որեւէ հեղափոխություն չի կարող իրականանալ առանց իշխանության թուլացման կամ երկատման), բավական էր, որպեսզի որեւէ արտաքին, չենք ասում՝ միջամտություն, բայց լուրջ ազդակ լիներ, եւ Հայաստանում իշխանափոխության հարցը լուծված կարող էր լիներ: Բոլորս, սակայն, լավ հիշում ենք, որ արտաքին աշխարհն «անտարբեր» էր (իրականում բոլորն ուղղակի կամ անուղղակի սատարեցին իշխանությանը) ներհայաստանյան իրավիճակի նկատմամբ: Եթե վերցնենք ամենապարզ ցուցիչը, ապա տպավորիչ երեւնայան շուրջօրյա հանրահավաքը միջազգային լրահոսում չզբաղեցրեց այն տեղը, որը սովորաբար զբաղեցնում են նման իրավիճակները: Հայաստանյան իշխանությունը կարողացավ, մեծ հաշվով, մարսել նույնիսկ սպանդը Երեւանի կենտրոնում՝ դեսպանատների աչքի առաջ: Հենց սկզբից Արեւմուտքն իր խաղադրույքը դրել էր Սերժ Սարգսյանի վրա, ինչը զգալի չափով երեւում է նաեւ Վիքիլիքսի գաղտնազերծումներից (զարմանալի անհոգությամբ՝ մեր հասարակության՝ քաղաքական գործընթացներով հետաքրքրվող մասը չխորացավ դրանց մեջ եւ արագ մոռացավ նույնիսկ այն, ինչը հրապարակայնորեն քննարկվեց, ինչպես մոռանում է ցանկացած կարեւոր հասարակական իրադարձություն՝ գերադասելով ապրել կարծրացած առասպելների եւ լեգենդների տիրույթում):

3 քայլ առաջ, 5 քայլ ետ

Չնայած մարտի մեկի սպանդին՝ Հայաստանում դեռ մի քանի տարի շարունակվեց ինչ-որ առումով աննախադեպ զանգվածային հրապարակային դիմադրությունը: Սակայն ողջ այդ ընթացքում արտաքին ուժերը փաստացի շարունակեցին Սերժ Սարգսյանի ամուր եւ, կարելի է ասել՝ հիմնական հենարանը լինել՝ ներհասարակական հենարանի բացակայության կամ թուլության պայմաններում: Ինչ-որ առումով նույնիսկ զավեշտալի է այն ջանասիրությունը, որով, օրինակ, դեսպանատներից մեկը, ստանձնելով Սերժի «կգբ»-ի դերը, կտոր առ կտոր, նույնիսկ՝ մարդ առ մարդ, ընդհուպ մինչեւ շարքային ակտիվիստի մակարդակ՝ աշխատում էր ՀԱԿ կազմաքանդման ուղղությամբ՝ որոշ դեպքերում հաջողության հասնելով (2009-2012 թթ., ընդ որում՝ սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ում ի սկզբանե ընդգրկված էին ինչպես արեւմտամետ, այնպես էլ ռուսամետ կողմնորոշում ունեցող խմբեր եւ անհատներ), իսկ եվրոպական կառույցները հայաստանյան ամեն մի նոր ընտրություն որակում էին մեկ քայլ առաջ (արդյունքում՝ միայն վերջին 5 տարվա ընթացքում 3 քայլ առաջ ենք արել, եթե հաշվենք միայն համապետական ընտրությունները): Այն աստիճան, որ 2013-ին հայաստանյան քաղաքացիների մի մասը նույնիսկ հատուկ գործողություն կազմակերպեց ընդդեմ  եվրոպական դիտորդների: Ինչ վերաբերում է այս ողջ ընթացքում Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա դրան չենք էլ անդրադառնում, որովհետեւ այդտեղ ի սկզբանե ամեն բան պարզ է՝ համագործակցություն ոչ օրինակարգ բռնապետի հետ՝ հանուն դրանից Հայաստանի անկախության հերթական մասնաբաժինը պոկելու եւ կոմպրոմատային կառավարման: Բայց ռուսները գոնե երբեք չեն պնդել, որ ժողովրդավարությունն իրենց արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից է:

Հանուն արդարության

Իհարկե, այստեղ կարեւոր է մի քանի ճշտում անել՝ հանուն արդարության: Նկարագրվածից թող տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում ժողովրդական շարժման ձախողումների միակ պատճառը նենգ Արեւմուտքն է կամ ոչ պակաս նենգ Ռուսաստանը: Բնական է, որ պատասխանատվության զգալի չափաբաժին ընկնում է նույն քաղաքական ընդդիմության վրա՝ ի դեմս ՀԱԿ-ի, ինչ-որ տեղ նաեւ հասարակական այն շերտերի, որոնք շարունակեցին համագործակցել վարչակարգի հետ՝ նույնիսկ ի հեճուկս սեփական շահի, կամ էլ համակերպվեցին իրավիճակին: Հատուկ հիշատակման արժանի են նաեւ այն ուժերը, որոնք լքելով դիմադրության շարքերը՝ բացահայտ կամ, առավել հաճախ՝ քողարկված ձեւով ընտրեցին իշխանական թեւերի (Միքայել Մինասյան, Տիգրան Սարգսյան, Վովա Գասպարյան) շահերը սպասարկողի դերը՝ գործընթաց, որում նույնպես վճռորոշ դեր խաղացին տապալված երկխոսությունը եւ հայտնի արտաքին ուժերի տքնաջան աշխատանքը: Այս վերջին խմբում հատկապես աչքի են ընկնում նախկին կոնգրեսականները:

Պետք է շեշտել նաեւ, որ ամենով հանդերձ՝ Արեւմուտքի դերը չի կարելի պատկերացնել միայն սեւ գույներով, որովհետեւ պարզ է, որ եթե չլիներ եվրոպական կառույցների եւ ամերիկացիների զսպող դերը, ապա Հայաստանում ընդդիմությանը ոչ թե բանտեր կնետեին, այլ բոլորին անխտիր պատի տակ կշարեին եւ կստիպեին ձենները կտրել: Եվրոպական համակարգը, որքան էլ երկդիմի եւ իրականում աշխարհաքաղաքական շահերն արժեքային համակարգից վեր դասող, այնուամենայնիվ՝ ունի խաղի որոշակի կանոններ եւ թույլատրելիի սահմաններ:

Կինոյի հանգուցալուծումը

Այսպիսին էր իրավիճակը՝ ընդդիմության տեսադաշտից: Այժմ փորձենք տեսնել այն հակադիր՝ իշխանական բեւեռից: Եթե վերհիշենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, ապա գրեթե միակ ոլորտը, որտեղ նա աչքի է ընկել ակտիվ քայլերով՝ արտաքին քաղաքականությունն է (երկրի ներսում ներիշխանական ինտրիգներից, ճոռոմ ճարտասանությունից եւ միջին խավի կաշառված մասի օգնությամբ ՀՀ պատմության մեջ աննախադեպ քարոզչամեքենայի կառռւցումից անդին, ըստ էության, ոչինչ տեղի չի ունեցել): Դասական օրինակը հայ-թուրքական գործընթացն էր, որի ընթացքում Սերժը փորձեց բոլորի համար լավ տղա խաղալ, եւ որը փայլուն տապալելուց հետո ստորագրեց ռուսական բազաների ժամկետի մասին պայմանագիրը՝ որպես ողջ այս «առաջադեմ» գործընթացի թագն ու պսակը: Ներքին օրինակարգությունից զուրկ եւ բոլորին, բացի հայաստանցիներից, «այո» ասող մեր վարչակարգի համար արտաքին ուժերին սիրաշահելու մարտավարությունը բնական էր: Բնական է նաեւ արտաքին ուժերի համար՝ աջակցել իրենց շահերը սպասարկող, վերջին հաշվով՝ խեղկատակին՝ փոխանակ գլուխ դնելու հրապարակային զանգվածային շարժման հետ, որը բնականից ավելի անկախական է եւ հայաստանակենտրոն:

Բայց այսօր, կարծես, մոտենում է այս կինոյի հանգուցային պահերից մեկը: Եվրոասոցացման պայմանագրի շուրջ իրավիճակը պարտադրում է հայաստանցիներից նոր բաժանում: Սերժը գտնվում է արտաքին քաղաքականության նախաձեռնողական նոր փուլում: Ներքին իրավիճակը դույզն իսկ չի փոխվել, եւ կարծես առաջնային օրակարգ չէ ո՛չ իշխանության, ո՛չ էլ արտաքին ուժերի պատվերները սպասարկող քաղաքական եւ քաղաքականամերձ շատ ուժերի եւ անհատների համար, չնայած հասարակության համար կենտրոնական է մնում հենց ներքին օրակարգը՝ հասկանալի պատճառներով: Եվրոպական ուղղությամբ կատարվող քայլին ընդառաջ՝ ակտիվացել են ռուսների կողմից հովանավորվող մարգինալ, գործակալական ուժերը՝ կուրղինյանները եւ նրանց հայաստանյան համապատասխանները: Մյուս կողմից՝ արեւմտյան հովանու ներքո գտնվող՝ իրականում ոչ պակաս մարգինալ «գործիչները», մեկը մյուսի հետեւից, ավելի անպատասխանատու հայտարարություններ են անում: Բանը հասել է նրան, որ ամենայն լրջությամբ քննարկվում է «Մեծ Հայաստանի» ստեղծումը Արեւմուտքի հովանու ներքո, կամ Հայաստանի հնարավոր քայլերը ռուսական տնտեսական պատժամիջոցների դեպքում: Սա արդեն ցնորք է, որի նմանը մեր հասարակական կյանքը չի տեսել թերեւս 20-րդ դարի սկզբից ի վեր: Իրո՛ք դժվար է հավատալ, որ դարասկզբի մեր ազատագրական շարժման մարտավարությունն այդքան քննադատելուց հետո մեր քաղաքական եւ մտավորական վերնախավերը նորից կարող են վերարտադրել դրսից տղա բերելու միջոցով տարածաշրջանային եւ ներքին հարց լուծելու տարբերակները:

Հեղափոխական տրիբունալը

Մեզ սպասում է գործակալների իսկական կռիվ, «հռոմեասերների» եւ «պարսկասերների» նոր բախում, որը կարող է կատարել Հայաստանի անկախության տակ ներդրված ռումբի դեր: Այս ամենի պատճառը հենց հոդվածի սկզբում նշեցինք՝ Հայաստանի իրական եվրաինտեգրացիան պետք է լիներ ներսից պարտադրված, ներքին զանգվածային ժողովրդավարական գործընթացի արդյունք, որի համար առաջնային կլիներ երկրի բարեփոխումը արեւմտյան ժողովրդավարական արժեքների համապատասխան, այլ ոչ թե վտանգավոր «գեոպոլիծիկ» խաղերը, գործընթաց, որն առաջ կտարվեր հասարակության վստահությունը վայելող իշխանության կողմից: Այսօր ունենք զուտ վերնախավային գործընթաց, որտեղ գործող կողմերը երեքն են՝ իշխանությունը, ներառյալ նրան սպասարկող «առաջադիմական» մամուլը, եվրոպական բյուրոկրատիան եւ ռուսական հումքային՝ գազպրոմի խողովակի շուրջ կառուցված կայսրությունը, որոնցից ոչ մեկի համար հայ հասարակության շահերն ու օրակարգն առաջնային չեն: Առավել ցավալի է այն, որ հասարակության ակտիվ հատվածն էլ, կարծես, չի ուզում նկատել վտանգը, եւ նույնիսկ պատրաստ է բաժանվել ըստ կողմնորոշումների: Ոմանք պատրաստ են ուտել եվրոբյուրոկտրատիայի կուտը՝ եվրաինտեգրում՝ առանց ժողովրդավարության, ներքին իրական բարեփոխումների, միայն «գեոպոլիծիկ» տրամաբանությամբ, իսկ մյուսները պատրաստ են լուրջ ընդունել կուրղինյանախառն խուժան վայրահաչությունը Հայաստանի անկախության դեմ՝ նույնացնելով իշխանությունը եւ պետությունը: Մեր եվրաինտեգրացիան պետք է սկսվի Ազատության Հրապարակից եւ պետք է նշանակի մեր հասարակության «կառուցումը» սահմանադրական արժեքների շուրջ: Իսկ բոլոր կողմերի գործակալներին՝ հեղափոխական տրիբունալի սիմվոլիկ դատավճիռ: Վստահ եմ, որ մեր հասարակության մեծ մասը, չնայած էլիտար խաղերին, այնքան առողջ կգտնվի, որ կմերժի գործակալական խաղերը Հայաստանի ապագայի հետ եւ հնարավորության դեպքում կընտրի Ազատության Հրապարակը: Ուրեմն՝ մնում է ստեղծել այդ հնարավորությունը մեր հասարակության համար: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է հայ-թուրքական սահմանին «անհամաչափ ուժի կիրառումը»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. «Կարապի լճի» կարապաները մնացել են առանց լճի’