‘Խմբագրական. Ու արժե՞ր ուսուցչին վերածել սերիական հանցագործի’

87716

Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, անխոս խայտառակություն էր: Մենք դա տեսել ենք, դրանից վատն էլ ենք տեսել: Ցինիզմ էր, հատկապես տեղի ունեցածից հետո ՀՀԿ-ականների, Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի, սահմանադրական մյուս արբանյակ կուսակցությունների հայտարարությունների ֆոնին, թե իբր՝ ամեն ինչ անցել է նորմալ, ժողովուրդն ասել է` այո, եւ այդ այո-ն արձանագրվել է:

Հատկապես այն բանի ֆոնին, որ միջազգային մասնագիտացված դիտորդական առաքելություններ գրեթե չկային, որոնք սովորաբար մի քանի հարյուր դիտորդ են ուղարկում`տեղամասերով շրջելու համար: Մենք էինք ու նրանք:

Ու չնայած բոլոր ահաբեկումներին, կաշառքներին ու վարչական ռեսուրսի կիրառմանը, տեղամասերի փակվելուց հետո նրանք մեկ է` պարտվում էին: Նրանք հասկացան, որ անգամ իրենց կողմից բերված մարդիկ էին քվեարկել «ոչ», նրանք հասկացան, որ այս անգամ «ոչ» էին ասել անգամ նրանք, ովքեր սովորաբար քվեարկությունների չեն էլ մասնակցում: Դեկտեմբերի 6-ի ժամը 20-ին նրանք մեզանից ավելի լավ գիտեին, որ պարտվել են:

Հենց այդ պատճառով էլ տեղամասեր բերեցին խուժանին: Եւ որ ամենասարսափելին է` ստիպեցին, որ հանձնաժողովի կազմերում ընդգրկված մանկավարժները վերածվեն խուժանի, մանր ժուլիկների ու դերասանների: Որ երբ պետք է` կռվի տեսարան սարքեն, երբ պետք է` կորցնեն գիտակցությունը, երբ պետք է՝ համապատասխան տեղերից հանեն «այո» քվեարկած ծրարերն ու խառնեն քվեատուփի մեջ եղած ծրարների հետ, որ երբ պետք է՝ ձայնագողություն անեն: Ու չմտածեցին ոչ թե այն մասին, որ իրենք ժողովրդի քվեն են գողանում, դրան իրենք արդեն սովոր են ու վաղուց թքած ունեն էդ ամենի վրա: Նրանք նույնիսկ չմտածեցին, որ լավ, գլուխները քարը, բայց չի կարելի գոնե՛ մանկավարժներին վերածել թաղի խուժանի, որովհետեւ նրանք ախր ուրիշ առաքելություն ունեն, նրանք ախր սերունդ են կրթում, ու չի կարելի մանուկին կրթողին վերածել հանցագործի, որովհետեւ այդ պահից սկսած՝ այդ մարդու մեջ մանկավարժը «մահանում» է, եւ նա վերածվում է սովորական սերիական հանցագործի, իսկ սերիական հանցագործն ամենաշատը ինչ կարող է անել՝ խեղել գիտելիքի տունը նոր ոտք դրած մանուկների ճակատագիրը:

Սա ախր արդեն այլ` բարոյականության հարց է: Ձեզ ի՞նչ է, քի՞չ են ձեր խուժանները, որ դուք ձեր թաթը դնում եք նաեւ մանկավարժի գլխին: Լավ, դուք ձեր բարոյականության ու խղճի հետ խնդիր չունեք, բա մի՞թե ձեր զավակների ապագայի հետ էլ չունեք խնդիր: Դուք կարծում եք` հանցագործի վերածված մանկավարժը վախից ձեր զավակին այլ` ավելի լա՞վ կրթություն է տալու: ՈՉ, ու ՈՉ: Նա չի խոսելու, նա կռանալու է ձեր առաջ, նա կորանալու է, բայց ձեր զավակին էլ դարձնելու է ավելի վատը: Ու դուք միայն տարիներ անց կհասկանաք, որ փչացնելով ու խեղելով ուսուցչին, փչացրել ու խեղել եք մի ամբողջ սերունդ, այդ թվում` ձեր իսկ զավակներին: Ու հարց՝ մենք դեռ հեչ, իսկ արդյո՞ք ձեր զավակները ներելու են ձեզ: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն Հայաստանի իր ռազմաբազա է տեղափոխել ուղղաթիռների նոր խմբաքանակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Լեւոն Խեչոյանը՝ «մհերյան անսահման»-ի ճամփորդը’