‘Խմբագրական. Չես կարող հունձք ակնկալել այնտեղ, որտեղ ցանքս չես արել ‘

2240

Հայի «հետին խելք» ասվածը, պարզվում է, հատուկ է ոչ միայն մեզ, այլև մեզանից ո՛չ պակաս բարոյական հաղթանակներ փնտրող ու գտնող եվրոպական մտածողությանը:

Եւ իսկապես. երբեմն թվում է, թե Խորհրդային Միության անկումից ի վեր՝ այս աշխարհամասում բոլո՛րն են անցել բավարարված հանգստի և այլևս կարիքը չեն զգում ոչ միայն իրերի իսկական դրությունը հասկանալու, այլև դրանց պատճառահետևանքային կապերը որոնելու: Կենտրոնանալ հատկապես այն սցենարների վրա, որոնք իրական փոփոխութուններ կբերեին նաև իրենց շրջապատող գործընկերայի՛ն միջավայրերում…

Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկենք:

Ինչ է՝ այստեղ չէ՞ին տեսնում, որ հենց իրենց թողտվության և բացարձակ անպատասխանատվության պայմաններում տապալվեց ոչ միայն այդ երկրի ժողովրդավարացման և հետագա բարեփոխման ընթացքը, այլև մերթ անհարկի խստության ու մերժման, հաջորդ պահին՝ լպրծուն համաձայնության ու տոտալ լռության արդյունքում Կրեմլը կրկին վերածվեց մահակի՝ արդեն ոչ միայն նախկին փոքր եղբայրների, այլ հենց եվրոպացիների գլխին շրխկացող…

Կամ՝ չէին գիտակցու՞մ, որ որևէ հասարակության իրական, ո՛չ  թղթի վրա գրված կամ  փակ սենյակներում՝ կասկածելի լեգիտիմությամբ օժտված  ղեկավարների կողմից խոստացված ընտրությունն  արմատական մի պահի ուղիղ համեմատական է լինելու այդ հանրության ներսում ձևավորված վստահության աստիճանին:

Մի կողմ թողնենք այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր  ինձ պես՝ առանց հ/կ-ներ գլխավորելու, առանց սեմինարների ու «քոֆի-բրեյքների» էլ այն կարծիքին են, որ մեր զարգացման ճանապարհն իրականում եվրոպական պիտի լինի:

Գնանք հատկապես Երևանից դուրս և տեսնենք՝ ի՞նչ է արել այդ անհասցե Եվրոպան մեր գյուղերում՝ ոչ միայն մարդկանց մտածողությունը փոխելու, այլև նրանց կենցաղը գոնե մեկ միլիմետրով իրենցին ասոցացնելու համար: Կամ՝ ի՞նչ է արել, որպեսզի մարդիկ կամ տեղերում աշխատանք ունենան, կամ հեշտացված վիզայի պայմաններում ոչ թե ռուսական խոպաններ մեկնեն՝ փող վաստակելու, և ավելի նվաստացած ու ընկճված վերադառնան իրենց տները, այլ  լուսավորված ու եվրոպականացած, ինչպես եվրոչինովնիկներն էին կամենում:

Կասեք՝ Եվրոպան չի՞ կարող մեր կառավարության անելիքն անել:

Հրաշալի՛ է: Մենք էլ էինք այդ կարծիքին և հենց այդ պատճառով էինք կամենում 2008-ին հեռացնել անձեռնհասներին ասպարեզից:

Եվ ի՞նչ: Գիտե՞ն, արդյոք, այդ նույն Եվրոպայում, որ եկանք-հանգեցինք այն կարծիքին,  որ հենց իրե՛նք են թույլ տվել Քոչարյանին՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում կրակել մեզ վրա, և դրանից հետո էլ իրե՛նք են իշխանության բերել Սերժ Սարգսյանին:

Գիտե՞ն, որ անկախ նրանից՝ որքան ճիշտ և որքան սխալ՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կամ նախաձեռնողական քաղաքականությունը հայ մարդու կողմից ընկալվեց որպես մեզ հերթական անգամ ցեղասպանության քաշելու և ղարաբաղյան հակամարտությունն էլ ադրբեջանական տարածքային անձեռնմխելիության օգտին լուծելիք ձեռնարկ, որից մեզ կարող է ազատել միայն ռուսական զորքը …

Լավ, ենթադրենք՝ մենք ծեր ու, մեր պատմությունից ելնելով՝ բարդույթավորված ազգ ենք, և մեր հոգեբանությունը դեռ երկար խաթարված կմնա հնարովի տագնապներով: Իսկ Ուկրաինա՞ն: Նրա՞ն ինչու մենակ թողին՝ դեֆոլտի և ռուսական սպառնալիքի դեմ հանդիման…

Այդ երկրի տնտեսությունը 2013-ին հասել էր աղետի եզրին: ՀՆԱ-ն բացարձակ չէր աճել, բյուջեն ցայտնոտային վիճակում էր, ազգային դրամը միայն ոսկով էր պահվում, սոցիալական պարտավորություններն ու ստեղծված ծանր վիճակը կառավարությանն այլընտրանք չէին թողնում, քան բանակցել ռուսների հետ՝ գազի գնի և վարկային տրանշ ստանալու վերաբերյալ:

Ինչո՞ւ հենց այդ ժամանակ, երբ Յանուկովիչը եվրոպացիներին խնդրեց՝ միայնակ չթողնել իրեն Կրեմլի առջև, Էշթոնն ու մյուսներն ընդվզեցին՝ նրա  հայտարարությունը «քաղաքական կաշառակերության հայտ» որակելով…

Կամ եթե համոզված էիք, որ այդպես է, ինչո՞ւ միայն հիմա՛ որոշեցիք անսալ նրա  խնդրանքին, և ինչպես այսօր երկօրյա այցով Կիև ժամանած Էշթոնն է հայտարարել The Wall Street Journal-ի թղթակցի հետ զրուցում՝ «Արևմուտքը որոշել է ֆինանսական օգնության ծրագիր մշակել Ուկրաինայի համար, և թվերը փոքր չեն լինելու»…

Սա ի՞նչ է՝ կաշառատվության հա՞յտ, թե՞ Եվրոպայի հետին խելք, որի ուղերձը ամերիկյան մի անանուն պաշտոնա The New York Times-ում ամենալավն էր ձևակերպել՝ Չի՛ կարելի փոփոխություններ ակնկալել այնտեղ, որտեղ ոչինչ չես փոխել, չես կարող հունձ ակնկալել այնտեղ, որտեղ ոչ մի բան էլ չե՛ս ցանել…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մերկասառույց. որոշ ճանապարհներ դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է’