‘Խմբագրական. Չվհատվողները’

3065

Նպատակին հասնելու ամենակարեւոր նախապայմանը, թերեւս, չվհատվելն է: Ճանապարհի դժվարությունն ու երկարությունը ոչինչ է, եթե չկա թեկուզ եւ փոքրիկ հավատ եւ վստահություն առ այն, որ անկախ բոլոր դժվարություններից՝ հասնելու ես ճանապարհի վերջին: Դժվարությունը չէ, որ կարող է մարդուն հետ պահել երկար ճանապարհից. վհատությունը: Երկար, երբեմն դժվարանցանելի թվացող ճանապարհն անցնում են միայն ու միայն չվհատվողները: Նրանք գիտեն, որ քանի դեռ կա ճանապարհն անցնելու թեկուզ մեկ պտղունց հույս, ճանապարհը պետք է անցնել: Եւ կանցնեն: Վհատությունը բոլոր տեսակի պայքարների թշնամին է: Պայքարում հաղթում է ոչ թե ուժեղը, ոչ թե ամենաշատ ռեսուրսներ ունեցողը, այլ չվհատվողը: Ռեսուրս եւ ուժ դուք կարող եք եւ չունենալ, բայց թեկուզ եւ մեկ կաթիլ հույս ունենալ պարտավոր եք: Ուժը ոչինչ է, երբ կա հույսը:

Փախուստը ճանապարհ չէ: Փախչելով չես հաղթի: Փախչելով միայն ուժեղացնում ես նրանց, ում պետք է հաղթես: Արտագաղթը ճանապարհ է, բայց ելք չէ: Սա մեր երկիրն է: Մենք մեր երկիրը չպիտի թողնենք այն հոշոտողներին: Մենք այս երկրի անկախությունը մի անգամ արդեն նվաճել ենք. դժվարությամբ, բայց նվաճել ենք, որովհետեւ չենք վհատվել:

Մեկ անգամ չվհատվածը երկրորդ անգամ առավելեւս չպետք է վհատվի: Երկիրը երկիր է, նախեւառաջ՝ որովհետեւ այնտեղ կա ապրող մարդը: Չկա  մարդ ՝չկա երկիր: Առանց մարդու երկիրը սովորական տարածք է ընդամենը, որի ճակատագիրն ու կարգավիճակը տնօրինելու են ուրիշ երկրներում ապրող ուրիշ մարդիկ, ովքեր իրենց պետությունն ունեն, եւ ինչ փույթ, թե այս տարածքի գլխին ինչեր կգան: Թե ցավի, մեր սիրտն է ցավելու: Թե կորստի համար զղջանք, մենք ենք միայն զղջալու: Ուստի, հենց մե՛նք՝ հիմա, այսօր, պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որ հետո կորստից ցավելու դարդը չքաշենք. ո՛չ մենք, ո՛չ մեր զավակները, ո՛չ էլ նրանց զավակները:  

Այս երկրի ճակատագիրը, այս երկրի ապագան մե՛նք ենք որոշելու, եւ այլ տարբերակ լինել ուղղակի չի կարող, որովհետեւ մնացած բոլոր տարբերակները մեր պետականության հետ ոչինչ ընդհանուր չունեն: Մեր պետականության շահը միայն մենք կարող ենք հասկանալ: Վհատվել չկա: Հուսահատվել չկա: Սառը, վստահ քայլերով պետք է շարունակել սկսած գործը, չնեղվել, ձեռքը թափ չտալ եւ չթողնել ու գնալ: Որովհետեւ ամեն գնացողի հետ մեր մի մասնիկն է գնում, մեր երկրի մի մասնիկն է գնում:

Չենք վհատվելու: Որովհետեւ չվհատվողը միշտ հաղթում է: Երբ էլ լինի: 

Նախորդ հոդվածը‘Մթերային խանութներում և շուկաներում թևածում է ամանորյա ավանդական թանկացումը. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն’