‘Խմբագրական. Պաչյո՞մ օպիում դլյա նառոդա’

2493

Երբ ամիսներ առաջ ընդդիմությունը` ի դեմս Կոնգրեսի, ԱԺ-ում ահազանգում էր, որ հայկական կողմը ցանկանում է ռուսական կողմին հանձնել (կամ արդեն հանձնել է) «ՀայՌուսԳազԱրդում» իր ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը` լրատվամիջոցների մեծ մասը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, թեման շրջանցում էր կամ անդրադառնում այդ խնդրին այնքանով՝ որքանով:

Ընդդիմությունը պնդում էր, իսկ իշխանության ականջը խուլ էր: Միակ պաշտոնական պաստախանը հնչեցնում էր էերգետիկայի նախարարը, որն ինքնապատասխանիչի նման ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, թե «բանակցությունները գազի գնի շուրջ դեռ ընթացքի մեջ են», հետեւաբար, քանի դեռ չկա վերջնական արդյունք, բանակցությունները չեն գաղտնազերծում:

Ընդ որում, ընդդիմության ահազանգը որոշակի էր, բաժնեմասը ոչ միայն տալիս են, այլեւ` այդ ամենը գաղտնի է պահվում միտումնավոր, որպեսզի անցնեն առաջիկա ընտրությունները (նախագահական եւ Երեւանի ավագանու), եւ միայն հետընտրական շրջանում բոթը հրամցվի հանրությանը:

Ու մինչ հանրությունս տարված էր պատերազմի «ռահվիրային» ուղղված նամակները կարդալով ու Վովա զորավարի հետ ընթացող շոու-աղոթքներով, գազի ձնագնդիկը գլորվեց-գլորվեց, ու ավագանու ընտրություններից շատ չանցած` աչքալուսանք տվեցին, որ գազը թանկանում է իր թաշախուստով հանդերձ` էլեկտրաէներգիա, տրանսպորտ, բազմաթիվ ապրանքատեսակներ եւ այլն: Ու մինչ հասարակությունը փորձում էր մարսել այս նոր բոթը` մտքում հաշվարկ անելով, թե այս թանկացման դեպքում առաջիկա ձմռանը որքան գումար է հոսելու ընտանեկան բյուջեներից, մի նոր լուր էլ իմացանք: Բա չիմացա՞նք: Ընդ որում, իմացանք ռուսական կողմից՝ «Գազպրոմի» տարածած հայտարարությունից. էներգետիկայի նախարար Մովսիսյանը Մոսկվայում քննարկել է «ՀայՌուսԳազԱրդի» Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» հանձնելու եւ Հայաստանին մատակարարվող գազի գնագոյացման հարցերը:

Իսկ Հայաստանից՝ ոչ մի ձայն: Բնականաբար: Էներգետիկայի նախարարությունից` ոչ մի ծպտուն: Քար լռություն:

Որ այդ 20 տոկոս բաժնեմասը տրվելու է ռուսական կողմին, կասկած չկա: Բայց փորձենք հասկանալ` ի՞նչ է իրականում կատարվում: Ըստ իշխանական ԶԼՄ-ների վերլուծությունների եւ մեզ հասցված կոդերի` ռուսական կողմը «վերցնում է» 20 տոկոսը` մեր անկախության հետ: Արհեստածին վախճանաբանության ծիրին մեջ գործող սույն անձանց կոդերը պարզ են` «վերցնում են»: Բայց կներեք, եթե դու համարում ես, որ հանդես ես գալիս պետության դիրքերից, ուրեմն՝ պարտավոր էիր հնարավորինս շատ «վերցնել» ի շահ քո պետության: Բանակցություններն էլ հենց դրա համար են, որ կողմերից յուրաքանչյուրը փորձի հնարավորինս շատ «վերցնել»: Եթե երկուսն էլ իրենց պետության շահերն են սպասարկում եւ պետության շահերից են վարում բանակցությունները, ապա արդյունքում գտնվում է փոխշահավետ լուծում կամ այնպիսի լուծում, որի դեպքում երկու կողմն էլ թեեւ ամբողջությամբ գոհ չեն մնում, բայց եւ`ամբողջությամբ դժգոհ էլ չեն լինում:

Այժմ վերհիշենք մեր իշխանություններին, որոնք պետականություն ու պետություն ասելով` հասկանում են իրենց եւ բացառապես իրենց: Այսինքն, պետականությունն ու պետությունը նույնացնում են իրենց հետ: Այս պարագայում լիովին տրամաբանական է, որ ՀՀ իշխանությունները ցանկացած բանակցություն վարում են «այսօր էլ լավ պրծանք» կամ «այսօր էլ գլուխներս ազատենք», իսկ ավելի հաճախ՝ «մի բան տանք` գլուխներս ազատենք» տրամաբանության շրջանակներում: Եւ ուրեմն, սպասելի՞ էր որեւէ այլ բան մեր իշխանություններից այս հարցում: Իհարկե՝ ոչ: Ակնհայտ է, որ նման ակնկալիքներ չունեին նույնիսկ նրանք, ովքեր բարձր եւ ցածր ամբիոններից դիֆերամբներ են ձոնում իշխանություններին: Նման ակնկալիք ունենալը պարզապես ժամանակի եւ հույսի անիմաստ կորուստ կլիներ: Որովհետեւ, մեր պարագայում նման պատմությունները լավագույն դեպքում ավարտվում են` «իսկ ձեզ Գորիկ Գուրգենիչ, կխնդրեի մնալ» ոճի մեջ պոստֆակտում ներկայացումներով, երբ իշխանությունները ջղայնանում են «մեզ բան ասողի վրա» եւ մատ թափ տալիս: Բայց այդ ներկայացումներից անդին գործն առաջ չի շարժվում` «անհույս վիճակում բանտում նստած» սաֆարովներն ազատ են արձակվում, կարկուտը ծեծած տեղն է ծեծում, մարդիկ են սպանվում, օֆշորներում հաշիվներ են բացվում, արտագաղթը աճում եւ աճում է, մեզ էլ ասում են՝ մթնոլորտն է գաղջ:

Ճիշտ է, մթնոլորտը «գաղջ» է, Սերժ Սարգսյանն էլ երկրում չէ, բայց քանի որ հեռավոր արտասահմաններից վերջինս ուղերձներ ու շնորհավորանքներ է հղում այս ու այն կողմ, մենք էլ այստեղից հարցնենք նրան. «Պարոն Սարգսյան, պաչյո՞մ օպիում դլյա նառոդա»:

Նախորդ հոդվածը‘Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով. Աշոտ Սուքիասյան’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև’