‘Խմբագրական. Պատերազմի անհրաժեշտության մասին պնդողները Սերժիկ Սարգսյանի սազանդարներն են’

2699

88-ին Ազատության հրապարակի հարթակից պատերազմի անհրաժեշտության մասին, ընդգծենք` անհրաժեշտությա՛ն, ոչ թե` անխուսափելիության, հնչեց մեկ անգամ: Կաս-կարմիր կտրած հռետորը հիստերիկ բղավոցներով պահանջեց, որ գերպրկված ջղերով ժողովուրդը հաջորդ օրը բենզինով լցված շշերով ներկայանա Հրապարակ ու պատերազմ հայտարարի մինչև ատամները զինված սովետական բանակին:

Բարեբախտաբար, հարթակում կանգնած «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամներն արկածախնդիրներ չէին և այս պարոնին ուղարկեցին «վաստակած հանգստի»: Դժգոհողներ և չարախոսողներ, իհարկե, եղան, բայց այդ դժգոհող-չարախոսողներից ոչ ոք հաջորդ օրը բենզինով լցված շշերով չներկայացավ Հրապարակ, առավել ևս` չհարձակվեց ու չջախջախեց սովետական բանակին (շատ ծանոթ տեսակ է, չէ՞. ձեր շուրջը նայեք` դրանցից հիմա էլ կան):

«Ղարաբաղ» կոմիտեն որդեգրել էր անարյուն պայքարը, և հետագա մանրումեծ բախումները հրահրում և մեզ պարտադրում էր միմիայն հակառակորդը: Ինչպես պարտադրվեց հայ-ադրբեջանական պատերազմը:

Հիմա էլ են աշխուժացել պատերազմի հրձիգները: Սրա՛նք նույնպես խոսում են ոչ թե պատերազմի հավանականության կամ հնարավորության մասին, այլ` հույժ անհրաժեշտության: Եվ որքան էլ ողբալի է, սրանց ծափահարողներ կան: 88-ին նույնպես կային: Բայց այդ ծափահարողնե՛րը չմեկնեցին զենքը ձեռքին Հայաստանը պաշտպանելու ու Ղարաբաղն ազատագրելու: Սրանք ճառ ասողներն են, զանգ կախողները չեն:

Մի անգամ էլ հիշենք. հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանը հաղթել է: Լեռնային Ղարաբաղն ազատագրված է, զինադադարը կնքված է, և խնդիրը քննարկվում է բանակցությունների սեղանի շուրջը: Հայաստանի հանցագործ իշխանությունների ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը փակուղի է մտել, Հայաստանը մեկուսացված ու նվաստացված է: Եվ այս իրավիճակում նույնիսկ անմեղսունակը կհասկանա, որ ելքը հենց այս հանցագործ իշխանություններից ազատվելն է, ոչ թե մեկ անգամ ազատագրված տարածքը ևս մեկ անգամ «ազատագրելու» անհրաժեշտության մասին բարբաջելը, հետագայում` զինադադարից հետո ծնված ու աննպատակ զոհված պատանիների անշունչ մարմինների վրա հայրենասիրական խրախճանք բեմադրելն ու կրկին դարձ ի շրջանս յուր կատարելը` բանակցությունների սեղանի շուրջը նստելը:

Եվ նկատենք. այս պարոնները շատ նրբանկատ են Հայաստանն այս ողբալի վիճակին հասցրած Սերժիկ Սարգսյանի նկատմամբ: Սրանց համար` մեր երկրի ղեկը Հայաստանի տասն անմեղ քաղաքացիների գնդակահարության և հրեշավոր ընտրակեղծիքների միջոցով զավթողն օրինական ընտրված նախագահ է, իսկ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն էլ արտաքին գործերի նախարարությունն է, որը «խեղճ ու անմեղ» Սերժիկ Սարգսյանին սխալ ճանապարհով է տանում:

Նույնիսկ դպրոցականն է հասկանում, որ պետության արտաքին քաղաքականությունը թելադրում է, նախևառաջ, երկրի առաջին դեմքը, իսկ արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է այդ քաղաքականությունը, ոչ թե` հակառակը: Եվ եթե նույնիսկ Հայաստանում հենց այդ հակառակն է կատարվում, ուրեմն առավել ևս` անհապաղ պետք է ազատվել նման խամաճիկից, ոչ թե հազիվ շնչող երկրին կրկին պատերազմի մեջ ներքաշելու հրեշավոր ծրագիրը հրապարակ նետել:

Գուցեև տարակուսողներ լինեն, թե ինչ կարիք կա անհեթեթություններին արձագանքելու: Տարակուսելուց առաջ եկեք հիշենք, թե ով է այժմ նստած Հայաստանի նախագահի աթոռին, ովքեր են նրա «զինակիցները», և թե ինչերի են ընդունակ սրանք` իրենց իշխանության պահպանման համար:

Առանց երկմտանքի` ընդունակ են նաև Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, և հայ-ադրբեջանական արյունալի բախումների անհրաժեշտության մասին ժամանակ առ ժամանակ պնդողները Սերժիկ Սարգսյանի վարձկան սազանդարներն են:

Հայաստանի հասարակությունն այսօր մեն-միակ հույժ անհրաժեշտ քայլ ունի կատարելու: Եվ այդ մեկ քայլը Սերժիկ Սարգսյանից և նրա հանցագործ ավազակախմբից մեր երկիրն ազատագրելն է:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Բաբկեն Արարքցյանը հանդիպել է Կոնգրեսի երիտասարդների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի գոլը оգնեց Արգենտինային հաղթելու Բոսնիա և Հերցոգովինային (տեսանյութ)’