‘Խմբագրական. Ռեժիմի կարգախոսը. Գնա՝ իշխեմ’

2556

Վերջին երկու ամիսներին տեղի ունեցող գործընթացները և հատկապես` վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հանրապետականները կոշտ բառապաշարով, քրտնաթոր նախշում էին պետական բյուջեն թալանած պաշտոնյաներին, ինչպես նաև՝ այն, որ ռեժիմի ընտրյալները ՛թռած՛ էին իրենց վարչապետին կոնկրետ հանցագործություն կատարելու մեղադրանքին հակադարձելու գործից, ցույց է տալիս, որ իշխանությունն ընտրել է իր հիմնական հակառակորդ Կոնգրեսի և ընդհանրապես՝ հասարակության դեմ պայքարի նոր մարտավարություն: Եվ ահա թե ինչու:

Կոնգրեսի դեմ իշխանության հակաքարոզչության զինանոցը սպառվեց: Բոլոր հեքիաթները պատմվեցին, բոլոր երգերը երգվեցին՝ ներառյալ Սարի սմբուլը: Շուրջ երկու տարի տևած ընդգրկուն լրատվական, քարոզչական, նույնիսկ հոգեբանական հարձակումը, տեղային հաջողություններով հանդերձ, մեծ հաշվով ավարտվեց իշխանության ձախողմամբ: Ընդգրկուն, որովհետև այս գործին ներգրավվեց հսկայական քարոզչական, ֆինանսական, «ընդդիմադիր», քրեական, լրատվական և, որ պակաս կարևոր չէ՝ միջազգային ռեսուրս. մի նախագիծ, որն առանց վարանելու կարելի է համարել նախադեպը չունեցող Հայաստանի վերջին 23 տարվա քաղաքական պատմության մեջ: Նպատակ էր դրված Կոնգրեսը վերացնել քաղաքական ասպարեզից, բայց դա տեղի չունեցավ: Իշխանությունը հերթով պայթեցրեց իր ունեցած ականները, երգացրեց իր բոլոր սազանդարներին, հեղեց դաշտը տարատեսակ դեզինֆորմացիաներով, խեղաթյուրեց նույնիսկ պարզ համադասական նախադասությունները, բայց դրանցից ոչ մեկը հեռահար թիրախի չխփեց. ընդամենը՝ մի քանի օր փոշի, աղմուկ, ու վերջ: Առանձին քննարկման թեմա է, թե ինչպես Կոնգրեսին հաջողվեց դիմագրավել բազմապատիկ անգամ ավելի հզոր այդ հարձակմանը, դեռ մի բան էլ ավելին՝ այդ ընթացքում ավելի թարմացված, բարեփոխված ու կուռ ներկայանալ հասարակությանը: Միգուցե նույնիսկ քաղաքագիտական ուսումնասիրության նյութ, որ կարող է ուղեցույց հանդիսանալ դեմոկրատական քողի տակ գործող բռնապետական, տոտալիտար ու հակաժողովրդավարական ռեժիմներում գործող ցանկացած ընդդիմության համար: Երբ տակն էլ բան չմնաց՝ իշխանությունն իր գրպանում եղած պարսատիկի քարով մի քանի օր շարունակ հարվածեց ու հարվածեց, ու պրծ: Սա էլ փուստ անցավ: Հիմա զինանոցը դատարկ է, բոլոր փամփուշտները՝ կրակված ու դեռ հերիք չէ՝ ամեն Աստծո օր մի նոր գլխացավանք իշխանության գլխին. փաստաթղթով հանցագործ վարչապետ, մի քանի գումարտակին բավարարող զենք ու զինամթերքի աղբյուր, տարին 7 միլիարդ դրամ աշխատած ու իր հետևից դիակներ թողնող պետական պաշտոնյա հանդիսացող մարզպետ, փաստաթղթերով ապացուցված միլիարդուկես դոլարի պետական միջոցների հափշտակություն… ինչքան ուզես՝ կարելի է շարունակել:

 

Հիմա ի՞նչ անել: Վիճակները նախանձելու չէ:  Կոնգրեսը իշխանության կյանքը սարքել է մղձավանջ (սա բացարձակապես չի նշանակում քաղաքացիական հասարակության դերի նսեմացում, խոսքը քաղաքական գործընթացների մասին է, որտեղ իշխանության թիվ մեկ թշնամին եղել ու մնում է Կոնգրեսը): Առավել ակտիվ են գործում մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Ազգային ժողովում հակադրությունները շատ կոշտ են, իշխանությունը որևէ օրենք անց է կացնում թուքումրի անձրևի տակ, միմիայն պադոշության, ցինիզմի ու անգլուխ կոճակ սեղմողների հաշվին: Ինչ պաշտպանական ճառ ասում են, դուրս է գալիս կամ հիմարություն, կամ անհոդաբաշխ միտք, ու հետո ստիպված են մաքրել վերջին հիմարության հետևանքները:

Այս ամենը հենց հաշվի առնելով՝ իշխանության վերլուծագանգերը իրենց վարձատրողներին հրամցրել են հետևյալ ռազմավարությունը: Առաջինը. չպաշտպանվել: Ցինիկաբար չպաշտպանվել՝ հասարակության աչքերին նայելով «հա լա՛վ եմ արել» դեմքի լկտի արտահայտությամբ: Հիմա չեք գտնի մեկին, լինի իշխանության տակ գտնվող լրատվամիջոց ու լրագրող, սոցցանցերում քրտնող վարձկան, նույնիսկ թիմակից՝ մեծ ու փոքր կալիբրի, ով պաշտպանում է Սերժ Սարգսյանին կամ թմբկահարում նրա մի «ձեռքբերում»: Չեք գտնի մեկին, ով տեր կկանգնի Տիգրան Սարգսյանին, թե բա՝ տղեք, ինքը հանցագործ չի: Առաջ գոնե երկչոտաբար թասիբին կանգնում էին: Հիմա կամ «թռած» են, կամ էլ մաքսիմում ուղեղները բավարարում է ասել «բա որ էն ժամանակ հոսանքը հողին էին տալի՞՜ս»: Հասան նրան, որ հայտարարեցին, թե ոչ ոք իրավունք չունի քաղաքապետին հարցնել նրա եկամուտների մասին (մի քիչ միամիտները փուռը տվեցին Տարոնին՝ ասելով, թե էդ 6 միլիոն դոլարը հայրն ա նվիրել: Նա էլ լուռումունջ կուլ տվեց ախպերության վիրավորանքը, ովքեր իր հորը գող հռչակեցին): Այս ամենն անում ու անելու են, որ կոտրեն հասարակությանը, ջարդեն մնացած արժանապատվության ողնաշարը, սրբեն բարոյականի ու անբարոյականի սահմանագիծը:

Եվ երկրորդ՝ չպաշտպանվելուն զուգահեռ՝ արտահայտվել նույն ոճաբանությամբ, ինչ ընդդիմությունը: Նորի՛ց ցինիկաբար: Հովիկ Աբրահամյանի, Շարմազանովի ձայները որ չճանաչեինք, կմտածեինք, թե այս մարդիկ իշխանության դեմ պայքարում կյանքն էլ կզոհաբերեն (չնայած ոնց որ թե մոտ ու հեռու ապագայում ազգի զոհասեղանին պառկելու պատրաստ մարդ կա, ուղղակի, թարսի պես՝ էդ օրը չի գալիս): Գոռում են, թե հայ-հարա՜յ, տանո՜ւմ են, թալանո՜ւմ են: Բայց՝ ո՛չ մի անուն, ո՛չ մի պաշտոնյա, ո՛չ մի կոնկրետ իրավական գործողություն: Հակառակը, սրանց պետք է ամեն ինչ լղոզել, հասարակությանը ուտացնել, թե հեսա-հեսա հասնում ենք կոնկրետ մարդկանց: Բռնելու ենք, դատելու ենք, սարքելու ենք օրենքի երկիր: Որ ժողովուրդն էլ կամ նրա մի մասը մտածի. հը՞, կարող ա պատահի էս անգամ արդեն լուրջ ա: Ու այդպես ձգել: Համ թամաշայով կերակրել, համ ամենօրյա հանցանքներով հուսահատեցնել: Լղոզված, իրենց պես անդեմ՝ ձգել այնքան, մինչև որ հաջորդ քաղաքական վերելքի շրջանում Հայաստանում մնա ավելի քիչ, մաքսիմալ քիչ մարդ, ով կարող է ոտքի կանգնել էս գրեթե երեքհազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող բանդիտիզմի դեմ: Եվ սա բացարձակապես չափազանցություն չէ: Սրանք այլևս Հայաստանի դատարկման, ամայացման ու մարդաթափության մեջ են միայն տեսնում իրենց իշխանության պահպանումը: Ու այս հարցում որպես դաշնակից ունեն երկու հարևան, մեկ գերտերություն ու նվիրական հողի համար արված մի պատերազմի վերսկսման սպառնալիք՝ կախած ժողովրդի գլխին:

 

Նախորդ հոդվածը‘Խիստ ուշագրավ փաստ ՀՀԿ-ի անցյալից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով’