‘Խմբագրական. Սահմանադրությունը չի ասում, որ Սաշիկը պիտի փայ մտնի’

86402

Ու նորից հանրապետականներն ընկել են գյուղեգյուղ ու սահմանադրական փոփոխությունների համար «այո» են քարոզում: Ու էլի հին երգն են երգում` փոխում ենք, որ լավ ապրեք, փոխում ենք, որ ընդդիմությունն ուժեղանա, փոխում ենք, որ ավելի դեմոկրատական լինենք, փոխում ենք, որ դատարաններն ի վերջո անկախ դառնան, փոխում ենք, որ երկիրը ծաղկի, փոխում ենք, որ տնտեսությունն ավելի ազատ շնչի, որ ընտրությունները չկեղծվեն, մի խոսքով՝ մե քեֆ, մե ուրախուչուն:

Ու կապ չունի, թե ինչ են արձագանքում մարդիկ (այլեւս չենք էլ ընդգծում, որ այդ հանդիպումներին հիմնականում տանում են ՀՀԿ-ականների, որ ավել-պակաս հարցեր չտան), մեկ է` իրենք այլ ասելիք չունեն, ու ով ինչ հարց էլ որ տալիս է, նույն երգն են երգում ի պատասխան`փոխում ենք, որ լավ ապրեք, փոխում ենք, որ ընդդիմությունն ուժեղանա, փոխում ենք, որ ավելի դեմոկրատական լինենք, փոխում ենք, որ դատարաններն ի վերջո անկախ դառնան, փոխում ենք, որ երկիրը ծաղկի, փոխում ենք, որ տնտեսությունն ավելի ազատ շնչի, որ ընտրությունները չկեղծվեն, մի խոսքով՝ մե քեֆ, մե ուրախուչուն:

Ու մի այնպիսի ատելությամբ են լցված առ Սահմանադրությունը, ասես՝ Սահմանադրությունն է Սերժիկն ու Սաշիկը, ասես՝ Սահմանադրությունն է ընտրություններ կեղծում, Սահմանադրությունն է գնդակահարում խաղաղ ցուցարարներին, ասես՝ Սահմանադրությունն է դատում անմեղներին ու ազատում մեղավորներին, ասես՝ Սահմանադրությունն է թալանում ու մսխում բյուջեն: Մի այնպիսի ատելությամբ են փնովում Սահմանադրությունը, ասես՝ իրենց թիվ մեկ թշնամին լինի (մեծ հաշվով` թշնամին է, գիտենք, բայց այդ մասին` մեկ այլ անգամ), ձեռները ճար լիներ` հրապարակավ հրի կմատնեին Սահմանադրությունը, երկրով մեկ պատերազմ կհայտարարեին Սահմանադրության դեմ ու ոստիկաններին կհրահանգեին հավաքել Սահմանադրության բոլոր օրինակները, կուտակել Հանրապետության կամ Ազատության հրապարակում ու հրի մատնել:

Բայց, բայց, բայց, ի պատասխան՝ սրանց հետ քննարկում, հարց ու պատասխան անել պետք չէ: Չարժե, որովհետեւ էլի նույն երգն են երգելու, որովհետեւ իրենք 7 երգ գիտեն հայտնի արջի պես, յոթն էլ՝ մեղրի, ասել է թե՝ մե քեֆ, մե ուրախուչան ու Սահմանադրության մեղավորության մասին է:

Սրանց միայն մեկ հարց է պետք տալ. Սահմանադրության ո՞ր հոդվածն է նախատեսում, որ Սաշիկը պիտի փայ մտնի։ Եթե կա այդպիսի հոդված, ապա ինչու՞ է այդ հոդվածից օգտվել կարողանում միայն Սաշիկը, եւ ինչի՞ Սաշիկը մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվել փայ մտնելու համար:

Վերջ: Թե չէ մարդկանց միամիտի տեղ են դրել, ընկել՝ ուզում են համոզել, թե բա` «այո» ասեք, ու լավ է լինելու (հա բա, մենք էլ հո գիտենք` ինչ է լինելու, հետո երգել կտան` այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Սերժիկն է տվել):

Միայն է՛ս պիտի ասենք: Իսկ մնացածն արդեն կասենք դեկտեմբերի 6-ին: Գլխավոր փորձն էլ արդեն արվել է` Բաղրամյանի ցույցերի ժամանակ: Աշոտյանը վկա:

 

Նախորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է Վարդուհի Վարդերեսյանը. Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ԶՈւ-ն ռուսական ռազմաօդանավ է կործանել’