‘Խմբագրական. Սահմանային վերջին միջադեպերը ղարաբաղյան, հայաստանյան և աշնանային քաղաքական կոնտեքստում’

2871

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին աննախադեպ սրացումները շեշտեցին այսօրվա քաղաքական առաջնահերթ խնդիրները ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան պատերազմում 1994 թվականին զինադադարը հաստատվեց հայկական կողմի ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական բացառիկ առարկայական հաղթանակների պայմաններում։ Այդ հանգամանքը խորը հոգեբանական բարդույթ պիտի առաջացներ Ադրբեջանի ժողովրդի ու, մասնավորաբար, բանակի մեջ։ Ըստ այդմ էլ, քանի դեռ վերջնական խաղաղությունը չի հաստատվել, Ադրբեջանը, բնականաբար, իր առջև պիտի ունենա սեփական ժողովրդին ու բանակը պարտվածի հոգեբանական բարդույթից ազատելու գերխնդիր։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ պիտի լինի հիշյալ երկու` ռազմական ու դիվանագիտական ճակատներում, ըստ էության կամ թեկուզ արտաքուստ փոխել պատկերը, ու դրանով իսկ՝ հասարակական ընկալումները։ Ընդ որում՝ պարտվածի հոգեբանական բարդույթից սեփական ժողովրդին ու բանակն ազատելը հավասարապես անհրաժեշտ ու կարևորագույն գործոն է ինչպես հակամարտության խաղաղ կարգավորման պահին հնարավոր առավելագույնն ստանալու, այնպես էլ՝ պատերազմական շարունակություն ունենալու դեպքում հաջողության հասնելու համար։

Դիվանագիտական ճակատում

1997-98թթ. Հայաստանն ամբողջությամբ պահպանում էր հրադադարի պահին ունեցած շահեկան դիրքային առավելություննները, և լավագույն պահն էր խաղաղության հաստատմամբ հնարավոր առավելագույնը ստանալու համար։ Ինչպես հայտնի է՝ դա տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ ոչ թե Ադրբեջանի կամ մի երրորդ ուժի ընդդիմացման, այլ երկրի ներսում, ըստ էության, քաղաքական դավադրությամբ իրականացված պետական հեղաշրջման հետևանքով։

 Ի՞նչ է կորցրել Հայաստանը, ու ի՞նչ է շահել Ադրբեջանը դրանից հետո։

Ա) Ամենածանր կորուստն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության ու բանակցային լիարժեք կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատն էր։ Այդ մանդատը ձեռք էր բերվել հայկական դիվանագիտության քառամյա ամենանուրբ ու միաժամանակ համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ձեռք էր բերվել՝ հաղթահարելով ոչ միայն Ադրբեջանի համառ դիմադրությունը, այլև միջազգային հանրության չկամությունը։ Ղարաբաղի՝ միջազգայնորեն ճանաչված մանդատի ձեռքբերումը, որպես Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անշրջանցելի հիմք,  թերևս, մեր արտաքին քաղաքական հաջողությունների պսակն էր։ Ամենացավալին կամ ամոթալին այն է, որ 1998-ից հետո դրա կորուստն էլ պայմանավորված չէր ո՛չ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերով, ո՛չ էլ միջազգային հանրության ճնշումներով կամ անբարյացակամությամբ։ Դա ընդամենը նոր իշխանության քաղաքական տկարամտության ու գավառամտության հետևանքն էր։ Ավելի մեծ նվեր Ադրբեջանը չէր կարող երազել, քանզի դրանով էականորեն փոխհատուցվեց 1991-94թթ. նրա դիվանագիտական ծանր պարտությունը։ Չի բացառվում նաև, որ ժամանակին Հայաստանի «նոր իշխանությունը» այդ բանն արեց միջազգային հանրությանը դուր գալու, չունեցած ներքին օրինակարգությունն արտաքին օրինակարգությամբ լրացնելու համար։

Այնքան ակնհայտ է կատարված խայտառակությունը, որ վերջին տարիներին Ս. Սարգսյանը, թեև վախվորած, երբեմն խոսում է Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության կողմ բանակցությունների սեղան վերադարձնելու մասին։ Նույնքան վախվորած` երբեմն դրա մասին խոսում են նաև ԼՂՀ իշխանությունները։ Իրականում երկու դեպքում էլ գործ ունենք կեղծիքի հետ։ Խնդիրն ունի շատ պարզ լուծում, որ մեկ անգամ չէ, որ հրապարակավ նրանց հուշվել, առաջարկվել է։ Լուծումը հետևյալն է. Ս. Սարգսյանը պիտի պաշտոնապես հայտարարի, որ ժամանակին կոպիտ սխալ է կատարվել, և ինքն այլևս բանակցություններում չի ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը։ ԼՂՀ նախագահն էլ պիտի հայտարարի, որ ինքը ետ է վերցնում բանակցային գործընթացում իրեն ներկայացնելու՝ Հայաստանին տրամադրած իր մանդատը։ Այդ քայլը, սակայն, Ս. Սարգսյանը չի անի (և թույլ չի տա, որ անի Ղարաբաղը), քանզի դրանով կկորցներ արտաքին աշխարհի որևէ աջակցություն, ինչի վրա մինչև հիմա հենված է  եղել ներքին օրինակարգությունից զուրկ իր իշխանությունը։

Բ) Արտաքին քաղաքական հաջորդ կորուստը նույնպես ո՛չ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերի, ո՛չ էլ միջազգային հանրության ճնշումների արդյունք էր, այլ դարձյալ՝ քաղաքական տղայամտության ու գավառականության հետևանք։ Դա` Մեղրիի շրջանը որպես սակարկության առարկա բանակցային սեղանին դնելն էր։ Սա նախ՝ Մեղրիի, բառիս բուն իմաստով կենսական ռազմավարական նշանակությունը չգիտակցելու մասին է, առանց որի աներևակայելի է պարկի մեջ հայտնվող Հայաստանի գոյությունը։ Երկրորդ՝ դրանով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի որևէ տարածք սակարկության առարկա դարձնելը խախտում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման հիմքի վրա լուծելու փիլիսոփայությունը ու խնդիրը տանում դեպի տարածքային վեճի հարթություն։ Այսինքն՝ տանում է հենց այնտեղ, որտեղ դեռ 1988 թվականից այս հարցը փորձում է տանել Ադրբեջանը։ Թվում է, թե Մեղրիի հարցը հետագայում փակվեց, սակայն, որպես արդեն մեկ անգամ քննարկված խնդիր, հնարավոր չէ ընդհանրապես ետ վերցնել բանակցային սեղանից, ու սա դեռ` զանազան վարիացիաներով իրեն զգացնել է տալու։ Այս հարցը երկրորդ թանկարժեք նվերն էր Ադրբեջանին։

Փակագծում ավելացնենք, որ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու «գայթակղիչ» տեսական տարբերակը, որպես հակամարտության կարգավորման ձև, օտարների կողմից առաջարկվել էր նաև 90-ական թվականներին։ Այն ժամանակ շատ կոշտ պատասխան ստանալուց հետո` դա մոռացվել էր։

Գ) Երրորդ ձախողումն այն սկզբունքների մեջ է, որ Մինսկի խմբի շրջանակներում տարիներ շարունակ մշակվում է որպես հակամարտության կարգավորման հիմք։ Այսօր դրանք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անունով։ Այստեղ, կարևորագույն ձախողումների ցանկը լրացնելու համար ևս մեկ անգամ ասենք այն, ինչը բազմիցս ասվել է, և հիշեցրել էինք նաև նախորդ անգամ։

Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը այս առիթով ասաց հետևյալը. «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Տասնյակ անգամներ ասվել է, որ երբ հակամարտությունների կարգավորման այս երկու սկզբունքները համատեղվում են, դա նշանակում է` հակամարտությունը կարգավորվելու է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և այդ շրջանակներում է որոշվելու ինքնորոշման (ինքնավարության) մակարդակը։ Սա այբբենական ճշմարտություն ու տարրական գիտելիք է։ Հենց այդ պատճառով է, որ նման դրույթ պարունակող միջազգային մի փաստաթուղթ հաջողեցնելն է ի սկզբանե եղել Ադրբեջանի նպատակը։ Դա եղել է նաև խնդրով զբաղվող միջազգային ուժերի նպատակը` շատ պարզ պատճառով. որևէ հակամարտության կարգավորում տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա շատ ավելի քիչ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում միջազգային հանրությունից, քան ինքնորոշման հիմքի վրա կարգավորումը։ 1996 թվականին նման փորձ արվեց Լիսաբոնում, ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Այն ժամանակ, ըստ էության, դեմ գնալով աշխարհի հզորներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը «վետո» դրեց նման բանաձևի վրա։

Հիմա Սերժ Սարգսյանը պարծենում է, որ ինքը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, հասել է ինքնորոշման «հերն անիծող» այդ սկզբունքի արձանագրմանը։ Իսկ թե ինչու Ադրբեջանը հիմա չի համաձայնում դրան, շատ պարզ պատճառով. այն, ինչը նրա համար երազանք էր 1996-ին, հիմա` իր մյուս ձեռքբերումների ֆոնին շատ քիչ է, և ուզում է ավելին։

Թվարկված երեք դիվանագիտական խայտառակ ձախողումներից ոչ մեկին առ այսօր ռեժիմը որևէ բանական և ընդհանրապե՛ս որևէ բացատրություն չի տվել։

Այսպիսով, Ադրբեջանը դիվանագիտական ասպարեզում փաստացի հասել է այնպիսի արդյունքների, որոնք կարող են փոխհատուցել 1990-ականների իր պարտությունները։ Որպես այդպիսին` դրանք արդեն լիակատար հիմք են այս հարթութան վրա իր հասարակությանը հանելու համար պարտվածի բարդույթի վիճակից։ Սակայն, դիվանագիտական հաջողությունները, ինչպես վերևում ասացինք, խնդրի միայն մի մասն են, որ, շատ կարևոր լինելով հանդերձ, կարող են ազդել նրա հասարակության շատ նեղ՝ քաղաքական շերտի վրա։

Ռազմական ասպարեզում

Ի տարբերություն դիվանագիտական ասպարեզի, ռազմական ասպարեզում Ադրբեջանը դեռ չի կարողացել հասնել այնպիսի էֆեկտների, որոնք նրա հասարակությանն ու բանակը կազատեին պարտվածի հոգեբանական բարդույթից։ Ճիշտ է՝ այս առումով որոշակի դեր կարող են խաղալ Հայաստանի համեմատ նրա տնտեսական հզորացումը, ռազմական բյուջեի տպավորիչ թվերը, մեծաքանակ սպառազինության ձեռքբերումը և այլն, բայց դրանք ևս բավարար չեն։

Սահմանային վերջին, շուրջ մեկամսյա միջադեպերը հենց հոգեբանական պատերազմի շրջանակներում էին, որ աննախադեպ լինելով` նպատակ ունեին լրացնելու այդ բացը։ Սահմանային մանր «հաղթանակները»՝ հաջողված դիվերսիաները, անպատասխան կամ անհամարժեք պատասխան ստացած լոկալ գնդակոծումներն ու հրետակոծումները, հակառակորդին պատճառած վնասները մի կողմից` պետք է բարձրացնեն սեփական զինված ուժերի և ժողովրդի ոգին՝ նրան ազատելով պարտվածի բարդույթից, մյուս կողմից՝ ճնշող ու քայքայող ազդեցություն ունենան հակառակորդի վրա։

Ադրբեջանը զինադադարից հետո պարբերաբար դիմել է այս մեթոդին։ Սակայն, միշտ նրա գործողությունների շրջանակները սահմանափակված են եղել երկու արգելակիչ գործոնով։ Այդ արգելքներից մեկը զինադադարի երաշխավոր միջազգային ուժերն են եղել, մյուսը՝ հայկական կողմի համարժեք պատասխանների հանգամանքը։ Պետք է ասել, որ Ալիևը ճիշտ էր հաշվարկել պահը` ավելի ընդարձակ գործողությունների դիմելու համար։ Դրա համար առաջին նպաստավոր հանգամանք է համարվել Սերժ Սարգսյանի աննախանձելի վիճակը երկրի ներսում, ինչպես նաև՝ նրա վերջնական հեղինակազրկումը, ընդհուպ՝ հրապարակային ստորացումները միջազգային ասպարեզում։ Ակնհայտորեն նպաստավոր հանգամանք է համարվել նաև այն, որ զինադադարի երաշխավոր ուժերի, մասնավորաբար՝ Ռուսաստանի «գլուխը խառն» է այլ, շատ ավելի կարևոր գործերով։

Եւ իրոք՝ տևական մի շրջան ադրբեջանական ոտնձգությունները համարժեք պատասխան չէին ստանում հայկական կողմից, նաև չէին «նկատվում» դրսում, և մանր այդ «հաղթանակները», բնականաբար, ոգևորում էին նրան։ Իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային քննադատության ենթարկեց երկրի քաղաքական ղեկավարությանը այն բանի համար, որ, չկարողանալով հասկանալ իրավիճակը ու չպատկերացնելով անելիքը, հրահանգել էր բանակին հնարավորինս զուսպ մնալ, դրանով իսկ ոգևորելով Ադրբեջանին։ «Անակնկալ» այս ելույթից անմիջապես հետո բանակը սկսեց կատարել իր բնական պարտականությունները, և ամեն ինչ հաջորդ օրերին շուռ եկավ, շտկվեց։

 Անշուշտ, ինչ-որ պահի (գուցե և նույն ժամկետում) տեղի կունենար Ռուսաստանի միջամտությունը՝ թույլ չտալու համար սահմանային ընդհարումների վերաճումը պատերազմի։ Սակայն, ակնհայտ է, որ մինչ այդ Ադրբեջանը շատ կարևոր մեկ-երկու տասնյակ «հաղթանակներ» արձանագրած կլիներ՝ իր ժողովրդին ու բանակը պարտվածի բարդույթից հանելու համար։ Ակնհայտ է, որ այդ դեպքում մեր կորուստները կլինեին շատ ավելին։ Ակնհայտ է, որ այդ դեպքում Հայաստանում չէր հառնի ոգևորության ու պատրաստակամության այն մթնոլորտը, որ ստեղծվեց հայկական կողմի համարժեք պատասխաններից հետո, այլ տեղի կունենար հակառակը։ Եվ նույնքան ակնհայտ է, որ այդ դեպքում Ս. Սարգսյանը «Սոչի» կգնար բոլորովին այլ տրամադրությամբ ու կարգավիճակով։

2+1 հետևություն

1. Ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խնդիրը դիվանագիտական հարթության վրա, ըստ էության, տանուլ է տրված։ Ս. Սարգսյանը, ի պաշտոնե որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, օբյեկտիվորեն չի կարողանում կողմնորոշվել ամենապարզ խնդիրներում։ Անկախ այն բանից՝ այս ամենը քաղաքական մանկամտության ու գավառամտության արդյունք է, թե հանուն իշխանության պահպանման՝ ազգային շահերի վաճառքի դավաճանական ակտ, երկու դեպքում էլ օր առաջ պետք է ազատվել նրանից։

2. Սերժ Սարգսյանը, ի պաշտոնե, որպես գերագույն գլխավոր հրամանատար, չի կարողանում կողմնորոշվել ռազմաքաղաքական ամենապարզ իրավիճակներում, ինչի հետևանքով, ամեն ինչից զատ, լինում են նաև մարդկային զոհեր և, ինչը, ընդհանրապես, մեծացնում է պատերազմի հավանականությունը։ Անկախ այն բանից, դա քաղաքական անկարողության հետևանք է, թե իշխանությունը կորցնելու վախի հետևանք, երկու դեպքում էլ պետք է օր առաջ ազատվել այդ փորձանքից։

3. Այս երկու փաստերը Ս.Սարգսյանից անվերապահորեն ազատվելու քաղաքական օրակարգը դարձնում են կենսականորեն առաջնահերթ՝ աշնանը սպասվող հանրահավաքներում։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Ջեքի Չանի որդուն ձերբակալել են թմրանյութերի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Միսուրի նահանգում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների արդյունքում լրագրողներ են տուժել’