‘Խմբագրական. Սերժը՝ տրամաբանության դեմ խփած լավագույն գոլի հայկական վան Պերսի ‘

2946

Սերժ Սարգսյանը կարծես փորձում է «բլթոցների» գծով նոր ռեկորդ սահմանել եւ անցնել իր՝ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ ամենօրյա ռեժիմով սահմանած նախկին ռեկորդը: Արդեն որերորդ օրն է, Սարգսյանը քարը քարի վրա չի թողնում տրամաբանության խորխորատներում, զինաթափ է անում ցանկացած բանական միտք, եւ կարծես չի պատրաստվում նահանջել, նա կարծես պատրաստ է մինչեւ վերջ «կռիվ տալ»՝ «Տրամաբանության դեմ՝ լավագույն գրոհ» անվանակարգում բացարձակ չեմպիոնություն ապահովելու համար: Այնպես չէ, որ այդ հարցում Սերժ Սարգսյանը միակ չեմպիոնն է. նա այդ անվանակարգում շատ ուժեղ մրցակիցներ ունի՝ ի դեմս, ասենք՝ Գալուստ Սահակյանի, Էդվարդ Նալբանդյանի, մի քանի տասնյակ ՀՀԿ-ական դեպուտատների, նախարարների, փոխնախարարների, հայաստանյան վերլուծագանգական մտքի տիտանների մի ամբողջ ծաղկեփնջի եւ այլն: Բայց դա չի խանգարում Սարգսյանին տրամաբանության դեմ լավ գրոհներ կազմակերպել, ընդ որում՝ շատ ավելի լավ գրոհներ, քան նույնիսկ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերում արդեն իսկ աչքի ընկած հոլանդացիները եւ, մասնավորապես, թռչող հոլանդացի հռչակված վան Պերսին: Այո, ճիշտ այնպես, ինչպես վան Պերսին, Սարգսյանն էլ աներեւակայելի հնարքներ է կատարում՝ տրամաբանությանը դեմ առ դեմ դուրս գալու ժամանակ: Մեկ՝ հարվածում է գլխով, մեկ՝ օդում հնարքներ է անում, մեկ՝ մկրատ, մեկ ամբողջ դաշտով մեկ է կարողանում հարված հասցնել: Մի խոսքով, ոչ մի տարբերակով «փուստ» չի տալիս: Մեկ՝ աներեւակայելի ռեւերանսներ է անում Գյուլի հասցեին (ասում է՝ նա խոհեմ ու իր ազգի մասին մտածող գործիչ է, բա մի հարցնող լինի՝ քեզ ի՞նչն է խանգարում լինել այնպիսին, ինչպիսին քո սիրելի Գյուլն է), մեկ՝ Թուրքիայի ապագա նախագահին հրավիրում է Հայաստան՝ ուշադրություն, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, որ գա Հայաստան ու ինքն իր համար պարզի, որ իրապես իրենք ժամանակին Ցեղասպանություն են իրականացրել հայերիս հանդեպ, մեկ՝ Նազարբաեւի մոտ նստած՝ ոչինչ չի ասում, երբ վերջինս կարդում է Ալիեւի նամակը, մեկ էլ գալիս է Հայաստան, թե բա՝ ինչ մի զարմանալու բան կար, տհաճ էր, բայց, ճիշտ է՝ Ղարաբաղն ի՞նչ կապ ունի էս ամենի հետ: Բայց անցնում է մի քանի օր, ու նո՛ր հարված տրամաբանության դարպասներին՝ ասում է՝ մեկ օր առաջ հայաստանյան պատվիրակության տասը անդամներ տեղյակ էին այդ նամակի մասին, դե Ղարաբաղն էլ՝ մինչեւ հիմա ինչպես մյուս կառույցներին անդամակացել ենք, հիմա էլ՝ այդպես ենք անդամակցելու: Մեկ հայտարարում է, թե Հայաստանը Մաքսային միությանը չի անդամակցելու, քանի որ մեզ այնտեղ չեն սպասում, մեկ էլ՝ 11 մետրանոց անշեղ հարված՝ ասում է, թե Մաքսային միության անդամները կողմ են մեր անդամակցությանը: Մեկ էլ՝ դեռ այդ գլուխգործոց հարցազրույցը չմարսած, վեր է կենում գնում  Վրաստան ու Վրաստանի նախագահին ասում է՝ վրացիները հարստացրել են հայկական մշակույթը, և մենք էլ, ՈՐՈՇ ՉԱՓՈՎ, նույնպես ավանդ  ունենք վրացական մշակույթի հարստացման գործում:

Ու էլի կողքին կանգած մեկը չկա, որ ասի՝ այդ «յուրդդ չբլի», էս ինչե՞ր ես խոսում,  հասկացանք՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, բայց էսքան էլ գոլառատ հանդիպում կլինի՞ ընդդեմ տրամաբանության, որ դու ես անցկացնում: Հասկացանք, ուզում ես Գալուստին հաղթած լինես, ու չեմպիոնության գոտին՝ ձեռքից խլած, բայց մի քիչ էլ «ջլաման» տուր, մեղք ենք, թող ապրենք: Բայց՝ չէ՜, էս մարդը դադար չի տալիս, որոշել է մինչեւ վերջ «դաբիվատ» անի բոլորին. քաղաքականը «ծալեց ու մի կողմ դրեց», հետո էլ անցավ ֆուտբոլին: Ընդ որում՝ որքան գնալու պահը մոտենում է՝ այնքան շատ: Իմիջիայլոց՝ գնալու մասին: Եթե այդքան համբերություն ունենաք եւ նայեք Հանրային հեռուստաընկերությանը նրա՝ օրերս տված հարցազրույցը, կտեսնեք, որ այդ ամբողջ հարցազրույցը գնացականի հարցազրույց էր: Ընդ որում՝ շատ ավելի շուտ, քան սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետի ավարտը:

Մի բան էլ: Հարցազրույցի վերջում Սարգսյանը մի շեդեւրալ գոլ էլ խփեց: Վերջում այնպիսի տոնով ասաց՝ «օգտվելով առիթից՝ կցանկանայի մի երկու խոսք ասել…», ասես՝ եթերազուրկ մեկն է խոսում, որ հազիվ ուղիղ եթեր է ընկել, ջանում է ինչ կա, չկա` արագ-արագ ասել, քանի եթերը չեն անջատել:
Հ.Գ. Սարսափում եմ այն մտքից մեկ էլ, որ նա մի օր էլ կինոյից կխոսի: Չասի, թե սովորաբար հայկական ֆիլմեր է դիտում (մի խոպան հող էր մնացել Հայաստանում, դա էլ չմխտռի), բայց ընդհանրապես, երկու համաշխարհային մակարդակի ռեժիսորների ֆիլմերի սիրահար է. Կուստուրիցայի ու Վուդի Ալենի, բայց դա իրեն չի խանգարում հիանալ Ալմոդովարով, Մահմալբաֆոֆ ու ֆոն Տրիերով: Այ այստեղ կպայթեն բոլոր վուվուզելները: Բայց դրան բանը ինչպես երեւում է` չի հասնի: Ֆիզիկապես ուղղակի չի հասցնի այդ հարցազրույցն ունենալ:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի անատոմիական ֆենոմենը.«ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’