‘Խմբագրական. Սերժը` Հյուսիսային Կորեա-Պորտուգալիա եզրափակչի լավագույն ռմբարկու ‘

2317

Ի սկզբանե կեղծված ընտրություններն էին, որից հետո, կեղծված ընտրությունները չտեսնել տալու դիմաց՝ Սերժը Հայաստանը պիտի տաներ Եվրոպա: Դժվար ու տատասկոտ էր Եվրոպայի ճանապարհը, Սերժը Հայաստանը տանում-տանում էր ու այդպես էլ տեղ չէր հասցնում:

Ու տարավ-բերեց այնքան, մինչև պարզվեց` չնայած մեզ Մաքսային միությունում չէին սպասում ((c) Սերժ Սարգսյան), բայց Հայաստանն այնտեղ է գնում: Ու «տարավ-տարավ» Սարգսյանը Հայաստանը դեպի Մաքսային միություն, բայց կարծես` էլի՛ տեղ չենք հասնում: Կամ, ավելի ճիշտ` տեղ չի հասցնում: Փաստորեն, իզուր չէին ասում՝ էս մարդը Հայաստանը Եվրոպա չի կարող տանել: Էս մարդը Հայաստանը Մաքսային էլ չի կարող տանել: Էս մարդը Հայաստանը տո ո՛չ մի տեղ էլ չի կարող տանել:

Ու հիմա նորից տատասկոտ է ճանապարհը, զի չգիտենք` ե՞րբ ենք, ի վերջո, դառնալու Մաքսային միության անդամ: Չգիտենք անգամ այն դեպքում, երբ  իշխանություններն ամեն օր մի ամսաթիվ են ասում: Մեկ ասում են` մայիս, մեկ՝ հունիս, մեկ` հուլիս, բայց արդյունքում չենք մտնում ու չենք մտնում Մաքսային միություն: Լավ է` գոնե Հովիկ Աբրահամյանը կա, մեկ-մեկ «բլթցնում է», մենք էլ իմանում ենք, թե իրականում ինչն ինչոց է:

Ըստ այդմ, ուրեմն, ոչ միայն մենք` բանակցություններին չմասնակցողներս, այլ նաև իրենք`բանակցություններին մասնակցողներն ու բանակցություն վարողները չգիտեն, թե երբ կգա այդ օրը: Չգիտեն, պարզվում է, որովհետև իրենցից բան կախված չէ: Կախված չէ, որովհետև կախված չէ, գործոն չեն, վստահություն չեն վայելում, հավասարը հավասարի պես գործընկերություն չեն կարողանում անել: Երկիրը դարձրել են չուլ` իրենց մնալու խաթեր համար, ու հետևաբար, իրե՛նց հետ էլ (իրենք դեռ` ջհանդամ), երկրի՛ հետ էլ վարվում են հենց այդպես, ու հենց միա՛յն այդպես: Ու այժմ, իսկապես, սրանք անկեղծորեն չեն կարող տալ հարցի պատասխանը, թե Հայաստանն, ի վերջո, ե՞րբ կանդամակցի Մաքսային միությանը:

Սրանք ամեն պատեհ առիթի դեպքում գնում են, թե` «ձաձա ջան, լավ էլի, մտցրեք մեզ Մաքսային միություն»: Ու ամեն անգամ սրանց ասում են` «պադաժձիծե»: Ու ամեն մի նման պատասխանից հետո գեբելսյան քարոզչամեքենան մի նոր ռազմահայրենասիրական ենթադրություն է մեզ հրամցնում. մեկ՝ թե` Մաքսային միության հիմնադիր անդմաներն իսկի մեզ այնտեղ տեսնել չեն ուզում, մենք ո՞ւր գնանք, ի՞նչ գործ ունենք այնտեղ, մեկ՝ թե՝ նրանք գլուխները կորցրել են մեզ այնտեղ տեսնելու ցանկությունից, մեկ՝ թե` մերոնք տղավարի բոլոր հարցերը դրել են սեղանին, ամեն ինչ համաձայնեցվել է, մի երկու մանր-մունր հարցիկներ են մնացել, դրանք էլ հեսա-հեսա կլուծվեն, ու մենք էլ զուռնա-դհոլով, փողերի ու շեփորների նվագակցության ներքո կմտնենք Մաքսային միություն: Մի խոսքով, սրանք Մաքսային միություն Հայաստանի մուտքը լուսաբանում են իսկը Հյուսիսային Կորեայի պետական ու միակ հեռուստաալիքի պես, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի հավաքականը դուրս է եկել ԱԱ 2014-ի եզրափակիչ:

Հիմա՝ մեր իշխանություններն են: Նրանք նույնիսկ միջազգային քաղաքականության «առաջնության» ուղեգիր նվաճելու հնարավորություն չեն ունեցել (հասկանալի պատճառներով), իրադարձություններին հետևում են հեռուստացույցով կամ, լավագույն դեպքում` տրիբունաներից, բայց իսկը Հյուսիսային Կորեայի իշխանությունների պես իրենց արդեն նվազագույնը փոխչեմպիոն են հռչակել: Ու հետո ի՞նչ, թե այդ ընթացքում նրանց հետ նույնիսկ խաղից դուրս հանդիպումներ չեն ցանկանում ունենալ, մեկն ասում է`գլուխս ցավում է, հետո կգաս, մյուսն ասում է` հիմա շատ զբաղված եմ, թող մնա հետո: Բայց բավական է միացնենք հեռուստացույցը, ու մենք կիմանանք, որ բոլորի աչքը ջուր է կտրել Սերժ Սարգսյանին տեսնելու ցանկությունից, ու նա միջազգային ասպարեզում գրեթե չեմպիոն է հռչակվել: (Ինքն էր, Մերկելն էր, Պուտինն էր, հա ու մեկ էլ` Օբաման: Մի երկու «մանր-մունր» նախագահներ էլ կային, որոնց աչքը ջուր էր կտրել, բայց դրանց անուններն իսկի չեն էլ հիշում):

Ու էլի լավ է` Աբրահամյան Հովիկը մեկ-մեկ ճշմարտություն է թռցնում խոսքի արանքում` իրենից անկախ: Անկեղծորեն «բլթցնում է» իրականությունը պահի տակ, ասում է` մենք ամեն ինչ արել ենք, բոլոր պարտավորությունները կատարել ենք, պիտի վերջնաժամկետը որոշվեր Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ, բայց հանդիպումը չկայացավ, ու մենք այդպես էլ դեռ չիմացանք` ինչու է ձգձգվում գործընթացը, ասում է` հիմա ոչինչ չգիտենք, բայց այ որ գնամ Մեդվեդևի հետ հանդիպեմ, ամեն ինչ պարզ կդառնա:

Չէ, մեկը-մեկին. սրանք իսկը ոնց որ Հյուսիսային Կորեայի հավաքականը լինեն, սրանց քարոզչամեքենան էլ` Հյուսիսային Կորեայի միակ հեռուստաալիքը:

Սրանք իսկի ֆուտբոլ խաղալ չգիտեն, էլ ուր մնաց լուրջ խաղերի մասնակցեն, բայց դա նրանց չի հետաքրքրում, կարևորը, որ պետական քարոզչամեքենան իրենց ամեն անգամ չեմպիոն հռչակի: Իսկ թե ի՞նչ եղավ Մաքսային միության անդամակցությունը, էլի չիմացանք: Չնայած՝ սրանց ոտը խերով չի: Ուր գնում են` «խիարը թարս է բուսնում»: Հաստատ՝ մի բան էլ այստեղ են «բորշել-մխտռել»:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը՝ հուլիսի 17-ին’
Հաջորդ հոդվածը‘Նախարարության պատասխանը՝ Նեմեցին. «Առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում է այլոց աշխատանքը»’