‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանը «թրաշված» չէ’

5116

Այս պահին Գյումրիում հողին են հանձնում վեց անմեղ զոհերի մարմինները, եւ Սերժիկ Սարգսյանը չի մասնակցում հուղարկավորությանը…

Հո հարսանիք չի, որ մասնակցի: Ինքը հարսանիք է սիրում, թաղում չի սիրում: Հարսանիքներում իրեն քծնում են, փորսող են տալիս իր ոտքերի տակ, հարսանիքներում լի սեղաններ կան, Դարչոյի պար կա, իրեն հոգեհարազատ հանցագործ միջավայր կա:

Գյումրիի ողբերգությանը եթե մասնակցեր` արցունքների ծով էր տեսնելու, կսկիծից կծկված, զայրույթից կապտած, վիրավորանքից ծառս լինելու պատրաստ հասարակություն էր տեսնելու, այդ հասարակության ատելությունն ու արհամարհանքն էր զգալու իր նկատմամբ:

Այս ծանրագույն օրերին, երբ Հայաստանի քաղաքացիները վիրավոր գազանի պես պատեպատ էին զարկվում, Սերժիկ Սարգսյանը լուռ էր ու մինչեւ հիմա լուռ է. երեւի «թրաշված» չէ:

Օտարին հայհոյող եւ իրենց զայրույթը սրա-նրա վրա պարպող մեր հայրենակիցները ե՞րբ են ուշքի գալու: Ե՞րբ են վերջապես գիտակցելու, որ Հայաստանում կատարվող բոլոր մեծ ու փոքր արհավիրքների մեղավորը նստած է Բաղրամյան 26-ում, եւ քանի դեռ նա՛ է այնտեղ նստած, ե՛ւ օտարն է արհամարհանքով վերաբերվելու Հայաստանին, ե՛ւ Սերժիկ Սարգսյանի ավազակախումբն է ամեն օր ու ամեն ժամ ոտնատակ տալու մեր արժանապատվությունը:

Է՞լ ինչ պետք է անի Սերժիկ Սարգսյանը, որ Հայաստանի քաղաքացիները հասկանան, որ Հայաստանի իշխանությունն ուղղակիորեն թքած ունի ե՛ւ կատարված հրեշավոր ոճրագործության զոհերի, ե՛ւ նրանց հարազատների, ե՛ւ Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա, ու վասալի հոգեբանությամբ ապրող այս խմբակի միակ մտահոգությունն այն է, որ հանկարծ չզայրացնեն իրենցից ավելի հզորներին, քանի որ իրենց իշխանության պահպանումը նրա՛նց բարեհաճությամբ են պայմանավորում, ոչ թե Հայաստանի քաղաքացիների:

Օտարների կեցվածքն ու խոսքը ջանասիրաբար «վերծանող» Հայաստանի քաղաքացիներին է՞լ ինչ մատուցեն Սերժիկ Սարգսյանն ու իր հանցախումբը, որ վերջապես հասկանանք` բա՛ն չէր փոխվել սրանց կյանքում` Գյումրիի ողբերգությունից հետո. իրենց արատավոր կյանքը շարունակում էր ընթանալ «բնականոն» հունով. «օբեկտները» լեփ-լեցուն էին հղփացածներով, նույնիսկ «ուտուշ-խմուշների» մշտական ուղեկից հրավառություններ եղան մայրաքաղաքում, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգը չկայացավ հասարակության ճնշման պատճառով միայն, Երեւանի քաղաքապետ կոչեցյալը հանգիստ խղճով տոնական ընդունելություն կազմակերպեց, հեռուստաընկերությունները շարունակում էին իրենց «տաշի-տուշի» հաղորդումները, իսկ հանրապետականներից ո՛ր մեկի դնչին խոսափող էին մոտեցնում, միայն բարբաջում էին «հարցը չքաղաքականացնելու» կարեւորության մասին:

Այսքանից հետո դեռ զարմացողնե՞ր կան, որ Հայաստանում սուգ չհայտարարվեց այս ահասարսուռ ողբերգությունից հետո:

Արհավիրքը մեր քթի տակ է, իսկ մենք հեռուներում որոնելով` անիմաստ պարպում ենք մեր ուժն ու կամքը եւ ակամա սնում Բաղրամյան 26-ը զավթողին:

Խաղաղություն անմեղ զոհերի լույս հոգիներին…

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Չինարի գյուղի գնդակոծության հետևանքով վնասվել է չորս տուն’
Հաջորդ հոդվածը‘Մարտին Շուլցը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանի նամակին’