‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի ինքնազգացողությունը դեռ «դիմադրում է»’

7244

Ըստ օրաթերթերից մեկի` երբ Սերժիկ Սարգսյանին տեղեկացրել են, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի, նրա համախոհների  եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել, ու պայթյուններ են հնչել` Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է: Սրան հետեւել է վերջինիս մամուլի խոսնակի ոչ պաշտոնական հոխորտանքը «Twitter»-ի իր միկրոբլոգում. «…հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երեւակայության արգասիք»:

Այս հոխորտանքը երկնելիս, անկասկած, պարոն Արման Սաղաթելյանը վստահ է եղել, որ ինքը մեծ գործ է անում հանուն իր շեֆի սասանված արժանապատվության փրկության` հայտարարելով, որ նրա ինքնազգացողությունն ամենեւին էլ չէր վատացել, ինչի՞ պետք է վատանար որ…

Շատերն են վստահ, որ Սաղաթելյանը ճիշտ է ասում. դժվար է պատկերացնել, որ Մարտի 1-ի տասը զոհերի վրայով ՀՀ նախագահի աթոռը հանգիստ խղճով զավթած, Հայաստանը թշվառության, բեսպրեդելի, թալանի, ամայացման ու իզգոյի վերածած ու ինքնազգացողությունից չբողոքած Սերժիկ Սարգսյանը կարող էր վատանալ երկու տասնյակ տղամարդկանց ձեռնարկած երթից: Հապա ինչի՞ համար են համազգեստավոր «բուդկաներն» ու «շկաֆները»` աստվածավախ Վովա Գասպարյանի գլխավորությամբ: Կամ` եթե շատ նեղն ընկնի, Հայոց բանակը հո մեռած չի՞, տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է` Մարտի մեկը վկա:

Ի վերջո, եթե Հայաստանի բոլոր քաղաքացիները գիտեն, որ իր աթոռին վտանգի սպառնալիքի դեպքում այս պարոնի համար բոլոր օրերը մարտիմեկեր են, ապա ինքը գիտի ու գիտի:

Միայն մի բան չգիտի Սերժիկ Սարգսյանը (կամ` ձեւացնում է, որ չգիտի)` մի օր իր ինքնազգացողությունն, իրոք, վատանալու է, եւ ո՛չ մի սաղաթելյանական հոխորտանք, ո՛չ մի վովագասպարյանական «տղամարդկային աքացի»` շղթայված ազատասերների նկատմամբ՝ չի փրկելու իրեն: Որովհետեւ ինքը ո՛չ առաջինն է այս հողագնդի վրա, որ հասարակությունից խլել է ընտրելու եւ ապրելու իրավունքը ու դրա համար պատասխան է տվել այդ նույն հասարակությանը, ո՛չ էլ վերջինն է լինելու: Եվ պատասխան տալու օրը հեռու չէ, որովհետեւ Սերժիկ Սարգսյանը մսխել է իր բոլոր հենարանները` ներքին ու արտաքին, եւ նրա ներկա վիճակը համազոր է առանց թիակների նավակում հայտնվածի վիճակին, որին օվկիանոսի ալիքները տաշեղի պես «խաղացնում են» այնքան` ինչքան կդիմանա:

Թե՞ գիտի: Հակառակ դեպքում` ինչո՞ւ էր Արման Սաղաթելյանի արձագանքն այդքան ջղաձիգ ու տղայական:

Զգո՞ւմ են սրանք, որ նավակը շուտով խորտակվելու է, եւ հուսահատությունից անճոռնի ու անհեթեթ շարժումնե՞ր են անում:

Երկու դեպքում էլ` Սերժիկ Սարգսյանի եւ նրա աճեցրած մոլախոտերի ճամպրուկները դասավորելու ժամանակն է:

Եթե հասցնեն:

 

Նախորդ հոդվածը‘«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը կոչ է անում օգնել նստացույց հայտարարած ընտանիքին’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է. Որպես խմբակցության քարտուղար` կարող եմ զրուցել ՎՊ նախագահի հետ’